Մատչելիության հղումներ

ՔՊ-ում բացառում են ՀԱՊԿ ուժերի ներգրավումը ռուս-ուկրաինական հակամարտությունում


ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյան (ձ) և Էդուարդ Աղաջանյան
ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյան (ձ) և Էդուարդ Աղաջանյան

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց, թե այս պահին օրակարգում նման հարց չկա։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բացառում է ՀԱՊԿ ուժերի ներգրավումը ռուս-ուկրաինական հակամարտությունում։

«Կարևոր է ֆիքսել, որ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատում են, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը։ Իսկ ռազմական գործողությունների տեղափոխում Ռուսաստանի Դաշնության տարածք առնվազն էս պահին հավանական ես չեմ համարում», - ասաց պատգամավորը։

ՀԱՊԿ պայմանագրի մեխանիզմերը առաջին անգամ գործակվեցին այս տարվա հունվարին, երբ խաղաղապահ ուժերն ուղարկվեցին Ղազախստան՝ համաձայն պայմանագրի 4-րդ հոդվածի, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ «մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն»։

Սա այդ դեպքը չէ, վստահ է իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը սահմանափակվեց այսքանով. - «Այս պահին օրակարգում նման հարց չկա։ Եթե իրավիճակ կոնկրետ լինի, ըստ իրավիճակի, ըստ հիմնավորվածության, կարծում եմ, հարցը կքննարկվի»։

Արդեն երկրորդ շաբաթն է Ուկրաինայում ռազմական գործողությունները չեն դադարում։ Պաշտոնական Երևանը մինչև այս պահը միայն արտգործնախարարի խոսնակի մակարդակով դեռ նախքան Ռուսաստանի հարձակումն էր հայտարարել, որ Հայաստանի օրակարգում չկա Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման հարց։

Պաշտոնական Երևանը, ըստ էության, խուսափում է որևէ դիրքորոշում հայտնելուց և կողմերից որևէ մեկին հակադրվելուց։

Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը վտանգավոր է որակում Հայաստանի իշխանությունների դիրքավորումը. - «Չափազանց վիճելի, չափազանց մեր երկրի համար վտանգավոր գործողություններ, իսկ որոշ դեպքերում՝ անգործություն, որը մեծ վտանգ կարող է ներկայացնել մեր երկրի համար։ Հայկական կողմը ցայսօր չի կարողացել կանխատեսելի դաշնակից և գործընկեր լինել տարածաշրջանի փաստացի ոչ մի երկրի համար։ Իրենք ժառանգել էին հայ-ռուսական դաշնակցային պայմանագիր, իսկ հաջորդ իշխանություններին իրենք փոխանցելու են ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիր»։

Հայաստանի իշխանությունների դիրքորոշման ավելի լավ ցուցիչ է միջազգային հարթակներում քվեարկությունները։ Նախ Հայաստանի ներկայացուցիչը Եվրանեսթի բյուրոյի փակ նիստում ձեռնպահ էր քվեարկել Ուկրաինայի սահմաններին տեղի ունեցողը դատապարտող հայտարարությանը։ Ապա Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակումից մեկ օր անց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրեց կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացված լինելու իրավունքը։ Դեմ էին քվեարկել միայն երկու երկիր՝ Հայաստանն ու Ռուսաստանը։

Այս քվեարկությունից արդեն մի քանի օր անց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Մոսկվայի ագրեսիային առնչվող բանաձևը քննարկման դնելու հարցին։ Ընդդիմության ներկայացուցիչները, քննադատելով իշխանության քայլերը, միաժամանակ խուսափում են հստակ մատնանշել, թե որն է իրենց դիրքորոշումը և ինչպես կվարվեին իրենք։

«Մեր դիրքորոշումը, ինձ թվում է, պետք է լինի տարանջատած՝ Ուկրաինայի ժողովուրդ, Ուկրաինայի կառավարություն։ Բայց ի վերջո Ուկրաինան, իմ կարծիքով, անհեռատես քաղաքականություն վարելով, բերեց այս վիճակին։ Եվ դրեցին Ռուսաստանին այնպիսի վիճակում, որ Ռուսաստանը չուներ այլընտրանք», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Վահե Հակոբյանը։

Վահե Հակոբյան
Վահե Հակոբյան

«Ազատության» ուղիղ հարցին, թե ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, Հակոբյանն արձագանքեց. - «Քանի որ իրավիճակը շատ անորոշ է, ու մենք չգիտենք վաղը ինչպիսի երկրում ենք զարթնելու, լինելու է այդ երկաթյա վարագույն, չի լինելու, մենք որ կողմում ենք հայտնվելու էդ երկաթյա վարագույրի, ես կարծում եմ, դեռ մենք պետք է շատ զգույշ քաղաքականություն վարենք»։

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն այս պահին տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևը ռազմական գործողությունների թեժ կետերից մեկն է։ Չնայած Հայաստանի իշխանությունները մինչև այս պահը չեն հստակեցրել, թե քանի հայ է տարհանվել պատերազմական գոտուց, իշխանական պատմագավորներն այսօր վստահեցնում էին, թե Հայաստանի քաղաքացիների համար ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով հայրենիք վերադառնալու համար:

XS
SM
MD
LG