Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ


Ռուբեն Հայրապետյան, արխիվ
Ռուբեն Հայրապետյան, արխիվ

Քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, իրապահահները նաև դիմել են դատարան՝ նրան կալանավորելու միջնորդությամբ, որոշում դեռ չի կայացվել։

Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ հետախուզման համար հիմքեր կան։

«Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում վարույթն իրականացնող մարմնից վերջինիս թաքնվելու հիմքով», - ասաց Եգանյանը:

Հայրապետյանը մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար։ Նույն արարքների համար մեղադրվում է նաև որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, ևս 4 հոգի։ Ռաֆիկ Հայրապետյանի և ևս երկուսի նկատմամբ իրավապահները հետախուզում են հայտարարել օրեր առաջ։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Ռաֆիկ Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը։

Հայր և որդի Հայրապետյանների փաստաբանը օրեր առաջ պնդել էր, որ գործում որևէ փաստ չկա։ Ամրամ Մակինյանը երեկ երեկոյան Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումն անհիմն է, միևնույն ժամանակ՝ առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին իրենք պատշաճ իրազեկել են։

Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը Մոսկվայում է, հետևաբար Քննչական կոմիտեն դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն ու խնդրել է աջակցել Հայրապետյանին վերադառնալու հարցում։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ռուբեն Հայրապետյանը իր հերթին Մոսկվայից զանգահարել է քննիչին ու հայտնել, թե ցանկանում է վերադառնալ, բայց քանի որ թռիչք չկա, չի կարող։ Դեսպանը, սակայն, հայտարարել էր, որ դիմելու դեպքում կկազմակերպի Հայրապետյանի վերադարձը մայիսի 25-ի Մոսկվա - Երևան չվերթով։ Թռիչքը տեղի է ունեցել, բայց Հայրապետյանը, փաստորեն, Հայաստան չի վերադարձել։ Հայաստանի արտգործնախարությունից փոխանցում են, որ այսօրվա դրությամբ Հայրապետյանը դեսպանատուն չի դիմել։

Քննչական կոմիտեն հայտնում է՝ Հայրապետյանի կազմակերպմամբ իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավար Հայկ Շահնազարյանն ազատությունից ապօրինի զրկվել ու շուրջ 22 օր պահվել է «Հարսնաքարում»՝ ենթարկվելով ծեծի ու նվաստացումների։ Համալիրի աշխատակիցների ներկայությամբ նրան պարտադրել են մաքրություն կատարել տարածքում։ Առանց Հայրապետյաններին տեղյակ պահելու, դեռևս 5 տարի առաջ Շահնազարյանը Հայրապետյանների ընտանիքին պատկանող բանկից 52 միլիոն դրամ վարկ է ստացել։ Մի մասն օգտագործել է համալիրի գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած 30 միլիոն դրամով սեփական տաքսի ծառայություն է հիմնել։ 52 միլիոն դրամը ստանալու համար Ռուբեն Հայրապետյանը հայհոյանքներ տալով էլեկտրաշոկերով հարվածել է իր աշխատակցին՝ պահանջելով գումարը։ Իսկ որդին ստիպել է «Հարսնաքար» կանչել աշխատակցի մորը, քրոջը, տատին, ընկերուհուն, ընկերներին, որոնց ներկայությամբ ճնշումների է ենթարկել։

Բացի այդ, Հայրապետյանների հանձնարարությամբ մի խումբ մարդիկ համալիրի աշխատակցին տեղափոխել են Ոստիկանություն՝ նրան պատկանող ավտոմեքենաները առուվաճառք կատարելու և վարկային կազմակերպություններից վարկեր ստանալու համար։

Շուրջ մեկ ամիս «Հարսնաքար»-ում փակված Հայկ Շահնազարյանն իր հետ տեղի ունեցածից հետո Հայրապետյաններին է տվել իր ոսկե ապարանջանը, երկու ավտոմեքենա, ընտանիքի անդամները վաճառել են իրենց ոսկյա զարդերը, տաքսի ծառայության ավտոմեքենաները, ընկերը տվել է 48 հազար 300 դոլար և 240 հազար դրամ։ Բացի այդ, Հայկ Շահնազարյանի ընկերուհին նրանց է հանձնել ընկերոջ նվիրած հեռուստացույցն ու 450 հազար դրամ արժողությամբ ոսկյա զարդերը։

Հայր ու որդի Հայրապետյանները Շահնազարյանից պահանջել են նաև իրենց հանձնել տատի առանձնատունը, այն գրանցել են իրենց մտերիմ անձի անունով՝ այդպիսով զրկելով վերջիններիս միակ կացարանից։

Բացի մեղադրյալի կարգավիճակից, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Ֆուտբոլի ֆեդերացիային առնչվող քրեական գործով ունի վկայի կարգավիճակ՝ Ազատությանը փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը։ Նրա պաշտոնավարման տարիներին Ֆեդերացիայում չարաշահումների գործը հարուցվել էր 4 հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության համար:

Անցած տարեվերջին ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել Հայրապետյանի առանձնատանը։ Նա բերման էր ենթարկվել ոստիկանություն՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով: Հայրապետյանն իրեն բերման ենթարկելուց հետո ասել էր. «Նույնիսկ եթե պառկացնեին ասֆալտին, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ պառկացնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրանց վար, այ էդ հաստատ տենց լինելու ա»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասում է, որ արդեն նորություն չեն նախին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հետախուզումները։ Եթե անմեղ են, ինչպես պնդում են, թող գան և կանգնեն դատարանի առջև, ասում է իրավապաշտպանը:

«Եթե նրանք խուսափում են արդարադատության առաջ կանգնելուց, եթե նրանք հեռանում են Հայաստանի Հանրապետությունից, այնպես որ արդեն ստիպված են նրանց նկատմամբ հետախուզում հայտարարել, նշանակում է՝ նրանք իրենց քայլով ընդունում են իրենց վերագրվող հանցագործությունները, ընդունում են իրենց մեղքը, սա է ամբողջ խնդիրը: Խոսքս չի վերաբերում միայն Ռուբեն Հայրապետյանին», - ասաց Վարդան Հարությունյանը:

Նախկին իշխանության ավելի քան մեկ տասնյակ ներկայացուցիչ հետախուզվում է, նրանց կեսը գտնվում է Ռուսաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG