Մատչելիության հղումներ

Լիսիչանսկի ուղղությամբ ռուսական հարձակումը շարունակվում է, շրջապատման վտանգն իրական է


Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները էլ ավելի են մոտեցել Լիսիչանսկին՝ գրավելով քաղաքից հարավ գտնվող ևս երկու բնակավայր։ Այսօր առավոտյան այդ մասին հայտարարեց Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը։

«Հակառակորդը գրավել է Լոսկուտովկա և Ռայ-Ալեքսանդրովկա բնակավայրերը, շարունակում է նախապատրաստվել Սևերսկի Դոնեց գետը հատելուն։ Բախմուտի ուղղությամբ զավթիչները գրոհում են Զոլոտոյե և Վոլչոյարովկա բնակավայրերի ուղղությամբ, փորձում են վերահսկողություն հաստատել Բերեստովոյե գյուղի մոտ գտնվող իշխող բարձունքների նկատմամբ։ Նպատակը Բախմուտ-Լիսիչանսկ ավտոճանապարհը վերահսկելն է», - հայտարարում էր ուկրաինական Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչը։

Հարկ է նկատել, որ վերը հիշատակված բոլոր բնակավայրերը գտնվում են Լիսիչանսկ և Սևերոդոնեցկ քաղաքների տարածքում կռվող ուկրաինական ստորաբաժանումների թիկունքում։ Այսպես, քաղաքատիպ այն ավանները, որ վերջին ժամերին ռուսների վերահսկողության տակ են հայտնվել, Լիսիչանսկի կենտրոնից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա են։ Ռուսական բանակի գրոհի ենթարկվող Բերեստովոյեն ընդհանրապես գտնվում է Լիսիչանսկ- Բախմուտ ճանապարհի վրա։ Դա տրանսպորտային միակ ուղին է, որ ուկրաինական բանակի Սևերոդոնեցկի խմբավորումը կապում է արտաքին աշխարհի հետ։

Ուկրաինական նահանջի մասին տեղեկությունները հաստատում են նաև ամերիկացի փորձագետները

Ուկրաինական նահանջի մասին տեղեկությունները հաստատում են նաև Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի փորձագետները՝ կանխատեսելով, որ ռուսական բանակը Լիսիչանսկի բնակելի թաղամասերին կմոտենա արդեն առաջիկա օրերին։ «Չնայած այս առաջխաղացմանը քիչ հավանական է, որ ռուսական զորքերին հաջողվի արագորեն գրավել Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի շրջանները», - նշում են ամերիկացի ռազմական փորձագետները։

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության ամենօրյա ամփոփագրի համաձայն էլ Լիսիչանկսից հարավ գտնվող որոշ շրջաններից ուկրաինական ստորաբաժանումնեը սեփական նախաձեռնությամբ են նահանջել՝ շրջապատումից խուսափելու համար։ Բրիտանացի հետախույզները նաև նշում են, որ Դոնեցկի մարզում գտնվող ուկրաինական ուժերը շրջապատելուն ուղղված ռուսների գործողությունները առայժմ դոփում են տեղում։

Նախօրեին հակասական տեղեկություններ սկսեցին ստացվել Ուկրաինայի հարավային շրջաններիցն՝ Խերսոնի և Նիկոլաևի մարզերի սահմանագծից։ Երեկոյան կողմ սոցցանցերում ակտիվ լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն ուկրաինական բանակը հարձակման է անցել Խերսոնի ուղղությամբ, անգամ ճեղքել է ռուսական զորքերի պաշտպանությունը՝ գրավելով մարզկենտրոնի թաղմասերից մեկը։

Այս լուրերին որոշակի հավաստիություն էր հաղորդում այն հանգամանքը, որ տարածողների թվում էին նաև մի շարք նախկին և գործող ուկրաինացի պատգամավորներ։ Առավոտյան կողմ, սակայն, Խերսոնի մասնակի վերագրավման մասին լուրերը ստիպված էր հերքել Ուկրաինայի Պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը՝ դրանք տարածողներին համեմատելով «փոքր երեխաների» հետ։

Ուկրաինայի Գլխավոր շտաբի այսօրվա հաղորդագրության մեջ սոցցանցերում հիշատակվող հարձակման մասին ևս որևէ խոսք չկար։ Ուկրաինական հրամանատարությունը միայն նշում էր, որ ռուսական զորքերը զբաղված են այս ուղղությամբ գտնվող դիրքերի ինժեներական կահավորմամբ՝ «Ուկրաինայի հակահարձակումը թույլ չտալու նպատակով»։

Ռուսական կողմի համար առաջնահերթ է դառնում ՀՕՊ համակարգի արդյունավետության բարձրացումը

Պաշտոնական Մոսկվան այսօր ևս անդրադարձավ Նիկոլաևի ուղղությամբ ընթացող ռազմական գործողություններին՝ հաղորդելով, սակայն, ոչ թե ուկրաինական հակահարձակման այլ նոր հրթիռակոծությունների մասին։

«Հունիսի 22-ին Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը՝ բարձր ճշգրտության զենքով Նիկոլաևի մերձակայքում ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի համար նախատեսված վառելիքի 49 ռեզերվուար։ Բացի այդ ոչնչացվել է ռեակտիվ հրթիռային համակարգերի շուրջ հիսուն միավոր՝այդ թվում օտարերկրյա արտադրության», - այսօր հայտարարում էր Ռուսաստանի ՊՆ խոսնակ գեներալ Իգոր Կոնաշենկովը։

Իգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով

Մոսկվայից ստացվող լուրերից դատելով՝ այս պահին ռուսական կողմի համար առաջնահերթ է դառնում ՀՕՊ համակարգի արդյունավետության բարձրացումը։

Այսօր Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հենց այդ հարցն է քննարկել իր բելառուս գործընկերոջ հետ։ «Տարածաշրջանային խմբավորման ու ռուս-բելառուսական միութենական պետության միասնական ՀՕՊ համակարգի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված շտապ քայլերի անհրաժեշտություն կա», - հայտարարում էր Ռուսաստանի Պաշտպանության նախարարը։

Շոյգուի հայտարարությունը հնչեց Ռոստովի մարզում տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց։ Նախօրեին երկու անօդաչու սարքեր հարվածներ էին հասցրել ռազմաճակատի գծից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նովոշախտինսկ քաղաքի նավթամշակման գործարանին։

XS
SM
MD
LG