Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանի գործը կարող է կարճվել. փաստաբան


ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյան
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի գործը կարող է կարճվել։ Ըստ փաստաբանի, ավելի քան մեկ միլիոն դոլարի յուրացման գործում ի հայտ են եկել նոր՝ մեղադրանքը հերքող փորձաքննություններ։

Ավելի քան երեք տարի գործը քննող Քննչական կոմիտեն, սակայն, չի շտապում ընդունել դրանք ի գիտություն։ Լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ Կոմիտեն պետք է ստուգողական գործողություններ իրականացնի, ինչից հետո միայն կորոշի՝ դադարեցնե՞լ Հայրապետյանի հետապնդումը, թե՞ ոչ։ Թե երբ են սկսվելու ստուգողական այդ գործողությունները, և ինչ ժամկետում կավարտվեն՝ ՔԿ-ից չեն հստակեցնում։

Հայրապետյանի փաստաբանը մինչդեռ, չսպասելով այդ ուսումնասիրության արդյունքներին, պնդում է, թե եղած փորձաքննություններն արդեն բավարար են, որ գործը կարժվի։ Ամրամ Մակինյանի պնդմամբ՝ Կոմիտեն պետք է արդարացնի Հայրապետյանին, և ոչ միայն. - «Ոչ թե Ռուբեն Հայրապետյանն է 562 միլիոն դրամի յուրացում կատարել, այլ դեռ ֆեդերացիան էլ 84 միլիոն դրամ Ռուբեն Հայրապետյանին պարտք է մնացել։ Քրեական գործ են հարուցում մարդիկ, բայց չգիտեն, որ մի օր գալու է ժամանակ, որ 562 միլիոն դրամը... դառնալու է պլուս 84 միլիոն դրամ։ Ախր մենք զգուշացրել էինք»։

Հայաստանի ամենազդեցիկ ու աղմկահարույց գործարարներից մեկի դեմ քրեական գործը հարուցվել էր թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց, նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանում և առանձնատանը կատարված խուզարկությունից հետո։ Ըստ մեղադրանքի, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ եղած տարիներին՝ 2012-ից 2018 թվականներին նա իր ենթակաների միջոցով չարաշահումներ էր թույլ տվել մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և նորոգման աշխատանքներում, և յուրացրել ավելի քան 1 միլիոն դոլար։ Հարապետյանը մեղադրանքը չէր ընդունել։

«Փաստաբանների հետ իմացել ենք, որ ինչի մասին է խոսքը՝ չարաշահումներ։ Ես էլ ասել եմ՝ միգուցե անփութորեն կարող ա սխալվել եմ։ Բայց ես միտումնավոր... որևէ մեկը չի կարող։ Եվ ես ճիշտ չեմ համարում տասնյակ միլիոններ ֆուտբոլում ներդրած մարդը կարող է ասենք մի միլիոն դոլար չարաշահի», - հարցազրույցներից մեկում ասել էր նա։

Այդ հարցազրույցից ամիսներ անց Հայրապետյանը մեկնել էր Ռուսաստան՝ բուժման նպատակով, և այլևս չէր վերադարձել։

Այս ընթացքում Հայրապետյանին պատկանող ողջ գույքը շարունակում է մնալ կալանքի տակ։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է, թե Հայրապետյանի գործով հնարավոր շրջադարձը շատ հարցեր է առաջացնում. արդյո՞ք իրավապահների փաստարկները հիմնավոր են եղել, կամ արդյո՞ք փորձաքննությունը պատշաճ է անցկացվել։ Գուցե ամեն ինչ թղթի վրա ճիշտ է եղել և չեն կարողացել պարզել եղելությունը։

Հեղափոխությունից հետո խոստացված, սակայն այդպես էլ չբարեփոխված արդարադատության համակարգը մի շարք կասկածներ է հարուցում, ասում է իրավապաշտպանը. - «Սա այն օրինակն է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող էին տեղի ունենալ ձախողումներ կամ անհաջողություններ, երբ որ դու առաջին հերթին դատաիրավական համակարգդ չես բարեփոխում, իրավապահ համակարգի արդյունավետությունը և որակը չես ապահովում։ Դրա մեջ մտնում ա զուտ անպայման, որ քննությունը մեղավորությունը հիմնավորի, այլ որ քննությունը չսկսվի, կամ քրեական գործ չհարուցվի առանց հիմքերի առկայության։ Որովհետև դուրս է գալիս, որ բոլորովին այլ ընկալում կա հանրության կողմից անձի գործունեության հետ կապված, և այդ ընկալումները չեն համախատասխանում քրեական գործերի բնույթին կամ նրանց արդյունքներին»։

Հայրապետյանը, ի դեպ, մեղադրյալ է մի շարք այլ գործերով։ Դրանցից մեկը, օրինակ, հարուցվել էր նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանում աշխատակցին բռնության ենթարկելու դրվագով։ Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ այս գործը կասեցված է՝ Հայրապետյանի թաքնվելու պատճառով։

Երրորդ գործը վերաբերում է 2014-ին կայացած մի աճուրդի, որով Երևանում 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը մի քանի անգամ պակաս՝ 169 միլիոն դրամով գնել են Հայրապետյանի հետ փոխկապակցված անձինք, ինչից հետո էլ այն ձևական նվիրատվություններով բաժին է հասել Հայրապետյանի ընտանիքի անդամներին։ Այս գործի նախաքննությունը դեռ շարունակվում է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG