Բրյուսելում երեկ կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը։ Այս մասին թվիթերում գրել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը վերջերս էր այցելել նախ Բաքու, ապա՝ Երևան։
Եվրոպացի դիվանագետը լուսանկար է հրապարակել ու գրել, որ ուրախ է նման ձևաչափով արդեն երկրորդ հանդիպման համար: Թե ինչ հարցեր են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները, պաշտոնապես չի հաղորդվել։
Ավելի վաղ խոսելով այս հանդիպման մասին՝ Գրիգորյանն ասել էր, որ այն հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր է ներառելու, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը։
«Լայն կոնտեքստում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կարող ենք տեղավորել, որովհետև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, կարող ենք ասել, այս պահին մի քանի ուղղություններ ունեն: Դա եռակողմ աշխատանքային խումբն է` ապաշրջափակման թեմայով: Այս պահին քննարկվում է նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքային խմբերի ձևավորումը: Գրեթե վերջնական փուլում է։ Կարծում եմ` մոտակա ժամանակներս արդեն կհայտարարվի աշխատանքային խմբի ձևավորման մասին, և կձևավորվի այդ աշխատանքային խումբը, և կսկսեն քննարկել դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը: Կա նաև խաղաղության օրակարգի քննարկման ուղղությունը, որ արտգործնախարարների մակարդակով է: Կա նաև, գիտեք, որ անվտանգության ուժերի ղեկավարների պարբերաբար հանդիպում, որը քննարկում է նաև ընդհանուր առմամբ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, որոշ հարցեր: Եվ կա նաև իմ և Հիքմեթ Հաջիևի հանդիպման պլատֆորմը, որտեղ քննարկում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր», - նշել էր Գրիգորյանը:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, միևնույն ժամանակ, ասել էր, որ եթե բրյուսելյան հանդիպմանը ստանան բոլոր հարցերի պատասխանները, ապա կարող է քննարկվել նաև երկու երկրների առաջնորդների հանդիպման հնարավորությունը։
«Ինչ վերաբերում է ուղիղ հանդիպում կազմակերպելու մասին, ապա մենք նաև հանդիպում ենք, որպեսզի նախապատրաստական աշխատանքներ կատարենք», - ասել էր Գրիգորյանը:
«Ազատություն»․ - Ասացիք, որ եթե ինչ-որ հարցեր հստակեցվեն, հնարավոր է հանդիպումը, ինչի՞ մասին է խոսքը։
Գրիգորյան․ - Դա բանակցությունների առարկա է: Եկեք, բանակցությունների առարկա թողնենք, հետագայում եթե ինչ-որ առաջընթաց ունենանք, մենք հանրությանը դրա մասին կտեղեկացնենք:
Օրերս Երևանում Հայաստանի ու Արցախի կառավարության անդամների համատեղ խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել էր՝ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ՝ կարևորելով Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքների երաշխավորումը։
Մինչդեռ բողոքի ակցիաներ սկսած ընդդիմությունը կարծում է, որ խաղաղության օրակարգի պատրվակով իշխանությունն անհարկի զիջումներ է անում Ադրբեջանին, և պահանջում է Փաշինյանի հրաժարականը։