51 հազար դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։ «Ազատության» հարցմանն ի պատասխան` այս գործը քննած Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց՝ այս գործին էր միացվել նաև Ուզունյանի՝ Հայաստանը լքելու գործը, որով քննվում էր՝ ում մեղքով ի վերջո նախկին դատավորը լքեց Հայաստանը։
Օհանջանյանը նաև ասաց, որ ոստիկանության ծառայողների արարքին հնարավոր կլինի գնահատական տալ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի հայտնաբերվելուց հետո:
Նախկին դատավոր Ուզունյանին առնչվող քրեական գործի մասին հայտարարվեց դեկտեմբերին: Մինչև նախաքննական մարմինը կհասցներ Ուզունյանին մեղադրյալ ներգրավել, նա լքեց Հայաստանը։ Օդանավակայանում Ուզունյանին պատկանող ճամպրուկում փամփուշտ էին հայտնաբերել։ Նրա փախուստից հետո քրեական գործ հարուցվեց պաշտոնեական անփութության համար։
Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է։ Քրեական գործն առնչվում է այն ժամանակահատվածին, երբ Ուզունյանը ղեկավարում էր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Ըստ Դատախազության` Ուզունյանը 2007-ին, ապա և 2014-ին, քաղաքացիներից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, մի դեպքում 13 հազար, մյուս դեպքում՝ 38 հազար դոլար։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ խորհրդարանի ամբիոնից անդրադարձել էր նաև Ուզունյանի՝ Հայաստանը լքելու հարցին.- «Մեր հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ այդ փաստով»:
Որն է պատճառը, որ տարբեր քրեական գործերում ներգրավված նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչները և նրանց մտերիմները արդեն երկու տարի է` հետախուզվում են, և Հայաստանի իրավապահները չեն կարողանում նրանց վերադարձնել Հայաստան։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, երեկ խորհրդարանի ամբիոնից պատասխանելով պատգամավորների հնչեցրած այս հարցերին, հայտարարեց՝ դատախազությունը ձեռնարկում է բոլոր միջոցները մեղադրյալներին Հայաստան վերադարձնելոիւ համար.- «Բարձր ամբիոնից վստահեցնում եմ, որ այդ ուղղությամբ դատախազությունը բոլոր միջոցներն է ձեռնարկում»:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, մինչդեռ, քննադատում է հենց իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։ Պնդում է՝ հենց նրանց մեղքով են մեղադրյալները հերթով հեռանում Հայաստանից.- «Ես վստահ եմ, որ առանց հովանավորչության հնարավոր չի այսպիսի մեծ ծավալով արտահոսք մեղադրյալների, ուղղակի հնարավոր չի, եթե ներսից չլինի հովանավորչություն, դա բացառեք երբևէ: Միայն իրավապահ մարմինները կարող են, այսպես ասած, կարգավորել, իրենք կարող են որոշել` որ պահին կարելի է և պետք է մեղադրանք առաջադրել, նպատակահարմար գտնեն` որ պահին կարելի է մեղադրանք առաջադրել: Այդ նպատահարմար գտնելուց առաջ իրենք կարող է տեղեկություն փոխանցեն, ինչու ոչ նաև այդ տեղեկությունը վաճառեն»:
Հեղափոխությունից հետո հետախուզվողներից Հայաստան է վերադարձվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան հայտնաբերել էին Պրահայում, իրավապահներին նա ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։ Անցած դեկտեմբերին Հայաստան վերադարձված Նարեկ Սարգսյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար։ Նրա արտահանձնման գործընթացը տևեց մեկ տարուց ավելի։
Գլխավոր դատախազը նաև հայտարարել էր, թե խոչընդոտ է ծագել Հայաստանի քաղաքացու արտահանձնման հարցում, երբ պարզվել է, որ նա Ռուսաստանի քաղաքացի է.- «Այո, ինքը հեշտ գործընթաց չէ, և խոչընդոտ եք հարցնում` ի՞նչ ակնհայտ խոչընդոտ կա, օրինակ` անկհայտ խոչընդոտ է, երբ մեր գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, և նա նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է»:
Խոսքը Մարտի 1-ի գործով մեղադրյալ, 2008-ի հետընտրական իրադարձությունների հետևանքով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասին է։ Դեռ 2018-ի դեկտեմբերին գործը քննող ՀՔԾ-ն Ռուսաստանից ստացել էր պատասխան, ըստ որի Միքայել Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, հետևաբար նրան չեն կարող արտահանձնել։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հայտարարում է՝ դատախազությունը պարտավոր էր ստուգել՝ երբվանից է Միքայել Հարությունյանը դարձել ՌԴ քաղաքացի: Ըստ «Ինտերֆաքս»-ի` ռուսական կողմը նշել էր, որ 2002-ից Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ ՌԴ Սահմանադրությամբ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում:
«Եթե ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եղել բարձր պաշտոններ զբաղեցնելու պահից, ուրեմն կատարվել է նաև այլ հանցագործություն, այսինքն` Հայաստանի Հանրապետության բարձր պաշտոնների նշանակելու գործընթացը խախտվել է, այսինքն` մարդիկ են եղել, ովքեր потенциално ծառայել են ոչ թե Հայաստանի համար, կարող էին ծառայել իրենց քաղաքացիության բնույթով` ունենալով որոշակի քաղաքացիություն, ոչ միայն Հայաստանի, այլ նաև այլ երկրների»,- նշեց Կարապետյանցը:
Գլխավոր դատախազը երեկ խոսել էր նաև հետախուզման մեջ գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մասին։ Արթուր Դավթյանն ասել էր, որ մի քանի հոդվածներով մեղադրվող Հայրապետյանը, որ Ռուսաստանում է, ցանկություն էր հայտնել գալ Հայաստան, անգամ Ռուսաստանում Հայաստանի դեսպանն էր ասել՝ կաջակցի նրան հասնել հայրենիք։ Բայց Հայրապետյանն այդպես էլ դեսպանություն չդիմեց, հայտարարել էր գլխավոր դատախազը։
Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ իր պաշտպանյալն իսկապես ցանկություն ունի հայրենիք վերադառնալ, բայց Մոսկվայում գտնվող Հայրապետյանին բժիշկները ցուցում են տվել մեկուսանալ։ «Մինչդեռ այս մասին գործը քննող Քննչական կոմիտեն լռում է,- ասաց փաստաբանը,- Ռուբեն Հայրապետյանը մի քանի չարորակ քաղցկեղ ունի: Ո՞վ կարող է մեզ երաշխիքներ տրամադրել, որ բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ ունեցող անձի տեղաշարժման պայմաններում, այդ մեկուսացման ռեժիմը խախտելու պայմաններում չկա ռեալ վտանգ` վարակվելու կորոնավիրուսով իր ամենավատ հետևանքներով»:
Ինչպես Ռուբեն Հայրապետյանն, այնպես էլ հայաստանյան իրավապահների կողմից հետախուզվողների կեսը գտնվում է Ռուսաստանի դաշնությունում։