Մատչելիության հղումներ

Մարիա Կարապետյանը` ընդդիմության ակցիաների, Արցախի մասին


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշում է` պատերազմից առաջ էլ իրենց մեղադրում էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում զիջումներ են անելու, ընդ որում հողային զիջումներ:

«Ինձ համար հասկանալի էր և հասկանալի դարձավ շատերի համար, որ այս մեղադրանքը բխում էր այն բանակցություններից, որոնք նախորդ իշխանությունները վարել էին, իրենք գիտեին` ինչ էին փաստաթղթերի վրա բանակցել և զիջել և այդ մեղադրանքն էին հնչեցնում` դրանով երևի թե փորձելով նաև կանխել մեր կողմից նման քայլով հակամարտության լուծման փորձ կատարելու հանգամանքից», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով ընդդիմադիրների բողոքի ակցիաներին:

Խորհրդարանական ընդդիմությունը վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց է դուրս եկել։ Պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչը հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։

Ստորև ներկայացնում ենք հատված Մարիա Կարապետյանի հետ զրույցից.

«Ազատություն». - Տիկին Կարապետյան, հնչող պահանջը` հրաժարական, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում: Արդյոք սա տրամաբանական չէ՞, որովհետև իշխանությունը հակառակը չի ասում` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:

Մարիա Կարապետյան. - Տեղի ունեցան ընտրություններ, այդ ընտրությունների ընթացքում, մոտավոր թվերը ասեմ, 650 հազար քաղաքացի քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 250 հազար, եթե չեմ սխալվում, գուցե 280 հազար` ներկա խորհրդարանական ընդդիմությանը, և մի քանի տասնյակ հազար քաղաքացու ձայն էլ վերաբաշխվել է այս ուժերին, որովհետև խորհրդարան չեն անցել իրենց ընտրած ուժերը: Հիմա մեր քաղաքացիները` այդ 250 հազար և ավելի, առհասարակ Ազգային ժողովում ուղղակիորեն չներկայացված քաղաքացիները նկատել և տեսել են չէ՞ 650 հազար քաղաքացու ընտրությունը, և հակառակը` մեզ ընտրած քաղաքացիները նկատել և տեսել են ընդդիմադիրներին ընտրած քաղաքացիների գոյությունը: Մենք հասկացել ենք, թե ինչ համամասնությամբ են մեր գաղափարները ներկայացված մեր հանրության մեջ, ձևավորել ենք խորհրդարան: Հիմա փորձում ենք առաջ մղել մեր նախընտրական ծրագրի օրակարգերը, կառավարությունն` իր կառավարության ծրագրի օրակարգերը և այդպես շարունակ:

Ի՞նչ է փորձում անել ընդդիմությունը այս իրավիճակում, ի՞նչ հարց է լուծում, ի՞նչ խնդիր է լուծում: Հայրենիքը ժողովրդից փրկել մի անգամ փորձել են առնվազն նոյեմբերի 9-ից հետո չէ՞, հայրենիքը ժողովրդից փրկում էինք, մենք ասացինք` չէ, վերադառնանք, ժողովրդին հարցնենք, ժողովուրդը որոշում կայացրեց: Հիմա չեմ հասկանում` երկրորդ անգամ պե՞տք է հայրենիքը ժողովրդից փրկեն: Ասում են` էլ լեգիտիմ չեք: Հիմա կարո՞ղ է օրումեջ, երբ որ իրենք հարց ունեն` արդյոք այդ 650 հազար քաղաքացին մտափոխվել է, այլևս մեծամասնությունը չենք, մենք նոր ընտրություններ անենք, նորից հարցնենք, ամեն անգամ, երբ իրենք ըստ իրենց` հիմնավոր կասկածներ ունեն այդ հարցի շուրջ:

«Ազատություն». - Բայց եթե օրակարգում Արցախի հարցն է, այսինքն` հայ ժողովրդի համար ճակատագրական մի հարց, և Դուք էլ վկայակոչում եք ընտրությունները: Ահա թե դուք ինչի դիմաց եք քվե ստացել, մեջբերեմ նախընտրական ծրագրից, որ «ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով, առաջնորդվելով անջատում հանուն փրկության սկզբունքով»:

Մարիա Կարապետյան. - Սրա մասին քննարկում ևս ունեցել ենք հետընտրական փուլում: Ես շատ եմ հիշում, երբ կառավարությունը կազմեց իր ծրագիրը և բերեց Ազգային ժողով, փոփոխությունները մեր նախընտրական ծրագրի և կառավարության ծրագրի, այսպես ասած, դրվեցին համադրության մեջ: Վարչապետն իր ներկայացման խոսքում ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը հայտարարություն է տարածել, որում առաջարկել է, որ կողմերն առանց նախապայմաններ ձևակերպելու համաձայնեն գալ բանակցային սեղանի շուրջ խոսելու, որպեսզի միասին ձևավորեն բանակցային օրակարգը, և դրանով է պայմանավորված, որ Հայաստանն իր կողմից ջանք է գործադրում և ի ցույց է դնում, որ չունի այդպիսի կոնցեպտուալ նախապայմաններ, որոնցով գալիս է բանակցային սեղանի շուրջ:

«Ազատություն». - Ձեր կարծիքով հիմնականում ինչո՞ւ են մարդիկ փողոց դուրս գալիս:

Մարիա Կարապետյան. - Կա թերևս խորհրդարանական ընդդիմությանը հարող ակտիվ քաղաքացիների խումբ, ովքեր ունեն ակտիվ քաղաքական դիրքորոշում և էդպիսի հայացքներ, բայց՝ այո, հարցը նրանում է, որ մենք ընտրությունների ժամանակ ֆիքսել ենք, թե որ պատկերացումների քանի քաղաքացի կա Հայաստանում, և մեր սահմանադրական համաձայնությունն է, որ մեծամասնությունն է կառավարում երկիրը, հաշվի առնելով փոքրամասնության, ընդդիմության դիրքորոշումները և կարծիքները: Այս իրավիճակը ֆիքսել ենք, հիմա ի՞նչ են փորձում անել, նորից փորձում են, որ խորհրդարանական մեծամասնությունը գա և խմբագրի՞ ժողովրդի քվեն, այսինքն ինչ-որ պահի մենք մեր մեջ սկսենք փայ-փայ անե՞լ իշխանությունը՝ ժողովրդին այդ գործընթացներից մի կողմ թողնելով, ուզում են, որ նոր ընտրություններ անե՞նք: Մի քանի ամիս է ընդամենը ընտրություններից անցել: ինձ համար անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, ու իմ խորին համոզմամբ՝ այն 250-280 հազար քաղաքացին, որ ընտրել է ընդդիմությանը, քանի որ համոզմունք գուցե ունեցել են, որ մեծամասնություն են կազմում, այդպես են տեսնում, մեծ մասը մարդկանց իրենց պես են տեսնում, նկատելով ընտրությունների արդյունքները այլ ակնկալիք ունի այժմ իր ընտրյալներից, իր պատգամավորներից, որ մենք կկարողանանք միասին փորձել աշխատել, մեր խնդիրների լուծման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG