Մատչելիության հղումներ

Ֆրանսիական ընդդիմությունը կիրակնօրյա ընտրությունները «Մակրոնի կատարյալ պարտություն» է որակում


 Ֆրանսիայի ընտրություններում ձախակողմյան դաշինքի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոն, հունիս, 2022թ.
Ֆրանսիայի ընտրություններում ձախակողմյան դաշինքի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոն, հունիս, 2022թ.

Կիրակի օրը Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նախագահ Էմանյուել Մակրոնի կատարյալ պարտությունն էր: Անցած գիշեր, քվեարկության ավարտից մի քանի ժամ անց նման հայտարարությամբ է հանդես եկել նոր գումարման Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ խմբակցություն ձևավորած ձախակողմյան դաշինքի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը։

«Սա անսպասելի և անկանխատեսելի մի իրավիճակ է։ Սա նախագահի կուսակցության կատարյալ պարտությունն է, [նոր խորհրդարանում] մեծամասնություն ունեցող ուժ չկա։ Մենք մոտ մեկ ամսում կարողացանք հասնել մեր առջև դրված քաղաքական նպատակին՝ տապալել այն մարդուն, որը երկրի ձեռքերը ոլորելով, մեծամտորեն վերընտրվեց՝ նույնիսկ առանց տեղյակ պահելու ընտրողներին, թե ինչ է պատրաստվում անել», - դիմելով կողմնակիցներին՝ հայտարարում էր Մելանշոնը։

Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների համաձայն՝ Էմանյուել Մակրոնի աջակիցներին միավորող «Միասին» դաշինքը Ֆրանսիայի 577-տեղանոց Ազգային ժողովում 245 մանդատ կունենա՝ միանձնյա կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 289-ի դիմաց։ France-Presse-ի տեղեկություններով` ձախերին միավորող «Նոր ժողովրդական, բնապահպանական, սոցիալական միությունը» (NUPES) խորհրդարանում 135 մանդատ կունենա։ Նույն աղբյուրի համաձայն` կիրակնօրյա ընտրությունների ընթացքում աննախադեպ հաջողության են հասել ծայրահեղ ազգայնականները. Մարին Լը Պենի ղեկավարած «Ազգային միավորումը» ստեղծման օրվանից ի վեր լավագույն արդյունքն է արձանագրել՝ նոր գումարման խորհրդարանում 89 պատգամավորական տեղ ստանալով։ «Դա տասնապատիկ ավելին է, քան 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ազգայնականների արձանագրած արդյունքը», - նշում են ֆրանսիական աղբյուրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG