Մատչելիության հղումներ

Մակրոնը խոսել է Ֆրանսիայում առկա խորը տարաձայնությունների ու հասարակության բևեռացման մասին


Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ֆրանսիացիների ավելի քան 58 տոկոսի քվեն ստացած Էմանյուել Մակրոնը հետընտրական իր ուղերձում խոսել է Ֆրանսիայում առկա խորը տարաձայնությունների ու հասարակության բևեռացման մասին։

Վերընտրված Մակրոնը Էյֆելյան աշտարակի մոտ ունեցած ելույթում շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկած քաղաքացիներին ու խոստովանել՝ թեև ընտրությունների արդյունքները արձանագրել են իր անվերապահ հաղթանակը, բայց շատերն իրեն են ընտրել, որովհետև դեմ էին իր մրցակից Մարին Լը Պենին:

«Այս երկրում շատերն իմ օգտին քվեարկեցին ոչ թե այն պատճառով, որ աջակցում են ինձ, կիսում իմ գաղափարները, այլ ծայրահեղ աջ ուժերի գաղափարները մերժելու համար: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, գիտեմ, որ պարտական եմ լինելու նրանց առաջիկա տարիներին», - ասել է Մակրոնը։

Առջևում խորհրդարանական ընտրություններն են ու թեժ քարոզարշավը, որի ընթացքում Մակրոնի լիբերալ «Էն մաղշ» կուսակցությունը պետք է ստանա քվեների մեծամասնությունը իր ծրագրերը կյանքի կոչելու համար։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ֆրանսիացիների 41.5 տոկոսի քվեները ստացած երվրոսկեպտիկ Մարին Լը Պենը, ամփոփելով ընտրությունների արդյունքները, երեկ հայտարարել է. «Էմանյուել Մակոնը ոչինչ չի անի մեր երկրում առկա պառակտումը վերացնելու ու մեր քաղաքացիների տառապանքներին վերջ դնելու համար... Ես մտավախություն ունեմ, որ առաջիկա հինգ տարիներին կշարունակվեն կիրառվել նախորդ հինգ տարիների նույն դաժան մեթոդները: Որպեսզի խուսափենք մի քանի հոգու կողմից իշխանության յուրացումից, ես հիմա ավելի քան երբևէ պատրաստ եմ ծառայել Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին այն մեծ էներգիայով, հաստատակամությամբ և ջերմությամբ, այնպես՝ ինչպես դուք ճանաչում եք ինձ»:

Ընտրություններից առաջ և հետո հասարակության պառակտվածության մասին են խոսում նաև իրենք՝ շարքային ֆրանսիացիները:

«Մակրոնի և Լը Պենի ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների միջև բաժանարարը գնալով խորանում է, հասարակությունը բևեռացված է. դա նշանակում է, որ ֆրանսիացիներն անհանգստացած են իրենց կյանքի, գնողունակության, անվտանգության համար, ինչը միանգամայն հասկանալի է: Բայց ես կարծում եմ, որ տիկին Լը Պենի մոտցումները ծայրահեղական են և հեռացնում են մարդկանց միմյանցից», - նշել է երաժշտության ուսուցիչ Վալերի Ջաքուիեն։

«Բազմաթիվ ֆրանսիացիներ իրենց ներկայացված չեն զգում այս ընտրություններում, դա իսկապես խնդիր է, որին լուծում պետք է տրվի։ Մարդկանց ձայնը պետք է լսելի լինի, չգիտեմ՝ քաղաքացիական խորհրդակցությունների կամ գուցե հանրաքվեների միջոցով, որը գուցե վտանգներ է պարունակում թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար, բայց շատ ու նաև շատ անելիքներ կան», - ընդգծել է գիտնական Ժան Մոուեն:

«Ճիշտ է, որ Մակրոնը չի անդրադառնում ուսանողների հարցերին և չի ասում, թե ինչ է նախատեսում անել մեզ համար, և դա ամոթ է: Ես սպասում եմ, ցանկանում եմ իմանալ, թե ինչ է նա մտադիր անել մեր կյանքը հեշտացնելու համար։ Մենք ֆինանսական խնդիրներ ունենք, մենք ուշադրություն են ակնկալում», - ասել է ուսանող Էմմա Թեպան:

«Կարծում եմ, որ Մակրոնի նախագահության առաջին հինգ տարիները այնքան աղետալի չէին, որքան ոմանք կարծում են։ Նա բազմաթիվ խնդիրների բախվեց, որոնց համար նա պատասխանատու չէր, նրա մեղքը չէր», - նշել է թոշակառու Ֆրանսուա Դերիենը:

Նախագահի պաշտոնում երկրորդ անգամ վերընտրված 44-ամյա Մակրոնը արդեն շնորհավորանքներ է ստացել բազմաթիվ առաջնորդներից՝ նրանց թվում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներից։

Ֆրանսիայի նորընտիր նախագահին այսօր շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի վարչապետը՝ նրան հրավիրելով Երևան։ Փաշինյանն ու Մակրոնը վերջին անգամ հանդիպել են մարտին Փարիզում՝ հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի շրջանակներում։ Իսկ Մակրոնը իր առաջին պաշտոնավարման ընթացքում Երևան այցելել էր 2018-ին՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։

Մակրոնը խոսել է Ֆրանսիայում առկա խորը տարաձայնությունների ու հասարակության բևեռացման մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00

XS
SM
MD
LG