Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը և Ադրբեջանի նախագահի օգնականը քննարկել են տարածաշրջանի քաղաքական իրավիճակին և անվտանգությանը, ինչպես նաև երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում։
Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 30-ին Բրյուսելում՝ Եվրամիության հարկի տակ: Հանդիպման ավարտին հայ և ադրբեջանցի պաշտոնյաները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթներին՝ շարունակելու քննարկումները։
Ադրբեջանական լրատվամիջոցը Կլաարին հարցրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Բաքվի ներկայացրած 5-կետանոց առաջարկի մասին։
«Եվրամիությունը, ինչպես և միջազգային հանրությունը, ընդգծում է հակամարտության հետ կապված հարցերի համակողմանի լուծման կարևորությունը։ Այդ իմաստով մենք ողջունում ենք այդ ուղղությամբ ցանկացած քայլ», - ասել է Եվրամիության պաշտոնյան։ «Այդուհանդերձ, Եվրամիությունը կարևորում է, որպեսզի այդ քայլերը նպաստեն համակողմանի կարգավորմանը՝ քննարկումների համար բարենպաստ պայմաններում>, - հավելել է Կլաարը։