Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավորը ևս ընդունում է՝ Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցն ինքնին աննախադեպ է


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցը Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակությունն է, ասում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը:

Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել էին՝ ստեղծել սահմանային համատեղ հանձնաժողով և նախապատրաստել խաղաղության պայմանագիր:

Արդյոք վերջին հեռախոսազրույցի ընթացքում այս հարցերի շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են, թե՝ ոչ, արտաքին գերատեսչությունը չի մանրամասնում։ Տեղեկություններ չունեն նաև խորհրդարանի իշխանական պատգամավորները։

«Կարծում եմ՝ հեռախոսազրույցը պետք է դիտարկել որպես Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան եռակողմ հանդիպման շարունակություն, որովհետև ինչպես հանդիպման ավարտից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել, օրինակ, մինչ ամսվա վերջ ձևավորել սահմանազատման և սահմանի անվտանգության ապահովման միջոցառումների համար աշխատանքային խումբ, և նաև արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել պատրաստվել խաղաղության բանակցությունների համար, և այս հեռախոսազրույցը կարելի է դիտարկել որպես շարունակություն այդ պայմանավորվածությունների և հանձնարարականների: Այսինքն պրոցեսն ընթանում է, ու այդ շրջանակներում հեռախոսազրույց են ունեցել», - ընդգծեց Խանդանյանը:

Թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Բաքուն երկու երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ նույնաբովանդակ հաղորդագրություններ էին տարածել։ Դրանցում ասվում է, որ Միրզոյանն ու Բայրամովը մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Երկու երկրների արտգործանախարարների միջև ուղիղ հեռախոսազրույցն ինքնին աննախադեպ է։ Նախկինում կողմերը առավելապես միջնորդների աջակցությամբ են շփվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հաստատված օպերատիվ կապը ավելի շուտ ուժային կառույցների միջև էր և այլ բնույթ էր կրում։

Վերջերս Արևմուտքից մեկ անգամ չէ, որ կողմերին միմյանց հետ ուղիղ խոսելու կոչեր են հնչել։ Այս ուղիղ զրույցը երկու պաշտոնյաների միջև պե՞տք է այդ հորդորների համատեքստում դիտարկել հետաքրքրվեցինք իշխանական պատգամավորից։

«Մեր կողմից կարող եմ ասել՝ սա լրացուցիչ ջանք է խաղաղության օրակարգն առաջ տանելու և ի վերջո տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունն ավելի իրատեսական դարձնելու համար: Ընդհանրապես ցանկացած խոսակցություն կարևոր է՝ կլինի դա երկկողմ ձևաչափում, թե բազմակող: Ցավոք, այս գործում միայն մեր ջանքերը չեն, որ արդյունք են բերելու, մենք պետք է համապատասխան ջանքեր տեսնենք նաև Ադրբեջանի կողմից, և այդ մթնոլորտը պետք է երկուստեք ապահովվի», - պատասխանեց Խանդանյանը:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ուղիղ ձևաչափով փոխգործակցություն հաստատելու այս փորձերը համարում է Մինսկի խմբի կենսունակության կորստի վկայություն։

«Այն, ինչ տեղի ունեցավ Բրյուսելում, փաստացի այն բանի արդյունքն էր, որ մեր աչքի առաջ տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի եթե ոչ մահը, ապա ամեն դեպքում Մինսկի խմբի կազմալուծում: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը չափազանց ծանր է», - նշեց քաղաքագետը:

Ղարաբաղյան հարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի հետագա ճակատագիրը օրերս հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո կասկածի տակ էր դրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պնդելով, թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում։

Այս հայտարարությունից 3 օր անց Երևան ժամանեց Ֆրանսիացի համանախագահը, որի այցից հետո Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարեց՝ Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը որպես Մինսկի խմբի համանախագահ։

Երեք համանախագահողները, սակայն, միասնաբար, ոչ առանձին -առանձին վերջին անգամ հայտարարություն էին տարածել անցած տարվա դեկտեմբերին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից առաջ։

XS
SM
MD
LG