Ֆրանսիայի նախագահական ընտրություներից չորս օր առաջ, երկրորդ փուլ անցած թեկնածուները՝ գործող նախագահ Էմանյուել Մակրոնը և «Ազգային միավորում» աջակողմյան ուժի առաջնորդ Մարին Լը Պենը իրենց առաջին և վերջին հեռուստաբանավեճն են անցկացրել։
Այս հեռուստաբանավեճը համարվում է վճռորոշ հատկապես մեծ թվով չկողմնորոշված ընտրողների առկայության պայմաններում․ ֆրանսիացիների ավելի քան 10 տոկոսը դեռ չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու։
Սա Մակրոնի և Լը Պենի երկրորդ հեռուստաբանավեճն է, քաղաքական գործիչներն այս ձևաչափով հանդիպել էին հինգ տարի առաջ՝ նախորդ նախագահական ընտրությունների նախաշեմին։
Ի տարբերություն 2017 թվականի բանավեճի՝ այս անգամ Լը Պենն ավելի զուսպ էր, կառուցողական, թեև ինչպես ֆրանսիացի մեկնաբաններն են նշում՝ նրան, այդուհանդերձ, չի հաջողվել հունից հանել մրցակցին:
Պատերազմ Ուկրաինայում, Ռուսաստանի հետ հարաբերություններ
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ու Ռուսաստանի հետ հարաբերություններն են դարձել Մակրոնի և Լը Պենի բանավեճի առանցքային թեմաներից մեկը։ Երկու քաղաքական գործիչներն էլ Կրեմլի հետ երկարամյա հարաբերությունների փորձ ունեն։
Ռուսական ներխուժումից օրեր առաջ Մակրոնն այն եզակի արևմտյան գործիչներից էր, որն այցելել է Մոսկվա։ Փետրվարի 24-ին պատերազմի մեկնարկից հետո Մակրոնը խստորեն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները և աջակցություն հայտնել Արևմուտքի պատասխան քայլերին՝ այդ թվում Կիևին ռազմական օգնություն տրամադրելուն և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ Այդուհանդերձ, նա շարունակում էր շփումները Կրեմլի ղեկավարի հետ՝ բազմաթիվ հեռախոսազրույցների ընթացքում ապարդյուն փորձելով համոզել ռուսաստանցի պաշտոնակցին պատերազմը դադարեցնելու հարցում։
Աջակողմյան ճամբարի առաջնորդը տարիներ շարունակ համարվում էր Պուտինի գլխավոր եվրոպացի դաշնակիցներից մեկը։ 2017 թվականի ընտրություններից առաջ Մարին Լը Պենը հայտարարել է, որ չի հավատում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման ապօրինությանը, պնդելով, որ «եղել է հանրաքվե, Ղրիմի բնակիչները ցանկություն են հայտնել միանալ Ռուսաստանին»։ Նա նաև չի թաքցրել հիացմունքը Պուտինի նկատմամբ, իր հարցազրույցներից մեկի ընթացքում կարծիք հայտնելով, որ «Ռուսաստանի նախագահը պաշտպանում է իր երկրի շահերը, իր երկրի ինքնությունը»։
«Երբ խոսում եք Ռուսաստանի հետ, դուք խոսում եք ձեր բանկիրի հետ»
Այդ դիրքորոշման համար նախօրեին Մակրոնը քննադատել է նրան և հիշեցրել 9 միլիոն եվրո ռուսական վարկի մասին, որը Լը Պենի կուսակցությունը ստացել է 2014 թվականին։ «Դուք կախվածության մեջ եք ռուսաստանյան իշխանություններից, դուք կախված եք Պուտինից», - ասել է Մակրոնը՝ շարունակելով․ - «Երբ դուք խոսում եք Ռուսաստանի հետ, դուք խոսում եք ձեր բանկիրի հետ։ Այդ կախվածությամբ կարելի է բացատրել ձեր գործողությունները»։
Ֆրանսիայի գործող նախագահը նաև հիշեցրել է Լը Պենի պնդումները Ղրիմի վերաբերյալ և հետաքրքրվել, թե ի՞նչ հիմքով է նա թերակղզին Ռուսաստանի մաս համարել։ «Միջազգային օրենսդրությամբ մենք միշտ չէ, որ ճանաչում ենք ուժով բռնակցված տարածքները»,- ասել է Մակրոնը։
Ի պատասխան՝ Լը Պենը հայտարարել է, որ իրեն համարում է «միանգամայն ազատ և անկախ կին, հայրենասեր, որը պաշտպանում է ֆրանսիացիներին և Ֆրանսիան»։
Ռուսաստանից վարկ վերցնելու որոշումը Ֆրանսիայի նախագահի թեկնածուն այսպես է բացատրել․ - «Դա տեղի է ունեցել, քանի որ ֆրանսիական բանկերից որևէ մեկը չի ցանկացել ինձ վարկ տրամադրել»։
Լը Պենը նաև նշել է, թե ստիպված էր պարտք վերցնել այնպես, ինչպես միլիոնավոր ֆրանսիացիներ, որոնք փորձում են դիմակայել դժվարին տնտեսական պայմաններին։
Մակրոնը հակադարձել է՝ պնդելով, թե ի տարբերություն Լը Պենի՝ ֆրանսիացիները փողի համար Ռուսաստանին չեն դիմում։
«Ագրեսիան, որին զոհ է դարձել Ուկրաինան, անթույլատրելի է»
Այդուհանդերձ «Ազգային միավորման» առաջնորդը չի խուսափել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտելուց։ «Ագրեսիան, որին զոհ է դարձել Ուկրաինան, անթույլատրելի է», - հայտարարել է Լը Պենը՝ իր աջակցությունը հայտնելով Կիևին և շեշտելով՝ Արևմուտքը պետք է ընդունի ուկրաինացի փախստականներին։
Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել է՝ Ուկրաինային զենքի ուղիղ մատակարարումները կարող են Ֆրանսիային ներքաշել ռազմական գործողությունների մեջ։
2 ժամ 45 րոպե տևած բանավեճի ընթացքում Մակրոնն ու Լը Պենը սուր քննարկումներ են ունեցել նաև գների կտրուկ աճի շուրջ։ «Ազգային միավորման» ղեկավարը խոստացել է նվազեցնել էներգիայի ավելացված արժեքի հարկը, կրճատել նաև այլ հարկատեսակներ, ամբողջությամբ վերացնել մինչև 30 տարեկան անձանց եկամտահարկը։
Մակրոնը հակադարձել է՝ համոզմունք հայտնելով, որ գնային սահմանափակումներ մտցնելու իր որոշումը «կրկնակի արդյունավետ է, քան հարկերի կրճատումը»։
Ընդդիմադիր թեկնածուն, սակայն, գործող նախագահին մեղադրել է երկրին «վատ» տնտեսական ժառանգություն թողնելու համար, ինչը, նրա խոսքով, արտահայտվել է 600 միլիարդ եվրոյի պետական պարտքի տեսքով։
«Դուք երբեք չեք պարզաբանում, թե ով է ֆինանսավորելու ձեր նախագծերը, և դուք երբեք ազնիվ չեք մարդականց հետ», - իր հերթին, արձագանքել է Ֆրանսիայի առաջնորդը։
«Տարբեր ազգերի Եվրոպա» գաղափարը նշանակում է դաշինքի վախճան»
Վերջին տարիներին Լը Պենը հրաժարվել է իր գլխավոր կարգախոսներից մեկից՝ Ֆրանսիան Եվրամիությունից ամբողջությամբ դուրս բերելու մտադրությունից, այժմ նա հանդես է գալիս Եվրամիության բարեփոխումների օգտին։
Մակրոնը, մինչդեռ, համոզված է, որ մրցակցի՝ «տարբեր ազգերի Եվրոպա» գաղափարը նշանակում է դաշինքի վախճան։ «Դուք փորձում եք մարդկանց սուտ վաճառել», - ասել է Ֆրանսիայի նախագահը։
Երկու թեկնածուների միջև խորը տարաձայնությունների տեղիք տված հարցերից մեկն էլ միգրացիան և իսլամի նկատմամբ վերաբերմունքն է։ Հակամիգրանտական կուսակցության առաջնորդը խոստանում է հանրաքվե անցկացնել՝ որոշելու, թե ով կարող է մնալ Ֆրանսիայում և ովքեր պետք է վտարվեն։ Նա դատապարտում է «անարխիկ և զանգվածային միգրացիան», որը, Լը Պենի խոսքով, ֆրանսիացիներին զրկել է անվտանգության զգացումից։ Բացի այդ, ազգայնական թեկնածուն կոչ է անում արգելել մահմեդական կանացի գլխաշորերը, պնդելով, որ կանանց պետք է ազատագրել «իսլամական ճնշումներից»։
Ի պատասխան՝ Մակրոնը նրան հորդորել է չշփոթել իսլամն ու իսլամիզմը, հայտարարելով, որ նման քաղաքականությունը հակասում է ֆրանսիական արժեքներին և կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։
Մրցակիցների դիրքորոշումները չեն համընկնում նաև կլիմայական փոփոոխությունների հարցում։ Մակրոնը Լը Պենին մեղադրել է գլոբալ ջերմացմանը չհավատալու համար, մրցակիցն էլ հայտարարել է, որ Մակրոնը «կլիմայական երկերեսանի է», որն աջակցում է հազարավոր կիլոմետր հեռուներից Ֆրանսիա ներկրովող ապրանքներին, այլ ոչ թե տեղական արտադրությանը։ Երկուսն էլ, սակայն, համակարծիք են՝ երկրին անհրաժեշտ են ավելի շատ ատոմային էլեկտրակայաններ։
Մակրոնի փաստարկներն «ավելի համոզիչ են»
Երեկ տեղի ունեցած նախընտրական հեռուստաբանավեճից հետո BFM TV-ի պատվերով Elabe-ի անցկացրած հարցումները վկայում են, որ հեռուստադիտողների 59 տոկոսի համար Մակրոնի փաստարկներն են առավել համոզիչ, մինչդեռ Լը Պենը համոզել է ընտրողների 39 տոկոսին։
«Մակրոնը հարձակվում է, Լը Պենը՝ պաշտպանվում», - հեռուստաբանավեճի արդյունքներն այսպես է մեկնաբանում ֆրանսիական Le Parisien պարբերականը։ Մյուս առաջատար թերթը՝ ձախակողմյան լիբերալ Liberation-ը, իր հերթին, նշում է, որ Լը Պենի դիրքորոշումը «բազմաթիվ հարցերում հեղհեղուկ էր, իսկ Մակրոնն էլ գոռոզ էր»։