Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե դրսից որևէ մեկը միջամտի Ուկրաինայի իրավիճակին, և դա Ռուսաստանի համար ստեղծի անընդունելի սպառնալիքներ, ապա Ռուսաստանն ի զորու է կայծակնային հարվածներ հասցնել: Այդ մասին Պուտինն ասել է Սանկտ Պետերբուրգում Օրենսդիրների խորհրդի նիստում:
«Եթե որևէ մեկը մտադրվի միջամտել տեղի ունեցող իրադարձություններին և ստեղծի Ռուսաստանի համար անընդունելի ռազմավարական սպառնալիքներ, ապա պետք է իմանա, որ մեր պատասխանները հանդիպակած հարվածներիին կայծակնային կլինեն»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ այդ մասին է նախազգուշացրել դեռ «հատուկ ռազմական օպերացիայի» սկզբում և հիմա ուզում է դա կրկնել:
Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանն ունի դա ապահովելու բոլոր անհրաժեշտ հնարավորությունները:
«Մենք բոլոր գործիքներն ունենք դրա համար, այնպիսի գործիքներ, որոնցով ոչ ոք պարծենալ չի կարող, մենք չենք պարծենալու, մենք դրանք, եթե պետք լինի, կօգտագործենք: Եվ ես ուզում եմ, որ բոլորն իմանան այդ մասին: Մենք ընդունել ենք դրա վերաբերյալ բոլոր անհրաժեշտ որոշումները»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն անպայման կհասնի «հատուկ ռազմական օպերացիայով» սահմանված նպատակներին:
«Մեր զինվորները և սպաները, Դոնբասի աշխարհազորայիններն իրենց պարտքը հերոսաբար են կատարում: Բոլոր դրված խնդիրները կլուծվեն»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգում: