Մատչելիության հղումներ

Ըստ Պեսկովի, Պուտինը հանձնարարել է պարզել, թե ինչպես են ոչ պրոֆեսիոնալ զինվորականները հայտնվել Ուկրաինայում


Գերեվարված ռուս ժամկետային ծառայողների մասին համացանցում հայտնված տեսանյութերի ֆոնին Մոսկվան երեկ ստիպված էր խոստովանել՝ այո, իսկապես, Ուկրաինայում պատերազմին մասնակցում են նաև ժամկետային զինծառայողները։ Մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը հավաստիացնում էր, թե Ուկրաինայի դեմ պատերազմին շարքայինները չեն մասնակցում և չեն մասնակցելու:

Սա թերևս ամենամեծ սկանդալն է ռուսական քաղաքական էլիտայում՝ Ուկրաինայի դեմ երկու շաբաթ առաջ սկսված պատերազմից ի վեր։ Անդրադառնալով դրան՝ երեկ Կրեմի խոսնակը հավաստիացրել է, թե Պուտինը՝ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, այս ամենից տեղյակ չի եղել։ Պեսկովը պնդել է, թե նա ռազմական գործողության մեկնարկից առաջ բոլոր հրամանատարներին հրահանգել է «կտրականապես բացառել ժամկետային զինծառայողների ներգրավումը Ուկրաինայի տարածքում որևէ առաջադրանք կատարելու համար»։

Սկանդալից հետո, ըստ Պեսկովի, Պուտինը հանձնարարել է Զինվորական դատախազությանը պարզել, թե ինչպես են ոչ պրոֆեսիոնալ զինվորականները հայտնվել մարտական գոտում։ Պաշտպանության նախարարությունն իր հերթին խոստովանել է, որ չնայած Պուտինի ու Կրեմլի հավաստիացումներին՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությանը նաև ժամկետային զինծառայողներ են մասնակցում։ Գերատեսչության հավաստմամբ՝ այս պահին նրանք արդեն դուրս են բերվում մարտական գործողությունների գոտուց։

Իշխանական վերնախավում ի հայտ եկած այս տարաձայնությունները նոր թափ են հաղորդել ռուսական աղբյուրներում շրջանառվող տեղեկություններին, թե նախագահ Պուտինն ու Պաշտպանության նախարար Շոյգուն հակասություններ ունեն։ Այդ աղբյուրները, մասնավորապես, պնդում են, թե Պուտինը Շոյգուին է մեղադրում Ուկրաինան արագ գրավելու ծրագիրը տապալելու մեջ։ Ընդդիմադիր գործիչներն ու վերլուծաբանները նույնպես կարծում են, թե Շոյգուն այսօր շատ հարմար թեկնածու է՝ քավության նոխազ դարձնելու համար։ Նա, ինչպես հարցումներն են վկայում, բարձր վարկանիշ ունի, և մեծ քաղաքական դերակատարում, ուստի, նրան պատժելով, Պուտինը կարող է մեղքի իր բաժինը նրա ուսերին դնել, և արդարանալ, թե իրեն «սխալ են զեկուցել»։

Շենդերովիչ. ռուսական քաղաքական ու տնտեսական էլիտայում ցնցումներ են սկսվել

Պուտինի կոշտ ընդդիմախոս, արձակագիր Վիկտոր Շենդերովիչը ևս «Ազատության» Настоящее время-ի հետ զրույցում պնդել է՝ ռուսական քաղաքական ու տնտեսական էլիտայում ցնցումներ են սկսվել, և շատերի, այդ թվում՝ Շոյգուի ու օլիգարխների շահերից է բխում, որ բուրգի առաջնորդը տապալվի։

«Դա հիանալի նվեր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Շոյգուի, առաջին հերթին Շոյգուի, քանի որ նա պոտենցիալ առաջին մեղավորն է, որին իշխանությունները կարող են գտնել։ Էլ չեմ խոսում Forbes-ի ամբողջ ցուցակի մասին, որը պարզապես քնում է և տեսնում, որ ամբողջ գողացվածը մնացել է, իսկ Պուտինն՝ անհետացել», - նշել է Շենդերովչը:

Այն, որ ինչ-որ բան այն չէ «Ուկրաինայում շարունակվող հատուկ գործողության հետ», ընդունում են նույնիսկ Կրմելի քարոզիչները: Ռեժիսոր Կարեն Շախնազարովը, օրինակ, «Ռոսիա 24»-ի եթերում երեկ խոսել է սխալ հաշվարկներից, և փաստել, որ չնայած ակնկալիքներին՝ ուկրաինացիները միասնական են, բանակը՝ մարտունակ է և որ մեծ հաշվով հակառակ ռուսական հեռուստաընկերության պնդումների՝ Ուկրաինայում ռուսներին ոչ ոք չէր սպասում:

«Հասկանո՞ւմ եք, եթե մենք ինչ-որ մտքեր ունենք՝ կիսել Ուկրաինան արևմտյան և արևելյան մասերի, կարծում եմ, չի ստացվի, նրանք միասնական են։ Ու մի բան էլ, որ ինձ շատ զարմացրել է, չկա այնտեղ այսօր որևէ քաղաքական ուժ, որը կարող է փոխարինել Զելենսկուն: Սա իրականություն է, և ինչ-որ բան պետք է անել», - ասել է Շախնազարովը։

Ավելի վաղ ռազմական գործողությունների ընթացքից բողոքել էր նաև Կրեմլի խոսափողը համարվող Վլադիմիր Սոլովյովը։ Ու թեև քննադատությունները արդեն նաև դաշնային հեռուստաընկերություններից են հնչում՝ ոչ արևմտյան, ոչ էլ ռուսական վերլուծաբանները այս պահին Պուտինին պաշտոնանկ անելու և ոչ մի սցենար չեն տեսնում։ Շենդերովիչն, օրինակ, ասում է, թե բոլոր նրանք, ովքեր կարող էին հակադարձել Պուտինին, դրա հնարավորությունը չունեն։

«Եվ ես կարծում եմ, որ մարդիկ, ովքեր կարող էին Պուտինին ինչ-որ կերպ առարկել, շատ ու շատ տարիներ է, ինչ հեռու են Պուտինից և չեն կարողանում նրան նույնիսկ մոտենալ», - ընդգծել է Շենդերովիչը։

Վերլուծաբանները միաձայն են, որ շարքային ռուսաստանցիները առաջիկա շաբաթներին արդեն սեփական մաշկի վրա կզգան պատերազմի կործանարար ազդեցությունը, ահռելի գնաճը, դատարկ խանութները, գործազրկությունը։ Նույն վերլուծաբանների մի զգալի մասը, միաժամանակ, համոզված է՝ այդ դժվարությունները հազիվ թե վերածվեն բողոքի գործողությունների, գոնե առաջիկա ամիսներին։

Տնտեսագետ Վլադիսլավ Ինոզեմցևը, օրինակ, կարծում է, որ ամառվա սկզբին արդեն ռուսաստանցիների մեծ մասը լիարժեք պատկերացում կունենա՝ ինչ է կատարվել իրենց հետ իրականում, սակայն սոցիալական բողոքի ակցիաները քիչ հավանական է համարում։

«Ես բացարձակապես չեմ ակնկալում սոցիալական բողոքի ակցիաներ, հեղափոխություններ՝ կապված սրա և այլնի հետ։ Բայց նրանք արդեն զգացել են պատժամիջոցները՝ արդեն տեսնում են դոլարի փոխարժեքը, արդեն տեսնում են փոխանակման կետերի աշխատանքի անհնարինությունը», - ասում է տնտեսագետը, կրկնելով, թե ռուսաստանցիները սոցիալական բունտի դուրս չեն գա։

Շենդերովիչն էլ է նրա հետ միակարծիք և ավելի հավանական է համարում ինչ-որ պահի , ոչ առաջիկայում, պալատական հեղաշրջումը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG