Մատչելիության հղումներ

Հանրային լայն ճնշման տակ հաշված օրերի ընթացքում Փաշինյանը պետք է հեռանա. Իշխան Սաղաթելյան


Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման իրազեկման քայլերթը: Այն Արշակունյաց պոողոտայով շարունակվում է դեպի Կենտրոն:

Այս քայլերթերն անցկացվելու են մինչև մայիսի 1-ը:

Նախքան երթի մեկնարկը ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ևս մեկ անգամ համախմբման կոչ արեց: Երթի ընթացքում ևս ընդդիմության լիդերները բարձրախոսներով դիմեցին անցորդներին, շենքերից նայողներին` միանալու կոչով:

«Րոպե–րոպե շարժումը թափ է հավաքում, ձևավորվել են բազմաթիվ դիմադրության օջախներ: Մեր քաղաքացիները ինքնակազմակերպվելով միանում են: Իշխանությունը մեկ հենարան ունի` ուժային կառույցներն ու մեր ոստիկանները, որոնք երբեմն կատարում են իր ապօրինի հրամանները, կարճ ժամանակ հետո նրանց էլ արդեն կհասկանան, որ անիմաստ է, ժողովուրդը ոտքի է կանգնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե մայիսի 1-ից ինչ քայլեր է անելու ընդդիմությունը, պատգամավորը պատասխանեց. «Հանրային լայն ճնշման տակ հաշված օրերի ընթացքում ինքը պետք է հեռանա: Ես ասում եմ` երեկվա զոհը պետք է լինի վերջինը, որ տեղի ունեցավ: Ամեն ինչ կա, մնում է` ժողովուրդը մի քիչ էլ ոտքի կանգնի, ամեն ինչ ավարտվելու է»:

Ընդդիմադիրները երկուշաբթի օրվանից «Զարթնիր Լաո» կարգախոսով տարաբնույթ ակցիաներ են կազմակերպում, անհնազանդության ակցիաներ իրականացնում:

Այս ցույցերին զուգահեռ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ իրենց աջակիցների հետ քայլերթեր են սկսել Տավուշի և Արարատի մարզերից: Նրանք բոլորը շարժվում են դեպի Երևան` նշելով, որ այստեղ կլինեն մայիսի 1-ին: Բացի այդ, Ազատության հրապարակում նստացույց է անում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով է փողոց դուրս եկել։ Պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչը հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG