«Մեր հանձնառությունն՝ ապահովելու խաղաղ տարածաշրջան, չի դադարելու», - «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ հակադարձելով ընդդիմադիրների պնդումներին, թե «խաղաղության օրակարգը չի աշխատում, որովհետև աշխատեցնողը Նիկոլ Փաշինյանն է»։
Ընդգծելով, որ իրենց նախընտրական փաստացի խոսույթում ամենահիմնական դերը տվել են հենց խաղաղության դարաշրջանին՝ Թորոսյանը շեշտեց՝ ոչ մեկ չի ասել, որ խաղաղությունը լիում է մեկ օրում, մեկ րոպեում, մեկ ամսում՝ նկատելով՝ ընդհանրապես խաղաղությունը միշտ զարգանալու տեղ ունի։
«Եթե նույնիսկ դու այսօր ունես հարաբերականորեն խաղաղ վիճակ, վաղը դու կարող ես ունենալ ավելի լավ վիճակ և այլն, և մենք էդ ճանապարհով գնալու ենք առաջ։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ այդ խաղաղության օրակարգին դեմ կան ուժեր՝ և՛ արտաքին, և՛ ներքին, դա ակնհայտ է, և մենք պետք է փորձենք այդ բոլոր մարտահրավերների դեմ պայքարելով գնանք առաջ», - ասաց իշխանական պատգամավորը՝ շեշտելով՝ պատրաստ են եղած ռեսուրսները զարգացնելով աճեցնելով ծառայեցնել խաղաղության օրակարգին։
«Այո, տեսնելով էդ բոլոր մարտահրավերները՝ և՛ անկայունությունը սահմանների վրա, և՛ ճնշումները՝ արտաքին, նաև, դժբախտաբար, ներքին, որովհետև փաստացի կան ներքին ուժեր, որոնք էլի չեն ուզում խաղաղություն, մենք այնուամենայնիվ պատրաստ ենք մեր եղած ռեսուրսների շրջանակում և էդ ռեսուրսները զարգացնելով աճեցնելով՝ մեր ռազմական ներուժը, բանակի բարեփոխումները, մեր դիվանագիտական ներուժը, տնտեսական ներուժը, մեր մտավոր և բոլոր ներուժերը ծառայեցնել էդ օրակարգին, որպեսզի մենք էդ մարտահրավերները հաղթահարելով գնանք առաջ, ու էդ առաջը վերջ չունի, մենք պետք է հավերժ գնանք առաջ էդ ճանապարհով», - եզրափակեց Թորոսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․