Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ֆրանսիացիների ավելի քան 58 տոկոսի քվեներով վերընտրված Էմանյուել Մակրոնը, ում նախագահության առաջին ժամկետը ընթացավ ճգնաժամներով, քովիդի համավարակով և ռուս-ուկրաինական հակամարտությամբ, այժմ կրկին բախվել է լուրջ մարտահրավերների։
Առաջինն ու ամենամեծը, ըստ վերլուծաբանների, առաջիկա խորհրդարանական ընտրություններն են, որոնք անցկացվելու են երկու փուլով՝ հունիսի 12-ին և հունիսի 19-ին:
Ընտրությունների երկրորդ փուլում ֆրանսիացիների 41,5 տոկոսի քվեները ստացած, ծայրահեղ աջակողմյան հայացքներով Մարին Լը Պենը և ծայրահեղ ձախ թևը ներկայացնող Ժան-Լյուկ Մելանշոնը, որը ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղն էր զբաղեցրել, նպատակ ունեն Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորել, ինչն էապես կբարդացնի Մակրոնի նախագահության երկրորդ ժամկետը։
Մելանշոնը այժմ բացահայտորեն իրեն դիրքավորում է որպես Մակրոնի հավանական վարչապետ: Եթե այս սցենարը իրականություն դառնա, սա կնշանակի վերադարձ այնպիսի համակարգի, որտեղ նախագահը, չունենալով խորհրդարանական մեծամասնություն, վարչապետ է նշանակում հաղթող կուսակցության ներկայացուցչին և կազմում երկկողմ փոխզիջումների վրա հիմնված ծրագիր։
Վերլուծաբանները, սակայն, այս պահին կանխատեսում են, որ Մակրոնի լիբերալ «Ան մաղշ» կուսակցությանը կհաջողվի խորհրդարանական մեծամասնություն ստանալ՝ հաշվի առնելով ընտրություններում Մակրոնի հաղթանակը, ինչպես նաև՝ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թեկնածուների քաղաքական անցյալը։
Չնայած հավարակը հաղթահարելու Մակրոնի հակասական քաղաքականությանը՝ Ֆրանսիայի տնտեսությունը 2021 թվականին 7 տոկոս աճ գրանցեց՝ առաջ անցնելով Գերմանիայից, Իտալիայից և Իսպանիայից:
2021-ի չորրորդ եռամսյակում գործազրկությունը Ֆրանսիայում նվազել է մինչև 7,8 տոկոս, ինչը 2008 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է: Գնաճից բացի, փորձագետները նկատում են, որ պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Մակրոնը բախվելու է լուրջ խնդիրների իր ոչ պոպուլյար բարեփոխումների, օրինակ՝ կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման համար, որը կհանգեցնի զանգվածային բողոքի ցույցերի նոր ալիքի։
69 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Ֆրանսիայում անցած կիրակի մոտ 14 միլիոն ֆրանսիացիներ չեն մասնակցել ընտրություններին։ Հարցումները ցույց են տալիս, որ նրանք դեմ էին և՛ Մակրոնին, և՛ նրա մրցակից Լե Պենին։
«Որպես քաղաքացիներ մենք այնպիսի տպավորություն ունենք՝ կարծես նախագահական ընտրությունները մեզնից ամեն անգամ գողանում են, քանի որ մեզ ոչ մի ընտրություն չեն թողնում։ Կամ մենք քվեարկում ենք ծայրահեղ աջ, կամ մեկ այլ կուսակցության օգտին», - ասում է Ժան Էմանյուել Սանչեսը:
«Երկրորդ փուլում ես քվեարկեցի Մարին Լը Պենի օգտին։ Ես համաձայն չեմ նրա բոլոր գաղափարների հետ, բայց Մակրոնի խնդիրն այն է, որ վերջին հինգ տարիներին նա իրեն որպես ավտորիտար առաջնորդ է դրսևորվել», - կարծում է Էմանյուել Կոջիան։
Առաջիկայում հրաժարական կտա Ֆրանսիայի վարչապետը, որպեսզի նախագահ Մակրոնը կարողանա նոր՝ ժամանակավոր կառավարություն ձևավորել։ Սակայն այդ կառավարությունը կաշխատի մի քանի շաբաթ՝ մինչև հունիսյան խոհրդարանական ընտրությունները։