Մատչելիության հղումներ

«Խաղաղության հնարավորության պատուհան կա, որից պետք է օգտվել»․ Գարո Փայլան


Թուրքական մամուլն ու քաղաքական շրջանակները դրական են արձագանքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ուղղված գործընթաց սկսելու Անկարայի և Երևանի պատրաստակամությանը:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը երկուստեք հատուկ բանագնացներ նշանակելու որոշումը պատմական է համարել՝ հույս հայտնելով, որ հնարավորության այս պատուհանը լավագույնս կօգտագործվի:

«2020 թվականի պատերազմից հետո բոլորս միասին սկսեցինք խաղաղության մասին խոսել և հիմա հնարավորության պատուհան կա, որից պետք է օգտվել: Ե՛վ Թուրքիայի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքական այրերը պետք է պատասխանատվություն վերցնեն, որպեսզի այդ հնարավորությունը ի վերջո խաղաղության հանգեցնի: Ես, որպես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, հայտարարում եմ, որ ստանձնելու եմ այդ պարտավորությունը», - ասել է պատգամավորը:

Փայլանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գնալու կամք դրսևորելու համար:

Հայազգի պատգամավորը Թուրքիայի նախագահին, քաղաքական բոլոր կուսակցություններին և առաջնորդներին կոչ է արել աջակցել այս գործընթացին:

Փայլանը նաև համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է հստակ ճանապարհային քարտեզ մշակել և ջանքեր գործադրել կողմերի միջև վստահության բարձրացման համար: Այս համատեքստում նա կարևորել է համարել Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթների վերաբացումը, որին պետք է հաջորդի հայ-թուրքական սահմանի բացումն ու տնտեսական և մշակութային կապերի, ինչպես նաև դիվանագիտական կապերի հաստատումն ու փոխադարձաբար դեսպանությունների բացումը:

«Մինչև 2022-ի հունվարի 20-ը Անկարայում և Երևանում աշխատանքային խմբեր կստեղծվեն»

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի մասին ուշագրավ մանրամասներ է հայտնել Haber Türk լրատվականի իշխանական շրջանակներին մոտ կանգնած սյունակագիր Չեթիներ Չեթինը:

Նա գրել է, թե երկուստեք հատուկ ներկայացուցիչների նշանակումանը զուգահետ մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը Անկարայում և Երևանում աշխատանքային խմբեր են ստեղծվելու, որոնք զբաղվելու են ճանապարհային քարտեզի մշակմամբ:

Ըստ հոդվածագրի, ճանապարհային քարտեզը նախատեսվում է երեք փուլով գործարկել մինչև հաջորդ տարվա մայիս: Այս համատեքստում օրակարգ է գալու նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը Անկարան նախատեսում է գործարկել մայիս-հունիս ամիսներին:

Երկուշաբթի երեկոյան Մևլյութ Չավուշօղլուն թուրքական խորհրդարանում հայտարարեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին: Նախօրեին հայտնի դարձավ, որ Անկարայի բանագնացը կլինի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան, 63-ամյա փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը: Իսկ պաշտոնական Երևանը դեռ չի հայտարարել, թե ով է լինելու Հայաստանի բանագնացը Անկարայում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG