Մոսկվան պահանջում է հավատալ միայն պաշտոնական ինֆորմացիային
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի 104-րդ օրը պայմանավորվել է ուշագրավ երեք հանգամանքով՝ ռուսական կողմը հրապարակավ հայտնել է գեներալ-լեյտենանտ Ռոման Կուտուզովի զոհվելու մասին:
Այդ կապակցությամբ իր Տելեգրամ-ալիքում ցավակցական ուղերձ է տեղադրել Դոնեցկի ինքնահռչակ կազմավորման ղեկավար Դենիս Պուշիլինը:
«Քանի դեռ մեր գեներալներն ու զինվորները՝ ուս ուսի տված են կռվում, մեր երկիրն ու ժողովուրդն անպարետելի են»,- գրել է Պուշիլինը:
Կարևոր մյուս հաղորդագրությունը ստացվել է Կալինինգրադի մարզից, որտեղ Սվետլոգորսկի քաղաքային դատարանը ոչ հրապարակելի է համարել Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների ցուցակի տեղադրումը 60.RU կայքում:
Դատարանն այդ որոշման համար հիմք է ընդունել Բալթյան նավատորմի զինվորական դատախազի հայցը և սահմանել է, որ «պատերազմի ժամանակ, ինչպես նաև խաղաղ ժամանակ իրականացվող հատուկ օպերացիաների ընթացքում մարդուժի կորուստների մասին վիճակագրությունը համարվում է պետական գաղտնիք, որի հրապարակումը քրեական պատասխանատվություն է ենթադրում»:
Այդ նախադեպից հետո Ռուսաստանի տարածքում կառավարվող կայքերը՝ դատական քաշքշուկներից խուսափելու համար, սկսել են էջերից հեռացնել զոհվածների, գերիների կամ վիրավորների ցուցակները:
Առավոտյան դեռ գեներալ-մայոր, կեսօրից՝ գեներալ-լեյտենանտ
Մարդիկ, ըստ իշխանության, Ռուսաստանում պետք է հավատան միայն պաշտոնական տեղեկատվությանը, որը պարբերաբար ներկայացնում է պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Այսօր նա զեկուցել է 65 թիրախների հարվածներ հասցնելու և ավելի քան 170 «նացիոնալիստների» ոչնչացնելու մասին:
Հետաքրքիր երրորդ լուրը կապված է հենց այդ խոսնակի հետ: Առավոտյան նա դեռ գեներալ-մայոր էր, զեկուցեց և ստացավ լավ լուր՝ հետայսու նա գեներալ-լեյտենանտ է: Համապատասխան հրամանագիրը նախագահ Վլադիմիր Պուտինն է արձակել:
Դե իսկ ռազմաճակատից ստացվող տեղեկությունները վկայում են Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի համար կատաղի մարտերի մասին: Նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշեր իր տեսաուղերձում նշել է, որ իրավիճակը ծանր է, թշնամին ունի թվային առավելություն և ավելի շատ զենք:
Ռուսները «մեռյալ քաղաքներ» են դարձրել Սևերոդոնեցկը և Լիսիչանսկը
«Բայց, կարծում եմ, չնայած դրան, մենք այդ ուղղությամբ կարող ենք կռվել»,- ասել է Զելենսկին:
Նրա փոխանցմամբ, մարտեր են ամեն փողոցի և ամեն տան համար, թշնամին անխնա հրետակոծում է Սևերոդոնեցկը և Լիսիչանսկը:
Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Հայդայի փոխանցմամբ, այսօր ռուսները Լիսիչանսկում հարվածել են շուկային և դպրոցի շենքին:
«Մեր տեղեկություններով այնտեղ մնացել է բնակիչների 10-ից 15 տոկոսը, բայց արտաքուստ թվում է, թե մարդ չկա, ռուսները Սևերոնոդեցկը և Լիսիչանսկը դարձրել են մեռյալ քաղաքներ»,- ասել է Զելենսկին:
Երկու քաղաքները կարևոր են թե՛ ուկրաինացիների և թե՛ ռուսների համար, քանի հսկողությունը դրանց նկատմամբ ընձեռում է ամբողջ Դոնբասը հսկողության տակ առնելու հնարավորություն: Ռուսները հզորացնում են ճնշումը և մտադիր են գրավել Սվյատոհորսկ ավանը:
Արյունալի վիճակագրություն
Մոսկվան հավատացնում է, որ փետրվարի 24-ից իրականացվող հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում ռուսական բանակն ամեն բան անում է խաղաղ բնակչության կյանքը խնայելու համար: Բայց զոհեր կան:
ՄԱԿ-ը, որը միայն վերջնականապես հաստատված տվյալներ է հրապարակում, հայտնել է, որ հունիսի 4-ի դրությամբ Ուկրաինայում 4183 խաղաղ բնակիչ է սպանվել: Կիևի տվյալներով, սպանվել է մոտ 22 հազար խաղաղ բնակիչ:
Հստակ չեն նաև գերիների ու զոհված զինծառայողների թվերը: Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր իր գերատեսչության կազմած տվյալներն է հրապարակել:
«Անցած հինգ օրերին 1236 ուկրաինացի է հանձնվել, ուկրաինացի գերիների ընդհանուր թիվը 6489 է»,- ասել է Սերգեյ Շոյգուն:
Ուկրաինացիները պնդում են, որ այս պատերազմում սպանվել է մոտ 30 հազար ռուսաստանցի, ռուսները պնդում են, որ սպանվել է մոտ 24 հազար ուկրաինացի: Վերջին անգամ ռուսները մարտի 25-ին են խոսել կորուստների մասին, ասելով, որ Ուկրաինայում սպանվել է 1351 զինծառայող, այդ օրվանից անցել է մոտ երկու և կես ամիս:
Երկու կողմերի տվյալներն էլ հնարավոր չէ արժանահավատ համարել: Բրիտանացիների հաշվարկով, ռուսները կորցրել են շուրջ 15 հազար մարդ, դա մոտավորապես հավասար է Աֆղանստանի դեմ 9 տարի տևած պատերազմում սովետական բանակի կորուստների թվին: