«Հանդիպում՝ զրոյական արդյունքով», այսպես կարելի է բնութագրել, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի՝ այսօր Անթալիայում կայացած բանակցությունները։ Կողմերից և ոչ մեկը շուրջ մեկուկես ժամ շարունակված այս բանակցությունների ընթացքում, այդպես էլ չկարողացավ հասնել իր առջև դրված հիմնական նպատակին։
Կիևում հույս ունեին, որ այս հանդիպման արդյունքում Ռուսաստանը կարող է հրադադար հայտարարել Ուկրաինայի տարածքում, իսկ Մոսկվան շարունակում էր պահանջել, որպեսզի ուկրաինական իշխանությունները ընդունեն դեռ պատերազմի սկզբում Կրեմլից ներկայացված պահանջները։
«Իմ տպավորությամբ այս պահին Ռուսաստանը ի վիճակի չէ հրադադար հաստատել, նրանց ցանկությունն է, որ մենք հանձնվենք։ Նրանք դա չեն ստանալու։ Ուկրաինան ուժեղ է, Ուկրաինան կռվում է, Ուկրաինան տապալել է Ռուսաստանի սկզբնական պլանները։ Մենք պատրաստ ենք հավասարակշռված դիվանագիտական լուծումներ գտնել այս պատերազմին վերջ տալու համար, սակայն մենք չենք հանձնվի», - պնդում էր Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով էլ ուկրաինական կողմը այսօրվա բանակցությունների ընթացքում հերթական անգամ անդրադարձել էր Զելենսկի-Պուտին դեմ առ դեմ հանդիպման կազմակերպմանը։
«Բոլորն էլ քաջատեղյակ են, որ նախագահ Պուտինը երբեք չի հրաժարվում շփումներից, մենք պարզապես ցանկանում ենք, որ այդ շփումները ինքնանպատակ չլինեն։ Դրանք պետք է ֆիքսեն շատ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Մենք այսօր այդ թեմային անդրադարձանք և հաստատեցինք, որ Ռուսաստանի նախագահը Զելենսկու հետ հանդիպումից չի հրաժարվում։ Հուսով եմ, որ մի օր գուցե նման հանդիպման անհրաժեշտություն և ծագի։ Դրա համար, սակայն, պետք է նախապատրաստական աշխատանք իրականացնել, որը ծավալվում է Բելառուսում ընթացող բանակցությունների շրջանակներում։ Այդ բանակցությունների երեք փուլ արդեն կայացել է, մեր կոնկերտ առաջարկները ներկայացվել են ուկրաինական կողմին, և նրանք մեզ խոստացել են, որ կլինեն հստակ պատասխաններ», -հայտարարում էր Լավրովը։
Առաջարկները կամ պահանջները, որոնց մասին խոսում է Ռուսաստանի արտգործնախարարը երեքն են՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ամրագրում և ապառազմականացում, Ղրիմի ճանաչում որպես Ռուսաստանի անբաժան մաս, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչում Կիևի կողմից։
Մի իրավիճակում, սակայն, երբ Ուկրաինայի արտգործնախարարը Մոսկվայի կողմից ներկայացված պահանջները կապիտուլյացիայի պահանջ է որակում, արդեն իսկ կարելի է արձանագրել, որ նախարարների այսօրվա հանդիպումը որևէ էական առաջընթաց չի արձանագրել, ոչ ռազմավարական և ոչ էլ զուտ տակտիկական, ընթացիկ խնդիրների լուծման տեսանկյունից։ Դրանք, ըստ ուկրաինական կողմի այսօր երկուսն են՝ գոնե 24-ժամյա հրադադարի հաստատումը և մարդասիրական միջանցքների ստեղծումը պաշարված քաղաքներից՝ նախևառաջ Մարիուպոլից խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար։
«Ամենաողբերգական իրավիճակն այժմ Ազովի ծովի ափին գտնվող Մարիուպոլ քաղաքում է։ Քաղաքը ենթարկվում է օդային հարվածների, հրետակոծության և ես մարդասիրական նպատակներով էի եկել այստեղ, որպեսզի հանդիպումն ավարտվի Մարիուպոլում մարդասիրական միջանցքի ստեղծմամբ։ Ցավոք սրտի, նախարար Լավրովն ասաց, որ չի կարող իր վրա վերցնել մարդասիրական միջանցքի ստեղծման պարտավորությունը, սակայն այս թեմայով կդիմի համապատասխան պաշտոնյաներին։ Մենք անդրադարձանք նաև 24-ժամյա հրադադարի թեմային, որը թույլ կտա լուծել առավել հրատապ մարդասիրական խնդիրները։ Այստեղ ևս առաջընթաց չկար, քանի որ, կարծես թե այս հարցով Ռուսաստանում այլ մարդիկ են որոշումներ կայացնում», -հայտարարում էր Կուլեբան։
Ռուսաստանի ԱԳ նախարարն այսօր մեկ անգամ էլ քննադատեց արևմտյան պետություններին՝ պնդելով, որ Միացյալ Նահանգների և նրա եվրոպական դաշնակիցների գլխավոր նպատակն ի դեմս Ուկրաինայի՝ «հակա-Ռուսաստան ստեղծելն էր»։ Լավրովի խոսքով՝ Արևմուտքը մինչև պատերազմը ոչ կառուցողական գործելաոճ էր որդեգրել, որն այժմ վերածվել է ակնհայտ վտանգավոր պահվածքի։
«Մենք տեսնում ենք, թե որքան վտանգավոր են գործում մեր արևմտյան գործընկերները, այդ թվում ԵՄ, որը հակառակ իր սկզբունքների և այսպես կոչված աժեքներին խրախուսում է մահաբեր զենքի առաքումը Ուկրաինա։ Խոսքը նաև շարժական զենիթա-հրթիռային համալիրների հազարավոր միավորների մասին է։ ԵՄ մեր գործընկերներին մենք հարցնում ենք՝ որտե՞ղ են ի վերջո հայտնվելու այդ զենիթային կայանքները, պատասխան չկա», - նշում էր Լավրովը։
Հավելենք նաև, որ այսօրվա բանակցությունները կազմակերպվել էին պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, դրան ներկա էր նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Նախկինում արդեն ասել եմ, որ Թուրքիան այս հանդիպմանը մասնակցում էր երկու կողմերի խնդրանքով։ Մենք այսօր միջնորդի դեր էինք ստանձնել՝ չբացահայտելով Թուրքիայի տեսակետը։ Հանդիպումն այնքան էլ դյուրին մթնոլորտում չանցավ, ինչը բնական էր՝ պատերազմը, ռազմական գործողությունները շարունակվում են։ Դրա հետ մեկտեղ կարող եմ ասել, որ սա շատ քաղաքակիրթ հանդիպում էր և կողմերն իրենց մոտեցումները պաշտպանում էին շատ քաղաքակիրթ ձևով», - հայտարարում էր թուրքական դիվանագիտության ղեկավարը։