Մատչելիության հղումներ

The Guardian. Ուկրաինայում զոհվել է մոտ 20 հազար ռուսաստանցի զինծառայող


Ուկրաինայի բանակի կիրառում է Ֆրանսիայից ստացած Caesar տեսակի հաուբիցներ, հունիս, 2022թ.
Ուկրաինայի բանակի կիրառում է Ֆրանսիայից ստացած Caesar տեսակի հաուբիցներ, հունիս, 2022թ.

Ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի զինված ուժերը կորցրել են մոտ 20 հազար զինծառայող: Այդ մասին հաղորդում է The Guardian բրիտանական օրաթերթը՝ վկայակոչելով մի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի:

Մայիսի երկրորդ կեսի դրությամբ, ըստ բրիտանական հետախուզական աղբյուրների, ռուսներն Ուկրաինայում մոտ 15 հազար զինծառայող են կորցրել, ինչը հավասար է Աֆղանստանի դեմ 9 տարի տևած ամբողջ պատերազմի ընթացքում խորհրդային բանակի կրած կորուստների թվին:

Բրիտանական պարբերականը գրում է, թե մարդուժի և տեխնիկայի առավել ծանր կորուստներ ռուսները կրում են Լուգանսկի շրջանի արևմտյան հատվածում՝ Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի համար մարտերում, որտեղ նրանք որոշակի նվաճումներ են ապահովել և կարողացել են առաջ շարժվել:

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պնդմամբ էլ՝ ռուսական կողմն ավելի քան 31 հազար մարդ է կորցրել:

Վերջին անգամ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 25-ին հայտնել է, որ Ուկրաինայում սպանվել է 1351 ռուսաստանցի զինծառայող:

Ուկրաինական կողմն իր կորուստների մասին չի հաղորդում: Ռուսները պնդում են, որ Ուկրաինայի կորուստներն անգամներով են գերազանցում Ռուսաստանինը:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի փոխանցմամբ՝ «ամեն օր զոհվում է մոտ 100 և վնասվածք է ստանում մոտ 500 ուկրաինացի զինծառայող»:

Արևմտյան աղբյուրները նշում են, որ շարունակվող պատերազմի ընթացքում զոհվածների, վիրավորների և գերիների մասին Մոսկվայի և Կիևի հայտնած տվյալները չի կարելի արժանահավատ համարել:

XS
SM
MD
LG