Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնական Հաջիևի հետ


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

«Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», - «Ազատության» եթերում ասաց Արմեն Գրիգորյանը` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Այսօր Բաքվից նախագահի մակարդակով հնչել է հայտարարություն, որ մայիսին Բրյուսելում նախատեսված է հայ-ադրբեջանական հանդիպում, չի նշվել, սակայն, թե ինչ ձևաչափի մասին է: Կա նաև ԱԳՆ պատասխանը ռուսական լրատվամիջոցին, որ իրենք տեղյակ չեն` ինչի մասին է խոսքը: Ձեր մեկնաբանությունը:

Արմեն Գրիգորյան. - Երևի ԱԳՆ խոսնակն ավելի շատ նկատի է ունեցել` Արտգործնախարարության մակարդակով հանդիպումների մասին ինֆորմացիա չկա, բայց պլանավորվում է իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը գալիս երկուշաբթի օրը Բրյուսելում: Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող:

«Ազատություն». - Նախորդ անգամ Հաջիևի հետ Ձեր հանդիպումը նախորդեց նախագահ-վարչապետի մակարդակով բանակցություններին: Կարո՞ղ ենք ասել, որ սա ևս դրա նախապատրաստման ինչ-որ մի փուլ է:

Արմեն Գրիգորյան. - Որոշ առումով հա, եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխաններն ստանանք Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում:

«Ազատություն». - Պարո՛ն Գրիգորյան, Ձեր այս սպասվող հանդիպումը Հաջիևի հետ կարո՞ղ ենք տեղավորել նաև խաղաղության համաձայնագրի նախապատրաստությունների համատեքստում:

Արմեն Գրիգորյան. - Լայն կոնտեքստում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կարող ենք տեղավորել, որովհետև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, կարող ենք ասել, այս պահին մի քանի ուղղություններ ունեն: Դա եռակողմ աշխատանքային խումբն է` ապաշրջափակման թեմայով: Այս պահին քննարկվում է նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքային խմբերի ձևավորումը: Գրեթե վերջնական փուլում է, կարծում եմ` մոտակա ժամանակներս արդեն կհայտարարվի աշխատանքային խմբի ձևավորման մասին, և կձևավորվի այդ աշխատանքային խումբը, և կսկսեն քննարկել դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը: Կա նաև խաղաղության օրակարգի քննարկման ուղղությունը, որ արտգործնախարարների մակարդակով է: Կա նաև, գիտեք, որ անվտանգության ուժերի ղեկավարների պարբերաբար հանդիպում, որը քննարկում է նաև ընդհանուր առմամբ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, որոշ հարցեր: Եվ կա նաև իմ և Հիքմեթ Հաջիևի հանդիպման պլատֆորմը, որտեղ քննարկում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

«Ազատություն». - Եվ կարող ենք ասել, որ սա ամենաուղիղ` որպես Դուք վարչապետի ներկայացուցիչ, ինքն էլ Ադրբեջանի նախագահի, շփո՞ւմն է:

Արմեն Գրիգորյան. - Կարծում եմ` բոլորս էլ այդպիսի մակարդակում ենք` և՛ արտգործնախարարը, և՛ մնացած բոլոր ուղղություններով. բոլոր պաշտոնյաներն անմիջապես զեկուցում են բոլոր հանդիպումների մասին:

Ինչ վերաբերում է ուղիղ հանդիպում կազմակերպելու մասին, այո, մենք նաև հանդիպում ենք, որպեսզի նախապատրաստական աշխատանքներ կատարենք:

«Ազատություն». - Դուք ասացիք` եթե ինչ-որ հարցեր հստակեցվեն, հնարավոր է հանդիպումը: Ինչի՞ մասին է խոսքը:

Արմեն Գրիգորյան. - Դա բանակցությունների առարկա է: Եկեք, բանակցությունների առարկա թողնենք, հետագայում եթե ինչ-որ առաջընթաց ունենանք, մենք հանրությանը դրա մասին կտեղեկացնենք:

«Ազատություն». - Դուք արդեն մատնանշեցիք դեմարկացիայի հանձնաժողովի մասին, որը նաև անվտանգային երաշխիքներով է արդեն զբաղվելու: Ապրիլը վերջանում է, և ըստ բրյուսելյան պայմանավորվածության` այն արդեն պիտի ձևավորված լիներ…

Արմեն Գրիգորյան. - Դեռևս մեկ օր կա ապրիլի վերջի համար, և կարծում եմ` մինչև այդ ժամանակը մենք կունենանք հայտարարություն:

«Ազատություն». - Դա ի՞նչ ձևաչափ է ունենալու, ովքե՞ր են այնտեղ ընդգրկվելու:

Արմեն Գրիգորյան. - Տարբեր պետական ինստիտուտներ, որոնք որևիցե ձևով առնչություն ունեն դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, այսինքն` ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ, նաև այլ ինստիտուտներ, որոնք և շահագրգռվածություն ունեն, և գիտելիք ունեն այս գործընթացի վերաբերյալ: Այս աշխատանքային խումբը երկկողմ աշխատանքային խումբ է: Մենք ցանկանում ենք նաև միջազգային հանրությանը, որպես գիտելիք ունեցող և նաև ինստիտուցիոնալ փաստաթղթեր կրող պետություններ, օգնություն ցուցաբերենք, որպեսզի դեմարկացիայի-դելիմիտացիայի գործընթացն անցնենք:

«Ազատություն». - Միջազգային հանրությանը, թե՞ միայն Ռուսաստանին, որովհետև ավելի վաղ ռուսական պայմանավորվածություններով…

Արմեն Գրիգորյան. -Ե՛վ Ռուսաստանին, և՛ Բրյուսելին, և՛ նաև եթե մենք տեսնենք` հավելյալ անհրաժեշտություններ ունենք, այլ քննարկումներ էլ կունենանք:

«Ազատություն». - Իսկ այդ անվտանգային երաշխիքների մասով, որ պիտի այս հանձնաժողովը նորից զբաղվի, ուշացած չէ՞ այն իմաստով, որ օդում մնաց Երևանի առաջարկը` մինչև այս աշխատանքները սկսելը նախ հայելային հետ քաշել զորքերը:

Արմեն Գրիգորյան. - Աշխատանքային խումբը նաև պետք է քննարկի նմանատիպ հարցեր, այդ առումով կարծում եմ, որ ուշացած չէ, մենք պետք է շարունակենք մտածել անվտանգության միջավայրի մասին, որովհետև այդ գործընթացը շատ ծանր գործընթաց է, նույնիսկ այնպիսի երկրների հետ, որոնց հետ ունենք շատ լավ հարաբերություններ, օրինակ` Վրաստանի հետ այս գործընթացը դեռևս ավարտին չենք հասցրել, որովհետև կան մի շարք հարցեր, որոնց ոչ մենք ունենք այդ պատասխանը, ոչ Վրաստանը, կամ ունենք տարբեր մոտեցումներ: Եվ երկար տարիներ շարունակվում է այս գործընթացը, իսկ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններն ավելի բարդ են, և այդ առումով անհրաժեշտ է, որ կարողանանք այնպիսի միջավայր ապահովել, որպեսզի այդ բանակցություններում առաջընթաց չգրանցելը չազդի օրինակ` սահմանային իրավիճակի վրա:

«Ազատություն». - Իրար հետ չկապվեն գործընթացները:

Արմեն Գրիգորյան. - Այո, և միջավայրը հանկարծ չխաթարի բանակցային գործընթացը:




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG