Մատչելիության հղումներ

Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնում


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում, արխիվ

Պաշտոնական Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնում և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն: Այս մասին նախօրեին հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ:

«Ձեզ հետ երկու լուրով եմ ուզում կիսվել: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն: Մեր ամեն քայլում առաջ ենք շարժվելու Ադրբեջանի հետ միասին: Բացի այդ, առաջիկայում Ստամբուլ-Երևան չարթերային թռիչքներ են գործարկվելու», - հայտարարել է նա:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը, սակայն, չմանրամասնեց` ե՞րբ է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը, ե՞րբ են սկսելու աշխատել այս ուղղությամբ, և ովքե՞ր են լինելու այդ ներկայացուցիչները: Չավուշօղլուն նաև ընդգծեց, որ այս հարցում որոշումներ ընդունելիս խորհրդակցել են Ադրբեջանի հետ և միասին դիվանագիտական ջանքեր են գործադրում` տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման համար:

Պատասխանելով ընդդիմադիր «Լավ» կուսակցության պատգամավորի հարցին՝ թուրք նախարարը հստակեցրել է, որ առայժմ խոսք է գնում հատուկ ներկայացուցիչների, ոչ թե դեսպանների նշանակման մասին: Նա նշել է, որ եթե Հայաստանը դասեր քաղի վերջին դեպքերից և ընտրություն կատարի հօգուտ խաղաղության, ապա չի բացառվում նաև դեսպանությունների բացումը:

Հայաստանի ԱԳ նախարարությունը այսօր դրական է գնահատել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը և հաստատել՝ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակվի: Պաշտոնական Երևանը ևս, սակայն, այլ մանրամասներ չի հաղորդում։

Թուրքական մամուլը և տարածաշրջանային հարցերով զբաղվող մի շարք թուրք փորձագետներ Չավուշօղլուի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբ են համարում: Ստամբուլի Մարմարա, Քյուլթուր, Միմար Սինան համալսարանների պրոֆեսորները Անադոլու գործակալության հետ զրույցում երկու երկրների հաշտեցման հեռանկարը կարևորել են տարածաշրջանի կայունացման համատեքստում: Նրանք նշել են, թե Թուրքիայի հետ մերձեցումը առաջին հերթին Հայաստանի շահերից է բխում՝ տնտեսական լայն հնարավորություններ բացելով տասնամյակներ շարունակ փակ սահմաններով ապրող երկրի համար:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու Անկարայի հայտարարության ֆոնին ամերիկյան Bloomberg պարբերականը ուշագրավ մանրամասներ է փոխանցում այս գործընթացում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դերի մասին: Պարբերականը, հիմնվելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայից ստացած տեղեկության վրա, գրում է, թե հոկտեմբերի վերջին Հռոմում G20-ի շրջանակներում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը թուրք պաշտոնակցին կոչ է արել բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը։

«Անկարան հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավմանը, որոնք վերջերս լարված են ռուսական հակաօդային պաշտպանական համակարգերի գնման պատճառով: Էրդողանը 2023 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փորձում է կայունացնել երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամային վիճակը այդ նպատակով նպաստավոր քայլեր ձեռնարկելով արտաքին քաղաքական դաշտում», - գրում է Bloomberg-ը։

Հայ-թուրքական սահմանը փակ է Ղարաբաղյան առաջին պատերազմից՝ 1993 թվականից, նույն տարում փակվել էր նաև օդային սահմանը, սակայն այն բացվեց 1995-ին։ Չնայած 1991 թվականի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չեն ձևավորվել:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձ արվեց 2008-ին Սերժ Սարգսյանի օրոք մեկնարկած ֆուտբոլային դիվանագիտությամբ, սակայն Հայաստանի ու Թուրքիայի միջև 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները այդպես էլ մնացին թղթի վրա և գործընթացը հայտնվեց փակուղում: 44-օրյա պատերազմից հետո երկու երկրների հարաբերությունների բարելավման թեման կրկին օրակարգ եկավ անցած օգոստոսին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե Երևանից դրական ազդակներ են ստանում և պատրաստ են Հայաստանի հետ երկխոսության գնալ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG