Մատչելիության հղումներ

Ռուսաստանը առաջին անգամ թվեր է հրապարակել Ուկրաինայում իրենց դեմ կռվող օտարերկրացիների մասին


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առաջին անգամ քանակական տվյալներ է հրապարակել Ուկրաինայում իրենց դեմ կռվող օտարերկրացիների մասին։

Կոնաշենկովը հավանաբար ռուսական ռազմական հետախուզության տվյալներ է հրապարակել, ասելով, թե ըստ իրենց մոտ առկա ցուցակների՝ Եվրոպական երկրներից ամենաշատ վարձկանները Ուկրաինա են ժամանել Լեհաստանից։

«Հատուկ գործողության սկզբից ի վեր Լեհաստանից 1831 մարդ է եկել, նրանցից 378-ը արդեն ոչնչացվել են, 272 վարձկան վերադարձել է տուն։ Լեհաստանին հաջորդում է Ռումինիան, որտեղից 504 մարդ է եկել Ուկրաինա, 102-ը զոհվել են, 98-ը՝ հետ գնացել։ Մեծ Բրիտանիան երրորդն է՝ 422-ը ժամանել են, 101-ը՝ զոհվել, 95-ը՝ հեռացել»։

Ամերիկյան մայրցամաքի մասին Կոնաշենկովն ասել է, որ առաջատարը Կանադան է, այնտեղից 601 կռվող է եկել Ուկրաինա, 162-ը զոհվել են, 169-ը՝ հեռացել։ ԱՄՆ-ն երկրորդն է՝ 530-ն են եկել, 214 զոհվել են, 227-ը՝ հեռացել։

«Մերձավոր Արևելքից, Անդրկովկասից, Ասիայից ամենաշատ կռվողներ Ուկրաինա են մեկնել Վրաստանից՝ 355 վարձկան, որոնցից 120 ոչնչացվել են, 90-ը՝ հեռացել Ուկրաինայից»,- ասել է Կոնաշենկովը և նշել, որ ըստ իրենց մոտ առկա տվյալների, աշխարհի 64 երկրից վարձկաններ ու զենքի տիրապետման մասնագետներ են գնացել Ուկրաինա։

«Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինա է գնացել 6 հազար 956 վարձկան, որոնցից 1956-ը ոչնչացվել են, 1779 հեռացել Ուկրաինայից, մնացել են 3 հազար 221-ը, որոնք դեռ կենդանի են, գերի չեն ընկել, ոչ էլ Ուկրաինայի սահման են հասել (հեռանալու նպատակով)», - ամփոփել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակը։

Ամենօրյա բրիֆինգով հանդես է եկել նաև Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Ալեքսանդր Շպուտունը։ Ներկայացնելով ռազմաճակատի իրավիճակը, նաև խոսել է ուկրաինական կողմի հաջողությունների մասին։

«Հակառակորդը շարունակում է անձնակազմի, սպառազինությունների և տեխնիկայի կորուստներ կրել։ Անցած օրվա ընթացքում Դոնեցկի մարզում ուկրաինական ուժերը Մի-35Մ ուղղաթիռ են խոցել, հաջողություններ են գրանցել Զապորոժիեի մարզում։ Խերսոնի շրջանում հակառակորդը կենդանի ուժի զգալի կորուստներ ունի», - ասել է Շպուտունը։

Նշենք, որ պատերազմական իրավիճակում կողմերի հայտնած տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Ուկրաինական կողմը հաղորդում է ռուսական ևս մեկ նավ հրթիռակոծելու մասին

Ուկրաինական կողմը այսօր հաղորդել է նաև Սև ծովում իրականացրած հաջող հարձակման մասին՝ ռազմա-ծովային ուժերը ռուսական ևս մեկ նավ են հրթիռակոծել։ Ըստ հաղորդագրության, հրթիռակոծվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Վասիլի Բեխ» փրկարարական նավը, որը զենք, զինամթերք ու նավաստիներ էր տեղափոխում Զմեինի կղզի։

«Նույնիսկ նավի վրա գտնվող զենիթա-հրթիռային TOP համակարգը չխանգարեց Ուկրաինայի ռազմա-ծովային ուժերին ապառազմականացնել ռուս զավթիչներին», - նշված է Ուկրաինայի ռազմա-ծովային ուժերի հաղորդագրությունում։

Օդեսայի մարզի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն հաստատել է ռուսական նավը հրթիռակոծելու տեղեկատվությունը։ «Բարևներ տարեք «Մոսկվա» հածանավի անձնակազմին», - Տելեգրամի իր էջում գրել է նա։ Մարչենկոյի ասելով՝ ուկրաինական ուժերը ամերիկյան Harpoon հրթիռներ են կիրառել։

Թվիթերում տեսանյութ է տեղադրված, որտեղ հրթիռը հարվածում է նավին։ Բայց տեսանյութը բավականին աղոտ է, իսկ պատկերը հեռվից է երևում։

Ուկրաինայի ծովային պալատ անկախ կազմակերպության տվյալներով նավը չի սուզվել, փորձ է արվում փրկել այն։

Ըստ ՄԱԿ-ի, Ուկրաինայի արևելքում հումանիտար իրավիճակը «ծայրահեղ տագնապալի» է

Դոնբասի իրավիճակի մասին ՄԱԿ-ն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում հումանիտար իրավիճակը «ծայրահեղ տագնապալի» է և շարունակում է արագորեն վատթարանալ։

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գործակալությունը նշվում է, որ իրավիճակը հատկապես մտահոգիչ է Սևերոդոնեցկում, որտեղ ենթադրաբար հարյուրավոր խաղաղ բնակիչներ մի քանի շաբաթ շարունակվող արյունալի մարտերի պատճառով քաղաքում թակարդի մեջ են մնացել, մի մասը պատսպարվել է քիմիական գործարանի տարածքում։

Չնայած վերջին օրերին ռուսական կողմից հայտարարվում էր մարդասիրական միջանցք բացելու որոշման մասին, սակայն գործնականում նման միջանցք չկա։

Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայն ասել է, որ մարդկանց տարհանելու համար անհրաժեշտ է, որ կրակը ամբողջովին դադարեցվի։ «Այժմ անհնարին է և ֆիզիկապես վտանգավոր է դուրս գալ գործարանի տարածքից՝ մշտական հրետակոծության ու մարտերի տակ։ Այնտեղ 568 մարդ կա, այդ թվում՝ 38 երեխա»,- սոցցանցերում գրել է նա։

Նա պնդել է, որ քաղաքը ամբողջական պաշարված չէ, Սևերոդոնեցկի հետ կապը պահպանվում է։

Հարևան Լիսիչանսկի մասին, նա ասել է, որ ռուսները ռմբակոծել են մշակույթի տունը, որտեղ պատսպարված մարդիկ կային՝ երեքը զոհվել են, յոթը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հրետակոծումից հետո փողոցում հայտնաբերվել է ևս մեկ զոհված մարդու մարմին։

«Նյու Յորք Թայմս»-ը Լիսիչանսկի ծայրամասում գտնվող եղբայրական գերեզմանից լուսանկար է հրապարակել, որտեղ երկար փորված խրամատում հուղարկավորում են զոհվածներին։

Ուկրաինացի զինվորականների ասելով, այնտեղ մոտավորապես 300 խաղաղ բնակիչ է հուղարկավորվել, որ վերջին շաբաթներին զոհվել են Լիսիչանսկում, Սևորոդոնեցկում և Ռուբեժնոեում։

Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ հարևան քաղաքներում մինչ պատերազմը յուրաքանչյուրում 100 հազար մարդ էր ապրում, հիմա, ըստ տեղական իշխանությունների, Սևերոդոնեցկում մնացել է 10 հազար, Լիսիչանսկում՝ 40 հազար բնակիչ։

Ըստ ուկրաինական կողմի, ռուսական ուժերը կրկին հրետակոծում են ուկրաինական բնակավայրեր

Այսօր առավոտյան Ուկրաինայի մարզերից ստացված տեղեկատվության համաձայն, անցած մեկ օրում շատ բնակավայրեր կրկին հրետակոծվել են ռուսական ուժերի կողմից։

Հրետակոծվել են Զապորոժիեի, Սումիի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի մարզերը, Խարկովի հյուսիսային թաղամասերը, Պիսոխին գյուղը, Իզյումի ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Այսօր առավոտյան հրթիռակոծվել է Նիկոլաև քաղաքը, հաղորդվում է մեկ զոհի մասին։

Երեկ երեկոյան Զապորոժիեի մարզի Պոլոգի քաղաքում հրդեհ է բռնկվել քիմիական գործարանում։ Տեղի իշխանությունները վստահեցում են, որ քաղաքին քիմիական արտանետումների վտանգ չի սպառնում, գործարանի պահեստներում բռնկված հրդեհը մարվել է։

Մարտերն ու հրետակոծությունները առավել ինտենսիվ են Դոնեցկի մարզում։ Բրիտանական ռազմական հետախուզության ամենօրյա ամփոփագրում նշված է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ուժերը շարունակել են Սևերոդոնեցկի կաթսան փակելու գործողությունները՝ փորձելով շրջափակել ուկրաինական ուժերին։

Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի քաղաքացիների համար հուլիսի 1-ից վիզային ռեժիմ մտցնել։ Մինչև հիմա երկու երկրների միջև վիզային ռեժիմ չկար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG