Մատչելիության հղումներ

Չնայած վերջին բախումներին՝ Փաշինյանը հավատարիմ կմնա խաղաղության օրակարգին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհասցե, առանց անուն տալու՝ ում նկատի ունի, կառավարության այսօրվա նիստում հայտարարում էր՝ շատերը փորձում են ապացուցել, որ հնարավոր չէ տարածաշրջանում խաղաղ զարգացման օրակարգ բացելը, իսկ իր ղեկավարած կառավարությունը հետևողականորեն առաջ է մղելու այդ խոստումը։

Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը կարճ այսպես կարելի է պատմել` հոխորտանք, սպառնալիքներ Հայաստանի հասցեին, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահանջ, հեգնական արտահայտություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին, նաև խոստում` Հայաստանի տարածքում ոչնչացնել անվտանգությանը նվազագույն սպառնալիքն անգամ, զգուշացում, թե ակնդետ հետևում են Հայաստանի բանակաշինությանը։

Հայաստանցի պաշտոնյաներն էին բացահայտել՝ սահմանային վերջին լարվածությունը, որ զոհերով ու վիրավորներով ուղեկցվեց, հենց հայկական կողմի սկսած ինժեներական աշխատանքների պատճառով էր ծագել, ադրբեջանցիները փորձել էին խոչընդոտել։

Քանի որ չկա կոնկրետություն, հայտնի չէ` Փաշինյանն Ալիևի հայտարարություններին էր արձագանքում, թե՝ ոչ, բայց բանակաշինության հարցին Հայաստանի վարչապետն այսօր իր խոսքում հպանցիկ անդրադարձել է:

«Ցավոք սրտի, շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին: Առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է, բայց նաև մյուս կողմից ասելու եմ, որ մեր հռչակած, մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատ-շատերն անընդհատ փորձելու են ապացուցել կամ ցույց տալ, կամ մղել մեզ այն մտքին, որ դա հնարավոր չէ: Մենք հետևողականորեն շարժվելու ենք այս ճանապարհով», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իշխանականներն այս պահին ձեռնպահ են մնում Ալիևին արձագանքելուց, Արտգործնախարարությունը լռում է։

Հայկ Մամիջանյանը չի բացառում ադրբեջանցիների առաջխաղացումը Հայաստանի ինքնիշխան տարածքում

Ընդդիմադիրները հայտարարում են՝ այդպիսի հռետորաբանությամբ Հայաստանի հետ խոսելու հնարավորություն Ալիևին տվել է Փաշինյանը:

Լայնամասշտաբ ռազմական գործողություններ տեսանելի ապագայում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը չի կանխատեսում, բայց չի բացառում ադրբեջանցիների առաջխաղաղացումը Հայաստանի ինքնիշխան տարածքում:

«Ասում է, որ մենք հետևում ենք Հայաստանի բանակաշինության գործընթացներին և անհրաժեշտության դեպքում խորը թիկունքում խոցում ենք իրականացնելու: Հաջորդ նախադասությամբ ինքն ասում է` Ադրբեջանը շարունակելու է զինվել, սպառազինություններ ձեռք բերել և այլն: Ինչի՞ վրա ենք զարմանում, Նիկոլ Փաշինյանը Հ1-ով փռայմ թայմով ադրբեջանական քարոզչական թեզերն է առաջ տանում. ՄԱԿ-ի բանաձևի 90-ականների հիշատակումն Ադրբեջանի քարոզչական օրակարգի հիմնական թեման է տարիներ շարունակ», - շեշտում է Հայկ Մամիջանյանը:

Հակամարտությունն արդեն լուծված է, Մինսկի խումբը, ըստ Ալիևի, չպետք է զբաղվի ղարաբաղյան խնդրով։ ԵԱՀԿ Մինսկի խմբին վերաբերող` Ալիևի հոխորտանքի հիմքերը պետք է փնտրել Ստոկհոլմում ու դրան հետևած անհասցե հայտարարություններում, ասում է պատգամավորը։

Մինսկի խմբի ձևաչափով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների դեկտեմբերյան հանդիպումը ադրբեջանական կողմը չեղարկեց։ Բաքուն որպես պատճառ նշեց Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Ստեփանակերտ, Երևանը ձախողված հանդիպման պատճառների մասին ոչինչ չհայտնեց:

«Հետևած Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ ընդամենը ափսոսանք էր հայտնվում: Պարզ է, որ այսպես է իրեն պահելու Ալիևը, նորմալ է աշխատանքը, ենթադրում էր` այդ հանդիպման չեղարկումից հետո անմիջապես հետո սկսել շատ լուրջ երեք ուղղություններով աշխատանք Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ` ստանալու հասցեական հայտարարություն: Ընդ որում, դա այդքան բարդ չէր, որովհետև դա Ադրբեջանի կողմից անարգանք էր Մինսկի խմբի ֆորմատին: Մենք դա չստացանք», - նկատում է Մամիջանյանը:

Իշխանությունները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն` ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել. Աննա Գրիգորյան

«Հայաստան» խմբակցությունից սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանն իշխանությունից պատասխան է պահանջում՝ ի՞նչ նկատի ուներ Ալիևը՝ խոսելով ավտոճանապարհների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից։ Եթե Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, երեկվա հարցազրույցում Ալիևը հայտարարում էր՝ հայկական կողմը Ադրբեջանից Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհ անցկացնելու համաձայնություն է տվել։

Վերջին մեկ տարվա ընթացքում հայկական կողմը մշտապես հերքում է, ադրբեջանականը՝ պնդում, թե Սյունիքով դեպի Նախիջևան միջանցք են ստանալու։ Ի՞նչի մասին է խոսքը, որտեղո՞վ է անցնելու այդ ճանապարհը, արդյոք անարգել երթևեկության,թե՞՝ մաքսային հսկողությամբ ճանապարհ տրամադրելու մասին է խոսքը, ԱԳՆ-ից հորդորեցին այս հարցերի պատասխանը ստանալ ապաշրջափակման հարցով հիմնական բանակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Այնտեղ մեր հեռախոսազանգերը անպատասխան թողեցին։

Երբ չկա արձագանք, ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ եղել է գաղտնի պայմանավորվածություն, որի մասին բարձրաձայնում է Ալիևը:

«Ալիևի հռետորաբանությունը միշտ այդպիսի ամբարտավան է եղել, բայց հիմա ի՞նչ է ասում, ասում է` կա որոշակի պայմանավորվածություն, և «Զանգեզուրի միջանցքը», ավելին` ոչ թե ընդամենը մի ճանապարհի և երկաթգծի մասին է խոսում, այլ ասում է` ամբողջ Զանգեզուրի շրջանը պետք է ներառի: Իշխանությունները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն` իրենք ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել, և արդյոք այս ռազմական էսկալացիան և այս հռետորաբանությունը միտված չէ նրան, որ հայկական կողմը իր իսկ կողմից ստանձնած պարտավորություններն իրականացնի», - ասում է Աննա Գրիգորյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG