Կիրակի օրը Ֆրանսիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ ընտրողների մեծ մասն իրենց քվեն տվել է ծայրահեղ աջ կամ ծայրահեղ ձախ թեկնածուներին՝ մերժելով նախագահ Էմանյուել Մակրոնի կենտրոնամետ դաշինքին Ազգային ժողովում լիակատար ուղիղ մեծամասնություն ունենալը:
Էմանյուել Մակրոն՝ 245 մանդատ
Նախագահական ընտրություններում երկրորդ անգամ հաղթելուց ընդամենը երկու ամիս անց Մակրոնի գլխավորած «Միասին» դաշինքը ստացել է ձայների մեծամասնությունը, սակայն, ստորին պալատին վերահսկել Մակրոնին չի հաջողվի․ Ֆրանսիայի նախագահի առաջնորդած քաղաքական ուժն այժմ ունի 245 մանդատ՝ կորցնելով նախորդ խորհրդարանում ունեցած մոտ հարյուր տեղերը։ Ստորին պալատում լիակատար վերահսկողության համար Մակրոնի կուսակցությանն անհրաժեշտ էր 577 տեղերից 289-ը։ Ներկայիս պատկերն ավելի վատն է, քան կանխատեսում էին սոցիոլոգները։
Ժան-Լյուկ Մելանշոն՝ 131 մանդատ
Խորհրդարանական երկրորդ ուժն ու թիվ մեկ ընդդիմությունը ծայրահեղ ձախերն են՝ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ, որը ստացել է 131 մանդատ։
«Սա անսպասելի և անկանխատեսելի մի իրավիճակ է։ Սա նախագահի կուսակցության կատարյալ պարտությունն է, [նոր խորհրդարանում] մեծամասնություն ունեցող ուժ չկա։ Մենք մոտ մեկ ամսում կարողացանք հասնել մեր առջև դրված քաղաքական նպատակին՝ տապալել այն մարդուն, որը երկրի ձեռքերը ոլորելով, մեծամտորեն վերընտրվեց՝ նույնիսկ առանց տեղյակ պահելու ընտրողներին, թե ինչ է պատրաստվում անել», - ասել է գլխավոր ընդդիմադիր Մելանշոնը։
Մարին Լե Պեն՝ 89 մանդատ
Երրորդ տեղում ծայրահեղ աջերն են՝ Մարին Լե Պենի ազգայնական կուսակցությունը, որին բաժին հասած պատգամավորական տեղերի թիվը 89 է, սա ավելի քան տասն անգամ գերազանցում է նախորդ խորհրդարանական ընտրություններում ստացած մանդատների թիվը։
«Պատմական հաղթանակ», «սեյսմիկ իրադարձություն», այսպես է որակել ընտրությունների արդյունքները Լե Պենը։ «Մակրոնն այժմ փոքրամասնության նախագահ է։ Նրա կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը թաղվեց», - հայտարարել է Լե Պենը։
Այսպիսով ստեղծված իրավիճակում Ելիսեյան պալատի ղեկավարը պետք է ուղիներ փնտրի՝ փորձելով մյուս կուսակցություններից աջակցություն ստանալ՝ իր լայնածավալ բարեփոխումներն իրականացնելու համար։
«Ընտրությունների արդյունքները ժողովրդավարական ցնցում են»
Ֆինանսների նախարար Բրունո Լը Մերի գնահատմամբ, ընտրությունների արդյունքները «ժողովրդավարական ցնցում» են։ Նա հայտարարել է, որ եթե մյուս դաշինքները չհամագործակցեն, «դա կխանգարի բարեփոխելու և ֆրանսիացիներին պաշտպանելու՝ իշխանությունների կարողությանը»:
«Արդյունքը ռիսկ է մեր երկրի համար՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց մենք պետք է դիմակայենք», - իր հերթին հայտարարել է վարչապետ Էլիզաբեթ Բորնը՝ միաժամանակ հավելելով, որ այսօրվանից իշխող ուժը կլծվի դաշինքներ փնտրելու գործին։
Մակրոնն ընտրողներին կոչ էր անում իրեն վճռական մեծամասնություն տալ «ազգի բարձր շահերից ելնելով»՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպայի սահմաններին Ռուսաստանի հրահրած պատերազմը թափ է հավաքում։
Նա լայնածավալ բարեփոխումներ էր խոստանում՝ ինչպիսիք կենսաթոշակային տարիքը բարձրացնելն է, հարկերի կրճատումը, պետական նպաստների համակարգը փոխելը։
Այժմ, եթե խորհրդարանում հայտնված ուժերին չհաջողվի ընդհանուր հայտարարի գալ, շատ վերլուծաբանների համոզմամբ, եվրոգոտու երկրորդ ամենամեծ տնտեսությունը կարող է կաթվածահար լինել․ փոքրամասնության կառավարությունը կունենա շատ սահմանափակ վարչական լծակներ և հնարավոր է նույնիսկ չկարողանա մինչև տարեվերջ պետբյուջե ընդունել։
Նախագահ Էմանյուել Մակրոնն առայժմ հրապարակավ չի մեկնաբանել ընտրությունների արդյունքները։