Բերման ենթարկվելուց 3 ժամ անց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանն ազատ արձակվեց։ Նրան ոստիկանություն էին տարել ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով:
«Իմ կարծիքով՝ ինքը փնտրում է իմ մեքենայում ու գրպաններում «ՍՈւ-35»-ը, տանկեր՝ «Տ-90» տանկ, «ԲՏՌ» ու «ԲՄՊ»-ն: Դե բնականաբար, հասկանում եք՝ ում հանձնարարությամբ է», - հայտարարեց նա:
Հայրապետյանն իրեն բերման ենթարկելը ստալինյան ռեպրեսիաների հետ է համեմատում, համոզված է՝ իշխանությունները փորձում են իրեն վախեցնել։ Նախկին հանրապետական պատգամավորն անգամ վիրավորական արտահայտություններ հնչեցրեց ուղղված ոչ միայն ոստիկանությանը, այլև իշխանություններին. - «Նույնիսկ եթե պառկացնեին ասֆալտին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ժողովուրդ ջան, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ պառկեցնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, այդ էտ հաստատ լինելու է»:
Պնդեց՝ ոստիկաներն իր մոտ ապօրինի զենք-զինամթերք չեն հայտնաբերել. - «Իմ մոտ գոյություն ունի 3 հատ օրինական զենք, թույլատվություններն էլ հեսա գրպանումս դրված է, 3 օրինական զենք ունեցող մարդը երբեք անօրինական զենք ու զինամթերք չի պահում, ու իրենք էլ դա լավ իմանալով, հերթական, ես ձեզ ասում եմ, շոուն է», - համոզված է ՀՖՖ նախկին նախագահը:
Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանի խոսքով՝ Ռուբեն Հայրապետյանի հետ միասին բերման են ենթարկվել նաև նրա ընկերները, թե ովքեր, փաստաբանը չմանրամասնեց։ Ասաց միայն, որ բերման ենթարկելուն զուգահեռ նաև երկու մեքենա է ոստիկանությունը առգրավել։
«Ուզում եմ արձանագրել հետևյալը, որ պարոն Հայրապետյանի մեքենան չի տրամադրում մեզ ոստիկանությունը, ոչ իրավաչափ հիմա պահվել է անձի գույքը ոստիկանությունում: Պատճառաբանությունը հետևյալն է, որ թույլ տվեք՝ զննենք: Մենք թույլ չենք տալիս զննել, ու այս կամայականությունները, կամակորությամբ մենք որևէ բան թույլ չենք տալու», - ասաց պաշտպանը:
Մակինյանի խոսքով՝ իրենք թույլ չեն տալու մեքենաները զննել, մինչ դատարանի որոշում չլինի։ Ասում է՝ ոչ իրավաչափ է մեքենաները ոստիկանությունում պահելը։ Ի աջակցություն Հայրապետյանին՝ այսօր ոստիկանություն էին եկել նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։
Անցած տարեվերջին ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել Հայրապետյանի առանձնատանը: Նրա պաշտոնավարման տարիներին ֆեդերացիայում չարաշահումների գործը հարուցվել էր 4 հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացում, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով:
Այդ գործով օրերս հարցաքննվեց Հայրապետյանից հետո ֆեդերացիան ղեկավարած ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Հայրապետյանի պաշտպանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը վկայի կարգավիճակ ունի գործում և երեկ արդեն հարցաքննվել է։