Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել. փաստաբան


Ռուբեն Հայրապետյանը, արխիվ
Ռուբեն Հայրապետյանը, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Հարցաքննության է կանչվել այն դեպքում, երբ ես երեկ արդեն 3-րդ անգամ գրավոր նշեցի, որ մարտի 16-ից Հայրապետյանը գտնվում է արտերկրում, ու բոլորը գիտեն, որ ցամաքային սահմանները փակ են, հանրահայտ փաստ է, որ ավիահաղորդակցություն չկա։ Վարույթն իրականացնող մարմինը հենց այս իրավիճակից օգտվում է, փորձ է անում պատրանք ստեղծել, որ Ռուբեն Հայրապետյանը խուսափում է քննությունից։ Շաբաթ օրը ծանուցում են ուղարկում հարցաքննության ներկայանալու, որ ամսի 18-ին առավոտյան շուտ Ռուբեն Հայրապետյանը ներկայանա։ Սա ուղղակի իրավական առումով ծաղր է, քրեական դատավարության օրենսգիրքը ոտնատակ են տալիս ինչ-որ հանձնարարություններ կատարելու կամ արդյունքներ ակնկալելու համար»,- ասաց փաստաբանը։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ կա հարուցված քրեական գործ, սակայն թե մասնավորապես ինչ քրեական գործի մասին է խոսքը, առաջիկայում հաղորդագրությամբ հանդես կգան։

Ըստ փաստաբանի տեղեկությունների՝ այս գործը կապվում է Հայրապետյանների ընտանիքին պատկանող Սևանի «Հարսնաքար» ընկերության հետ։ Փաստաբանը պատմեց, որ տարիներ առաջ համալիրի տնօրենը առանց սեփականատերերի գիտության խարդախություն է արել ու իբրև ընկերության համար, սակայն սեփական կարիքների համար մոտ 60 մլն դրամի գումար է կանխիկացրել. - «Համոզված ենք, որ առերևույթ հանցագործություն կատարած անձն այս գործում կունենա տուժողի կարգավիճակ, իսկ թե ինչ մեղադրանքներ կառաջադրվեն հայր ու որդի Հայրապետյաններին, շուտով կիմանանք»։

Մակինյանի պնդմամբ՝ 2016-ին տնօրենի կատարած գործողությունները Հայրապետյանները բացահայտել են ու պահանջել վերադարձնել գումարը, որից որոշակի հատված արդեն իսկ վերադարձված է, տնօրենն էլ ազատված է աշխատանքից։ Փաստաբանի փոխանցմամբ՝ առողջական խնդիրները կարգավորելու, ինչպես նաև սահմանները բացվելու պարագայում Ռուբեն Հայրապետյանը կվերադառնա Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG