Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է` ուկրաինական կողմի հետ բանակցություններում առաջխաղացում կա։
«Ես Ձեզ անպայման կտեղեկացնեմ ուկրաինական ուղղությամբ տիրող իրավիճակի մասին, առաջին հերթին այն մասին, թե ինչպես են ընթանում բանակցությունները, որ տեղի են ունենում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Ինչպես ինձ հայտնեցին բանակցողները մեր կողմից, այնտեղ որոշակի դրական տեղաշարժեր կան», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Թե հատկապես ինչ տեղաշարժերի մասին է խոսքը, Լուկաշենկոյի հետ հանդիպման բաց հատվածում Պուտինը չի մանրամասնել, փոխարենը խոսել է այն մասին, որ Ռուսաստանը պատժամիջոցներից չի վախենում, և բերել է Խորհրդային Միության օրինակը, որի դեմ գործում էին տարբեր պատժամիջոցներ, սակայն Պուտինի խոսքով` դրանք չէին խանգարում միությանը զարգանալ և դառնալ հզոր պետություն, այլ` ընդհակառակը։
ԽՍՀՄ-ը փլուզվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից 45 տարի անց ինքնակամ, մեծամասամբ տնտեսության աղետալի վիճակի պատճառով։ Եվ, ի դեպ, վերլուծաբանների համոզմամբ` նման պատժամիջոցները, որ այսօր գործում են Ռուսաստանի դեմ, երբեք չեն կիրառվել ոչ մի ուրիշ պետության, նույնիսկ Հյուսիսային Կորեայի դեմ։
«Նրանք են սկսել». Լուկաշենկոն հայտարարում է, թե Բելառուսի վրա էր հարձակում լինելու
Իր ռուս գործընկերոջ հետ այսօրվա հանդիպմանը Բելառուսի նախագահը բավականին ոգևորված էր, նույնիսկ հանգստացնում էր Պուտինին, հորդորում չարդարանալ պատերազմը սկսելու համար։ Լուկաշենկոյի խոսքով՝ Ուկրաինան և Արևմուտքն ուզում էին և դեռ ուզում են Բելառուսի վրա հարձակվել, դրա համար պետք չէ արդարանալ։
«Նրանք են սկսել։ Ես Ձեզ հիմա քարտեզների վրա ցույց կտամ, թե որտեղից էին նրանք ուզում հարձակվել Բելառուսի վրա: Եթե մենք չսկսեինք, նրանք ընդամենը վեց ժամ անց կհարձակվեին ընդհանուր զորավարժություններ անցկացնող բելառուսական և ռուսական ուժերի վրա։ Այնպես որ, մենք չենք սկսել այս պատերազմը, մեր խիղճը հանգիստ է։ Եվ լավ է, որ սկսել ենք», - ասել է Լուկաշենկոն։
Բելառուսը մինչ օրս Ուկրաինայում մարտական գործողություններին պաշտոնապես չի մասնակցում, համենայն դեպս Մինսկը այդպես էր հայտարարում մինչ օրս։ Այսօր, սակայն, պատերազմի մասին խոսելիս Լուկաշենկոն անընդհատ ասում էր` «մենք»` նկատի ունենալով Ռուսաստանը և Բելառուսը։
Մինչ օրս ուկրաինական հարցում Ռուսաստանին աջակցելու մասին հայտարարել է միայն Բելառուսը, ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ մյուս անդամները լռում են և պահպանում չեզոքություն։
Պուտին-Լուկաշենկո այսօրվա հանդիպման ինտրիգներից մեկն էլ դրա վայրն էր: Համացանցում լուրեր են տարածվում, որ առնվազն մի քանի շաբաթ է, ինչ Պուտինը մեկուսացել է Ալթայում գտնվող իր բունկերում։ Այս լուրերի ֆոնին` ռուսական պետական աղբյուրները բանակցություններից առաջ տարածել էին ենթադրաբար Լուկաշենկոյի ավտոմեքենայի լուսանկարը Կրեմլում և գրել․ «Լուկաշենկոն Պուտինի հետ բանակցությունների համար ժամանել է Կրեմլ»: Հետո էլ կարճատև տեսանյութ էին հրապարակել` ինչպես է Լուկաշենկոն մտնում ինչ-որ շենք` ենթադրաբար Կրեմլում։ Ռուսական կողմը սրանով ընդգծում է, թե նրանց բանակցություններն անցել են Մոսկվայում։
Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար Մոսկվան նաև կամավորների կներգրավի
Մոսկվան այսօր հայտարարեց, որ մարտական գործողություններին Ուկրաինայում ներգրավելու է արտասահմանցի կամավորների Մերձավոր Արևելքից:
Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ պաշտպանել է Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցելու ցանկություն հայտնող մարդկանց այնտեղ ուղարկելու գաղափարը։
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ արդեն բավականին շատ ցանկացողներ կան, մեծ մասը` Մերձավոր Արևելքից՝ 16 հազար մարդ։ Պուտինը պաշտպանել է Շոյգուի առաջարկը՝ նշելով, թե նույն է անում Արևմուտքը։ «Ուկրաինայի արևմտյան հովանավորները», նրա խոսքով, վարձկաններ են ուղարկում պատերազմի գոտի, և նրանք դա անում են բացահայտ՝ «անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»։
«Հետևաբար, եթե տեսնում եք, որ մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես անվճար, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, դուք պետք է օգնեք նրանց տեղափոխվել պատերազմական գոտի», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ պարզաբանել է, որ խոսքը Սիրիայից կամավորների մասին է:
Նախօրեին Կրեմլի խոսնակը, անդրադառնալով ժամկետային զինծառայողների հետ կապված սկանադալին, ասել էր, թե նրանք ռազմական գոտում են հայտնվել հակառակ Պուտինի հրամանի, և որ գլխավոր հրամատարն այդ մասին չգիտեր, ինչից հետո էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե ժամկետային զինծառայողներին արդեն դուրս են հանում ռազմական գոտուց։
Ռուսական կողմը այս երկու շաբաթվա ընթացքում միայն մեկ անգամ է հայտարարել ռուսական ուժերի կորուստների մասին՝ 498 մարդ, ուկրաինական կողմը հայտարարում է, որ ռուսական կողմի կորուստները 10 հազարից ավելի են։ Պենտագոնը նշել է 2 հազարից 4 հազար։ Ստուգել այս տվյալներն այսօր հնարավոր չէ։
Վերլուծաբանները նշում են՝ իշխանությունները վախենում են բողոքի ալիքից, երբ հայտնի դառնա, որ Կրեմլի հայտարարած ռազմական գործողության ժամանակ եղբայրական ուկրաինացիների դեմ պատերազմում ռուսները մեծ զոհեր են տվել։