Ռուսաստանի նախագահը հերթական անգամ պնդել է․ - «Փետրվարի 24-ին Ուկրաինայում և Դոնբասում սկսած մեր հատուկ օպերացիայի բոլոր խնդիրները անկասկած իրագործվելու են»։
Ռազմական գործողությունները ակտիվացնելուն զուգահեռ Մոսկվան սպառնում է կործանարար հարվածներ հասցնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն խանգարել ռուսական ծրագրերին։
Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է. - «Եթե ինչ-որ մեկը դրսից որոշի միջամտել Ուկրաինայի իրավիճակին և ստեղծի մեզ համար ռազմավարական բնույթի սպառնալիքներ, պետք է գիտակցի, որ մեր պատասխան հակահարվածը կայծակնային է լինելու»։
Նա շեշտել է, որ ռազմավարական սպառնալիքի դեպքում «կայծակնային հարվածների» հետ կապված բոլոր որոշումներն ընդունվել են։ Ընդ որում, այդ հարվածները Պուտինն անվանել է «պատասխան հակահարվածներ»։ Նշենք, որ ռազմական դոկտրիններում այս տերմինն օգտագործվում է միջուկային զենքի կիրառման հետ կապված։ Ռուսաստանի նախագահը հստակ չի ասել, թե կայծակնային հարվածներով որ թիրախներին և ինչ զինատեսակներով կարող են խոցել։ Նա ուղղակիորեն չի խոսել միջուկային զենքի մասին, բայց շեշտել է, որ խոսքն այն զինատեսակների մասին է, որոնք չունեն Ռուսաստանի հավանական հակառակորդները։
Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պարբերաբար հայտարարում են, թե Մոսկվան միջուկային զենք կիրառելու ծրագրեր չունի։ Մինչդեռ Ուկրաինան և Արևմուտքը չեն բացառում, որ ռուսական կողմը որոշակի փուլում դիմի նման քայլի, հատկապես՝ եթե չլինեն ռուսական կողմի համար շոշափելի հաջողություններ Ուկրաինայում։
Մոսկվային զայրացնում է Ուկրաինային զենք, այդ թվում ծանր սպառազինություն, տրամադրելու Արևմուտքի որոշումը։
Կրեմլի խոսնակն այսօր հայտարարել է, որ Ուկրաինան մեծ քանակով զենքի, այդ թվում ծանր սպառազինության մատակարարումը սպառնում է մայրցամաքի անվտանգությանը և հրահրում է անկայունություն։
Ռուսական զորքերը շարունակում են ինտենսիվ կրակը բոլոր ուղղություններով
Ինչ վերաբերում է ռազմաճակատում այսօր ստեղծված իրավիճակին, ապա ռուսական զորքերը շարունակում են ինտենսիվ կրակը բոլոր ուղղություններով։
Հատկապես ակտիվ ռազմական գործողություններ են այսօր ընթանում Խարկովի և Դոնեցկի շրջաններում։ Ռուսական կողմը ուզում է շրջափակել ուկրաինական ուժերին Դոնբասում՝ Սլավյանսկ, Կրամատորսկ, Սեվերոդվինսկ քաղաքների շրջանում՝ միաժամանակ հարձակվելով հյուսիսից (Խարկովի մարզից) և հարավից (Զապորոժիեի շրջանից)։ Սակայն առաջխաղացման տեմպերը, Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով, դանդաղում են։ Մեկ ամսում ռուսական զորքերը առաջ են գնացել մոտ 20–30 կիլոմետր, իսկ մի շարք շրջաններում ընդհանրապես առաջխաղացում չի եղել։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով, սպասվում է նաև ռազմական գործողությունների ակտիվացում Նիկոլաևի և Կրիվոյ Ռոգի ուղղությամբ։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևի մարզից ռուսական զորքերի դուրսբերումից հետո գլխավոր խնդիրը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքների գրավումն է։ Ռուս գեներալներից մեկը սակայն, վերջերս խոսելով Ուկրաինայում «հատուկ գործողության» ներկա փուլի նպատակների մասին, նշել էր ոչ միայն Դոնբասը, այլև Ուկրաինայի ողջ հարավը՝ մինչև ինքնահռչակ Մերձդնեստրի սահմանը գրավելու մասին։
Ռուսական կողմի այսօրվա գործողությունները վկայում են, որ Դոնբասով ռուսական կողմը հազիվ թե սահմանափակվի։ Երեկ ռուսական պետական գործակալությունները հայտնեցին մարտի սկզբից ռուսական վերահսկողության տակ անցած Խերսոնի շրջանում «ռազմաքաղաքացիական վարչակազմերի» ձևավորման մասին։ Այսօր արդեն հայտարարվել է, որ մայիսի 1-ից Խերսոնի մարզում շրջանառության մեջ է դրվելու ռուսական ռուբլին։
Թեև ռուսական բանակը ակտիվ հարձակման անցել է Ուկրաինայում, վերջին օրերին հաճախակի են դարձել պայթյունները սահմանակից ռուսական շրջաններում, մասնավորապես, Բոլգորոդի շրջանում։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հայտարարում են, թե Ուկրաինան ինքը պետք է որոշի՝ հարվածե՞լ Ռուսաստանի տարածքին, թե՞ ոչ։
Ուկրաինան կպաշտպանվի ռուսական ռազմական ագրեսիայից ցանկացած միջոցներով
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը Twitter-ում գրել է․ - «Ուկրաինան կպաշտպանվի ռուսական ռազմական ագրեսիայից ցանկացած միջոցներով, այդ թվում՝ հարվածներ հասցնելով ռուսական պահեստներին և բազաներին։ Աշխարհը ճանաչում է այդ իրավունքը»։
Նախօրեին Պոդոլյակը ասել էր, որ առաջիկա շաբաթներին Ռուսաստանի սահմանամերձ շրջանների «ապառազմականացման» ինտենսիվությունը զգալիորեն կաճի։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը BBC Breakfast-ին տված հարցազրույցում շեշտել էր․ - «Եթե Ուկրաինան իսկապես որոշի հարձակվել ռուսական բանակի նյութատեխնիկական ապահովման կառույցի վրա, ապա դա օրինական կլինի միջազգային իրավունքի տեսանկյունից»։
Ռուսաստանի Բելգորոդի, Կուրսկի և Վորոնեժի շրջաններում վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են պայթյուններն ու հրդեհները նավթի և զինամթերքի պահեստներում։ Ուկրաինան դեռ չի ստանձնել այս միջադեպերի անմիջական պատասխանատվությունը։
Ռազմական փորձագետների կանխատեսմամբ, ռազմական գործողությունների՝ ռուսական տարածք ներթափանցելու դեպքում Ռուսաստանի իշխանությունները ստիպված են լինելու երկրում ռազմական դրություն հայտարարել, ինչից մինչ այժմ խուսափում էին։