Մատչելիության հղումներ

«Ժամկետային զինծառայողները չեն մասնակցում և չեն մասնակցի մարտական գործողություններին». Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ռուսաստանի նախագահն այսօր հայտարարեց, որ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական գործողությանը ժամկետային զինծառայողներն ու պահեստազորը ներգրավված չեն և չեն լինելու: Ըստ Վլադիմիր Պուտինի, այսպես կոչված, հատուկ գործողությանը մասնակցում են միայն պրոֆեսիոնալ զինծառայողները:

«Ցանկանում եմ ընդգծել, որ ժամկետային զինծառայողները չեն մասնակցում և չեն մասնակցի մարտական գործողություններին, և պահեստազորի լրացուցիչ զորակոչ չի լինի: Միայն պրոֆեսիոնալ զինվորականները կարող են լուծել առաջադրված խնդիրները», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ընդ որում, այս մասին Պուտինը խոսել է Մարտի 8-ի կապակցությամբ հղած ուղերձում` վստահություն հայտնելով, որ ռուս զինվորականները «հուսալիորեն կապահովեն Ռուսաստանի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը»։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե ռազմական կամ արտակարգ դրություն Ռուսաստանում չի հայտարարելու։ Իր այս հայտարարությամբ Պուտինը փորձել է հանգստացնել ռուսաստնցիներին, ովքեր վախենում են, թե ստիպված են լինելու իրենց կամքին հակառակ մասնակցել ռազմական գործողություններին։ Իսկ նման մտավախություններ ունեցող ռուսաստանցիների թիվը օրեցօր ավելանում է, թեև, իհարկե, նման անկախ վիճակագրություն չկա, իսկ Կրեմլի պատվերով վիճակագրությունը ցույց է տալիս, որ ռուսաստանցիների գերակշիռ մասը աջակցում է Պուտինին և կողմ է ռազմական գործողություններին Ուկրաինայում։

Ռուսաստանցիներից շատերը հեռանում են երկրից

Այդուամենայնիվ, Փետրվարի 24-ից, երբ Պուտինը հայտարարեց Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին, ռուսաստանցիների մի զգալի մասը սկսեց լքել երկիրը: Խոսքը ոչ միայն լիբերալ հայացքներով մտավորականների, ընդդիմադիր հայացքներով հայտնի գործիչների մասին է, այլ նաև շարքային ռուսաստանցիների: Նրանք վախենում են պատերազմի սոցիալական, քաղաքական և տնտեսական հետևանքներից։

Ռուսաստանում ուժի մեջ է մտել նաև խիստ գրաքննությունը, որը խախտելու համար ցանկացած քաղաքացի կարող է մինչև 15 տարի ազատազրկման ենթարկվել։ Ռուսաստանցիներից շատերը հեռանում են երկրից՝ վախենալով իրենց ապագա կյանքի համար, հատկապես նրանք, ովքեր չեն ընդունում իշխանությունների քաղաքականությունը Ուկրաինայում և համարում են, որ պատերազմը եղբայրական ուկրաինացիների դեմ հանցագործություն է։

Ընդորում, եթե պատերազմի առաջին օրերին ռուսաստանցիները կարողանում էին մեկնել տարբեր երկրներ, հիմա դրանց մեծ մասն արդեն փակ է նրանց առջև: Հասանելի տարբերակներից Հայաստանը հուսալի տեսք ունի՝ կարելի է այնտեղ հասնել ռուսական ներքին անձնագրով և ապրել մինչև 180 օր, գումարած՝ Վրաստանը հեռու չէ, որը չնայած 2008-ի ռուս- վրացական պատերազմի, վաղուց է դարձել Ռուսաստանից արտագաղթի հանրաճանաչ վայր:

Վրաստանում, սակայն, ի տարբերություն Հայաստանի ռուսաստանցիները չեն կարողանում հանգիստ օգտագործել իրենց բանկային քարտերը, Երևանում նման սահմանափակումներ ռուսական քարտերի համար չկան։ Միայն Մոսկվայից օրական տասնյակ չվերթներ են իրականցվում դեպի Երևան։ Ու թեև թռիչքների քանակը մի քանի անգամ ավելացել է, տոմսերը շատ արագ են վաճառվում, գներն էլ աննախադեպ բարձրացել են։

Ավելացել է Հայաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը

Ավելին՝ ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ավելացել է Հայաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը:

«Հերթեր դեսպանատանը, իհարկե, չկա, սակայն կրկնակի ավելացել է թե՛ քաղաքացիություն, թե՛ վերադարձի վկայական ստանալ ցանկացողների թիվը։ Ընդորում, քաղաքացիության համար դիմում են ոչ միայն հայերը», - «Ազատությանն» ասել է դեսպանության ներկայացուցիչը։

Ընդհանրապես դեսպանությունը այսօր ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում, քանի որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանի քաղաքացիների մի մասը կորցրել է աշխատանքը և նոր անձնագրեր սպասելու հնարավորություն չունի ու ստիպված հայրենիք է վերադառնում վերադարձի վկայականներով։

Համացանցում տարածվում է նաև տեղեկություն այն մասին, որ ռուսաստանցի սահմանապահները երկիրը լքող ռուսաստանցիներին հաճախ են, այսպես ասած, անհարմար հարցեր տալիս, մասնավորապես, խնդրում են ցույց տալ պատերազմի մասին իրենց գրառումները սոցիալական ցանցերում։ Սակայն հաստատված փաստեր, որ ինչ-որ մարդկանց այս օրերին թույլ չեն տվել մեկնել երկրից չկան:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG