Ֆրանսիայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում նախագահ Էմանյուել Մակրոնի իշխող «Միասին» դաշինքը և ձախակողմյան ուժերի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» կոալիցիան՝ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ, գրեթե նույն արդյունքն են գրանցել՝ հավաքելով, նախնական տվյալներով, ձայների համապատասխանաբար 25,7 և 25,6 տոկոսը։
Ստացված ձայների քանակով երրորդ տեղը զբաղեցնում է Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը՝ 18,7 տոկոս։
Քվեարկությունն անցկացվել է Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետության պատմության մեջ ամենացածր մասնակցությամբ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ընտրական ցուցակներում գրանցված ֆրանսիացիների 52,5 տոկոսը չեն եկել ընտրատեղամասեր։
Երկրորդ փուլը կկայանա մեկ շաբաթից՝ հունիսի 19-ին։