Մատչելիության հղումներ

Իշխանությունը զավթելու համար ընդդիմությունը պատերազմ է հայտարարել խաղաղությանը. Հայկ Կոնջորյան


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմության օրերս մեկնարկած ու շարունակվող բողոքի ակցիաները որակում է այսպես` «իշխանությունը զավթելու համար ընդդիմությունը պատերազմ է հայտարարել խաղաղությանը»: «Ազատության» հետ զրույցում իշխող ուժի ներկայացուցիչն ասաց. «Սա մի չտեսնված և խելագար բան է, որովհետև ընդդիմությունն ամեն կերպ հրեշացնում է խաղաղության գաղափարը Հայաստանում»:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ձեզ ի՞նչ ասաց նախօրեի իրողությունը, որ 4 տարի առաջ ապրիլի 23-ին նույն հրապարակը տոնում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, հիմա նույն օրը նույն հրապարակում նույն Սերժ Սարգսյանը բազմամարդ հավաքի մասնակիցների հետ Փաշինյանի հրաժարականն է պահանջում:

Հայկ Կոնջորյան . - Շատ խորհրդանշական է, որ հենց Սերժ Սարգսյանն էր այդ հրապարակում, և ինչ-որ իմաստով Սերժ Սարգսյանի նաև ներկայությունը անցյալի ուրվականի վերադառնալու փորձի մարմնավորումն էր, ինչին մենք ականատես ենք լինում այս օրերին, երբ փաստացի Հայաստանի անցյալը, այդ անցյալի ուրվականը անընդհատ հետապնդում է մեր պետությունը և մեր ժողովրդին և ցանկանում է ամեն գնով վերադառնալ Հայաստանում իշխանության, ընդ որում դրա համար օգտագործելով բոլոր թույլատրելի և անթույլատրելի մեթոդները, այդ թվում նաև Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը միտված արարողությունները, որոնք մշտապես եղել են ապաքաղաքական:

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ և ուժ պիտի ունենա որոշակի անձեռնմխելի արժեքներ, որոնք ոչ մի կերպ չի կարելի դասավորել քաղաքական նշաձողից ներքև, և ցավոք սրտի, մենք ականատես եղանք, որ նախկին իշխանությունները և այսօրվա ընդդիմությունն այդ անձեռնխմելի թվացող արժեքների վրայով անցավ և Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման օրը վերածեց քաղաքական տրամպլինի իր համար, որովհետև հաշվարկը հետևյալն է, որ մարդիկ գալիս են ջահերով երթի, ինչո՞ւ չվերածենք դա մի փոքրիկ միտինգի… Երբ որ սրբությունները դարձնում են քաղաքական տրամպլին` իրենց քաղաքական այս կամ այն ցատկին հասնելու համար:

«Ազատություն». - Ունի՞ ընդդիմությունն այսօր լայն աջակցություն:

Հայկ Կոնջորյան. - Փաստացի ընդդիմությունը պատերազմ է հայտարարել խաղաղությանը: Սա մի չտեսնված և խելագար բան է, որովհետև ընդդիմությունն ամեն կերպ հրեշացնում է խաղաղության գաղափարը Հայաստանում, ներկայացնում է, որ այ ժողովուրդ, հասեք, այս դավաճան իշխանություններն ուզում են խաղաղություն կնքել թուրքի հետ, և սա ևս մի շատ տարօրինակ գաղափար է, իսկ ո՞ւմ հետ պետք է գնալ խաղաղության: Պիտի գնալ խաղաղության նրա հետ, ում հետ որ կռվում ես, չէ՞, այս պարագայում ադրբեջանցիների հետ չէ՞:

Եթե դու ինչ-որ մեկի հետ կռիվ չունես, դու նրա հետ խաղաղության չես գնում: Այո, ադրբեջանցիների հետ, Ադրբեջանի հետ մենք ասել ենք, որ հանձնառություն ենք ստանձնում գնալ խաղաղության: Եվ հիմա Հայաստանում ընթանում է գործընթաց խաղաղությունը դեմոնիզացնելու, խաղաղության գաղափարն ինքնին արժեզրկելու, և ես դրա համար եմ ասում, որ ընդդիմությունը պատերազմ է հայտարարել խաղաղությանը և սպառնում է հայ ժողովրդին խաղաղությամբ:

Սա խելագարություն է, սա քաղաքական ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում մանավանդ մի ժողովրդի հանդեպ, որ հարյուրամյակներով անցել է գոյապայքարի, բնաջնջման, պատերազմների արհավիրքի միջով, և այսօր մենք` որպես իշխանություն, ստանձնում ենք պատասխանատվություն, փորձ ենք անում Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղություն: Եվ հիմա երբ ընդդիմությունը փորձում է խաղաղությունը և խաղաղության գաղափարը օգտագործել իբրև մահակ մեզ խփելու և իշխանությունը վերազավթելու համար, արդյոք ո՞ւմ շահերին է ծառայում ընդդիմությունը, ո՞ւմ շահերից է բխում, որ հայ ժողովուրդը և ՀՀ-ն մշտապես գտնվի պատերազմի և կոնֆլիկտների շրջապտույտի մեջ:

Ընդ որում, այն ընդդիմությունը, որ նախկինում որպես իշխանություն ժողովրդին վախեցնում էր պատերազմով, ասում էր` «ժողովուրդ ջան, ձեր երեխու բերանից մենք կտրում ենք, որ տանք բանակին, որ պատերազմ չլինի, ցույցեր մի արեք, ժողովրդավարության, ձեր ազատությունների համար մի պայքարեք, որովհետև կարող է պատերազմ սկսվի», պատերազմով վախեցնում ու ճնշում էին մարդկանց, այսօր այդ նույն նախկին իշխանությունը` այսօրվա ընդդիմությունը ժողովրդին վախեցնում է արդեն խաղաղությամբ, ասում է` «ժողովուրդ ջան, եկեք, օգնենք, մենք գանք իշխանության, թե չէ խաղաղություն կլինի»: Եվ սա չափազանց վտանգավոր, չափազանց այլանդակ մի քաղաքականություն է, որը կարող է ունենալ չափազանց վտանգավոր հետևանքներ մեր ժողովրդի և մեր պետության համար, բայց մենք` որպես կառավարող ուժ, դա թույլ չենք տալու, մենք ժողովրդից ստացել ենք մանդատ և այդ մանդատն իրացնելու ենք:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG