Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում անցկացվող միջազգային համաժողովում հայտնել է, որ մայիսի սկզբին Բելգիայի մայրաքաղաքում կարող են հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները:
Ալիևը չի մանրամասնել, թե ինչ մակարդակով կանցկացվի հանդիպումը, ովքեր ներկա կլինեն երկու երկրներից և ինչ հարցեր են լինելու օրակարգում:
Համաժողովում ի շարս այլ հարցերի, Ալիևը խոսել է երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման հարցերի և հարաբերությունների բարելավման հնարավորությունների մասին:
«Կա Բրյուսելում մայիսի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ծրագիր»,- ասել է Իլհամ Ալիևը:
Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է խաղաղության օրակարգի մասին՝ Ալիևը շեշտել է․ - « Սա շատ կարևոր հարց է։ Մենք նույնպես պետք է կոնկրետ աշխատանք տանենք, միջոցներ ձեռնարկենք։ Ես կարծում եմ, որ հիմա մենք այս միջոցները ձեռնարկում ենք, Հայաստանի իշխանությունը խաղաղության մասին տարբեր հայտարարություններ է հնչեցնում»։
Ադրբեջանի նախագահը շեշտել է․ - «Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող շարունակել ապրել որպես մեկուսացված կղզի այս տարածաշրջանում, մեզ հետ հարաբերությունները կարգավորելու կարիք ունեն, նրանք պետք է հրաժարվեն տարածքային պահանջներից՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային և չպետք է վարանեն Հարավային Կովկասում եռակողմ մակարդակով որևէ հարաբերությունների հարցում»։
Համաժողովում Ալիևը գովեստով է խոսել Եվրամիության մասին և այն անվանել է Ադրբեջանի համար կարևոր գործընկեր:
«Մենք ունենք համագործակցության շատ լայն շրջանակ: Մենք համարում ենք Եվրամիությունը ազնիվ դերակատար և ողջունում ենք գործադրած ջանքերը: Եթե ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը չի գործում, ապա Եվրամիությունը կարող է իր դերը կատարել [հայ-ադրբեջանական] հարաբերությունների հաբերալման խնդրում»,- ասել է Ալիևը Բաքվում ընթացող համաժողովում:
Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը ապրիլի 6-ին էր՝ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։