Աշգաբադում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահները։ Իլհամ Ալիևն ու Էբրահիմ Ռայիսին Թուրքմենստանի մայրաքաղաքում մասնակցում են Կասպյան երկրների 6-րդ գագաթնաժողովին։
«Մեր նախորդ հանդիպումից հետո մեր հարաբերություններին տրվել է հրաշալի իմպուլս, և մեր հարաբերությունները սկսել են զարգանալ ավելի արագացված տեմպերով»,- իրանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նշել է, որ առաջընթաց կա, մասնավորապես տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում։ Իրանի նախագահն, իր հերթին, շեշտել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների ներուժն ավելին է, քան օգտագործվում է։
«Մենք լրիվությամբ չենք օգտագործել մեր հարաբարությունների ներուժը: Կարծում եմ, որ երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունները, առևտրամշակութային կապերը կարող են էլ ավելի զարգանալ»,- ընդգծել է նախագահ Ռայիսին։
Սահմանակից Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ սրվել էին ղարաբաղյան պատերազմի ընթացքում։ Թեհրանը Բաքվին մեղադրում էր իր սահմաններին «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ տեղակայելու համար։ Բարձր մակարդակով տևական բանակցություններից հետո երկու երկրները որոշել են անցյալում թողնել լարվածությունը: