Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը մտան Սևերոդոնեցկ


Սևերոդոնեցկում ծանր մարտեր են ընթանում` ըստ ուկրաինացի պաշտոնյայի

Սևերոդոնեցկում մարտերն ընթանում են քաղաքի փողոցներում։ Մայիսի 27-ից սկսած ռուսական զորքերին հաջողվել էր մտնել քաղաքի արվարձանները, գրավել «Միր» հյուրանոցն ու հարակից տարածքները, հիմա շարժվում են դեպի քաղաքի կենտրոն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, որտեղ ռուսաստանցի զինվորականները քաղաքում առաջ են շարժվում։ Շուրջբոլորը ավերված շենքեր են։ Քաղաքային իշխանություններն ավելի վաղ ասել էին, որ Սևերոդոնեցկի ենթակառույցները 100 տոկոսով, իսկ բնակելի շենքերը 90 տոկոսով ավերվել են ռուսական հրետակոծությունների հետևանքով։

Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը ուկրաինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Սևերոդոնեցկում ծանր մարտեր են ընթանում։ Նրա խոսքով` փողոցներում ռուս զինվորների շատ դիեր կան, ինչը կարող է վարակի տարածման պատճառ դառնալ բարձր ջերմաստիճանի պատճառով։ Նա հավելել է, որ ուկրաինացի բժիշկները փորձել են դուրս գալ քաղաքից, բայց ճանապարհից անհետացել են, հայտնաբերվել է նրանց գնդակոծված Շտապօգնության մեքենան։

Ֆրանսիացի լրագրող է զոհվել

Ավելի ուշ Տելեգրամի իր ալիքում նա հայտնեց, որ ռուսների հրետակոծության հետևանքով ֆրանսիացի լրագրող է զոհվել։ Արկի բեկորից նա մահացու վիրավորվել է պարանոցի շրջանում։ Միջադեպը տեղի է ունեցել զրահապատ մեքենայով 10 մարդու տարհանման ժամանակ։ Ուկրաինական մի շարք աղբյուրներ հայտնում են, որ նա BFM TV-ի թղթակից Ֆեդերիկ Լեկլեր Իմիոֆն է։ Միջադեպից հետո մարզային իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են Սևերոդոնեցկում և Լիսիչանսկում մնացած խաղաղ բնակիչների տարհանումը։

Լիսիչանսկը ևս ենթարկվում է ռմբահարումների

Գետի մյուս ափին ընկած Լիսիչանսկ քաղաքն ուկրաինական ուժերի վերհսկողության տակ է, բայց այն ևս ենթարկվում է ռմբահարումների։

Սևերոդոնեցկի ու Լիսիչանսկի ընկնելու դեպքում Լուգանսկի ամբողջ մարզը կանցնի ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Մարզի 95 տոկոսը նրանք արդեն գրավել են։

Սերգեյ Գայդայը նշել է, որ չնայած Լիսիչանսկ- Բախմուտ մայրուղին ուկրաինացիների վերահսկողության տակ է, բայց ռուսական ուժերը հրետակոծում են մայրուղին, և այդ ճանապահով երթևեկելը վտանգավոր է։

Բախմուտը գտնվում է Դոնեցկի մարզում, որտեղից ուղիղ ճանապարհ կա դեպի Սլովյանսկ ու Կրամատորսկ։ Իրար մոտ գտնվող այդ քաղաքները Դոնեցկի մարզում ուկրաինացիների վերահսկողության տակ գտնվող վերջին խոշոր բնակավայրերն են, որոնց ռուսական ուժերը մոտեցել են նաև հյուսիս-արևելքից` վերջին օրերին գրաված Լիմանի ուղղությամբ։

Ռուսաստանի «հատուկ գործողությունն» Ուկրաինայում ընթանում է պլանի համաձայն. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ֆրանսիական TF1 հեռուստաընկերությանը նախօրեին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի «հատուկ գործողությունն» Ուկրաինայում ընթանում է պլանի համաձայն։ Նրա խոսքով` հիմնական խնդիրը «Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների» ազատագրումն է, որոնց անկախությունը Ռուսաստանը ճանաչել է։

«Իսկ Ուկրաինայի մյուս տարածքների ապագան, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, կորոշեն այդ շրջանների բնակիչները»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանը Ուկրաինա ներխուժելը հատուկ գործողություն է կոչում, ավելին` պատերազմ, ներխուժում բառերը օգտագործող մարդիկ երկրում ենթարկվում են պատասխանատվության։

Իրավիճակը` ըստ երկու կողմերի տվյալների

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնում է, որ անցած մեկ օրվա ընթացքում Դոնեցկի մարզի ութ բնակավայրեր ենթարկվել են հրետակոծության։ Կան զոհեր և վիրավորներ։

«Իրավապահները փաստաթղթավորում են Ռուսաստանի ռազմական հանցագործությունների հետևանքները», - նշված է ուկրաինական ոստիկանության հաղորդագրությունում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօրվա հաղորդագրությունում հայտնել է, որ ռուսական հրետանին հարվածել է Նիկոլաևի նավաշինական «Օկեան» գործարանի անգարին, որտեղ, նրա փոխանցմամբ, 15 տանկ ու զրահամեքենա է ոչնչացվել, ինչպես նաև խոշոր տրամաչափի հրետանային հինգ մարտկոց։

Կոնաշենկովի հայտնած տվյալների համաձայն՝ անցած մեկ օրում ռուսական հրթիռներն ու հրետանին հարվածել են ուկրաինական բանակի կառավարման 62 կետի, կենդանի ուժի ու զինտեխնիկայի ավելի քան 590 կուտակումների, ոչնչացվել են մի քանի տասնյակ կրակային համակարգեր, ինչպես նաև զինամթերքի մեկ պահեստ Դոնեցկի մարզում։

Ուկրաինական կողմը հաղորդում է, որ օրվա ընթացքում ոչնչացվել է ռուսական ուժերի հրետանային երկու համակարգ, 21 զրահապատ և զինվորակայն այլ մեքենաներ, հինգ անօդաչու թռչող սարք և երկու թևավոր հրթիռ։

Նշենք, որ պատերազմական պայմաններում կողմերի հայտնած թվային տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Կիևը հույս ունի Արևմուտքից ծանր զենք ստանալ ռուսական ուժերին դիմակայելու համար։ Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե գալիք շաբաթ լավ լուր է սպասում զենք ստանալու հարցում։ Անցած կիրակի` պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ նա դուրս է եկել Կիևից ու այցելել Խարկով, որի մատույցներից ռուսական ուժերը վերջին շրջանում հետ են քաշվել։

Ուկրաինական ուժերն անցած շաբաթ օրը որոշ չափով հաջող գործողություններ են իրականացրել Խերսոնի և Նիկոլաևի շրջանների սահմանների մոտ` ռուսական ուժերին ստիպելով անցնել պաշտպանության։ Ամերիկյան վերլուծական կենտրոններից մեկը` «Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը» նշում է, որ չնայած ուկրաինական հակահարձակումը, դատելով ամեն ինչից, մոտ ապագայում զգալի տարածքներ չի վերադարձնի, բայց կարող է խանգարել ռուսական ուժերի գործողություններին և ստիպել Ռուսաստանին լրացուցիչ ուժեր ուղարկել Խերսոնի մարզ։

Ուկրաինական հակահարձակումները նաև կարող են դանդաղեցնել Ուկրաինայի հարավային օկուպացված շրջանների վրա վարչական վերահսկողությոըն սահմանելու Ռուսաստանի ջանքերը, գտնում են ամերիկացի վերլուծաբանները։

Ռուսական ուժերը մտան Սևերոդոնեցկ
please wait

No media source currently available

0:00 0:05:07 0:00

XS
SM
MD
LG