Այսօր առավոտից ընդդիմությունը մի քանի ժամ ահնհազանդության ակցիաներ արեց Երևանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ։
Իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաները սկսվեցին առավոտյան 8-ն անց 30-ից միանգամից մի քանի փողոցներում։
Ցուցարարներին, սակայն, միայն մի քանի րոպե էր հաջողվում արգելափակել երթևեկությունը. ոստիկանությունը, որ որոշ փողոցներում հավելյալ ուժեր էր տեղակայել վաղ առավոտից, արագորեն բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Մինչև կեսօր, ըստ պաշտոնական հաղորդագրության, արդեն մոտ 200 բերման ենթարկված կար։
«Էս երթը էստեղից է գալիս, էն երթը՝ էնտեղից, վերևից ա մի հատ իջնում։ Այսինքն՝ մարդիկ դուրս են եկել փողոց... Հա թող բռնեն։ Բռնում էլ են, խփում էլ են, ինչ կարան, անում են», - լրագրողներին ասաց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
Իշխանափոխություն պահանջող ընդդիմությունը պնդում է, թե սա իրենց պայքարի վճռական փուլն է։ Թե քանի օր են շարունակելու այս ակցիաները, երբ և ինչպես են իրենց ծրագրին հասնելու, ընդդիմությունը դեռ չի հստակեցնում։
«Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ուզում է ունենալ անվտանգություն, պետականություն, պետք ա գա։ Որովհետև սրանք իր անվտանգությունը չեն կարողանում ապահովել։ Խաբել են կեղծ խոստումներով, խաղաղության լոզունգներով, բայց չեն ապահովում», - ասաց Սաղաթելյանը։
Երկրորդ օրն է ընդդիմադիրները գիշերում են Ֆրանսիայի հրապարակում, որը փակ է չորս կողմից։ Մյուս փողոցները, մինչդեռ, օրվա երկրորդ կեսից արդեն բաց էին։ Իրավապահները հայտարարեցին, թե կեսօրն անց երևանում երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։
Ընդդիմության բողոքի ակցիաները սկսեցին անցած ամիս՝ վարչապետ Փաշինյանի խորհրդարանում ունեցած ելույթից հետո։ Նա հայտարարեց, որ եթե հայկական կողմը մի փոքր իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ընդդիմությունը պնդում է, թե այս քայլերով գործող իշխանությունը պատրաստվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» այս մեղադրանքները չի ընդունում։