Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկուն:
Հանդիպման մեկնարկին Բլինքենը գովեստով է խոսել Ուկրաինային սատարելու Չեխիայի դիրքորոշման մասին:
«Միացյալ Նահանգները և Չեխիան վաղեմի բարեկամներ են, հզոր դաշնակիցներ և գործընկերներ, որոնք համագործակցում են շատ բնագավառներում: Մեր դաշինքի ամրությունն ապացուցվում է այս օրերին, երբ Ուկրաինան ենթարկվում է Ռուսաստանի ագրեսիային: Չեխիան Ուկրաինայի ամենաակտիվ աջակիցներից է և ապաստան է տվել ավելի քան 300 հազար ուկրաինացի փախստականների»,- ասել է Բլինքենը:
«Պարո՛ն քարտուղար, Էնթոնի՛, շնորհակալ եմ, այս հանդիպումը մեր բարեկամությունը և ամուր հարաբերությունները վերահաստատելու ևս մեկ առիթ է: Մենք հանդիպում ենք արտառոց ժամանակաշրջանում, Պուտինի պատերազմն Ուկրաինայի դեմ մի բան է, որը չենք տեսել Երկրորդ աշխարհամարտից հետո, դա միջազգային իրավակարգն ուժով փոխելու փորձ է»,- ասել է Լիպավսկին:
Պետական քարտուղարն ու նախարարն ընդգծել են արտակարգ իրավիճակում ՆԱՏՕ-ի շրջանակներում փոխադարձ օգնության կարևորությունը:
Երկու բարձրաստիճան դիվանագետներն այսօր Վաշինգտոնում ներկա կլինեն նախկին պետքարտուղար Մադելին Օլբրայթի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Օլբրայթը ծնվել է Պրահայում: Նրա ընտանիքը 1948 թվականին Չեխոսլովակիայում կոմունիստական հեղաշրջումից հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ ապագա դիվանագետը 1957-ին քաղաքացիություն է ստացել:
Բլինքենն ասել է, որ և՛ Չեխիան, և՛ Միացյալ Նահանգները «կարող են հպարտանալ արժանի դուստր Մադելին Օլբրայթով»: