Ռուս զինվորականները նախազգուշացրել են, որ կարող են հարվածել ուկրաինական «որոշում ընդունող կենտրոններին» Կիևում՝ վստահեցնելով, թե իրենց չի խանգարի այնտեղ արևմտյան խորհրդականների հնարավոր ներկայությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Մեծ Բրիտանիային հայտարարություններ անելու մեջ, որոնք խրախուսում են Ուկրաինային օգտագործել արևմտյան զենքը ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար, և նախազգուշացրել է, որ եթե դա տեղի ունենա, ռուս զինվորականները կարող են թիրախավորել կառավարական կառույցները Կիևում։
Նախարարությունն ուղղակիորեն մատնանշել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին, ով Times Radio-ին ասել է, որ եթե Ուկրաինային տրամադրված բրիտանական զենքը օգտագործվի ռուսական տարածքում թիրախները խոցելու համար, ապա «պարտադիր չէ, որ դա խնդիր դառնա»:
Ռուսաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունում ասվում է, որ «ռուսական զինված ուժերը շուրջօրյա պատրաստության մեջ են՝ Կիևում համապատասխան որոշումների կայացման կենտրոններին հեռահար ճշգրիտ ուղղորդված պատասխան հարվածներ հասցնելու համար»:
Մինչ այժմ ռուս զինվորականները խուսափում էին հարվածներ հասցնել Կիևում կառավարական և ռազմական գերատեսչությունների շենքերին: