Մատչելիության հղումներ

Հայրապետյանը հաստատում է՝ ՀՖՖ-ի համար շինարարություն իրականացրած ընկերությունը պատկանել է իրեն


ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր առանձնատան դիմաց, Երևան, 13-ը դեկտեմբերի, 2019թ․
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր առանձնատան դիմաց, Երևան, 13-ը դեկտեմբերի, 2019թ․

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) համար շինարարություն իրականացրած «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ընկերությունը պատկանել է ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Այս մասին Հայրապետյանը հայտարարեց երեկ՝ արդեն երկրորդ ծավալուն հարցազրույցում, որը հաջորդեց ֆեդերացիային առնչվող քրեական գործի հարուցմանը։

«Այո, և կահույքի ֆաբրիկայի սեփականատերը ես եմ: Բանկը ի՞նչ կապ ունի, բանկի սեփականատերը չորս տարի առաջ, խորհրդի նախագահը եղել եմ ես, բայց բանկը վաճառվել ա, բայց բանկը ի՞նչ կապ ունի սրա հետ: Էդ նշում են անընդհատ, դա էլ ա, էդ իմ թվարկած տեխնոլոգիաների մեջ է մտնում․․․ Ի՞նչ կապ ունի «Զարգացման հայկական բանկը», ծիծաղելի ա, էս գործարքների հետ: Այո, ֆեդերացիա, ես նախագահն եմ եղել էն ժամանակ, այո, շինարարական կազմակերպությունն իմն ա եղել, սեփականատերն եմ», - ասաց Ռուբեն Հայրապետյանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի առանձնատանը անցյալ շաբաթ տեղի ունեցած խուզարկությունից հետո լրատվամիջոցներից մեկում տեղեկության արտահոսք եղավ, որ ըստ Ոստիկանության բացահայտման՝ Հայրապետյանը 2012-ից 2018 թվականներին իր ենթակաների միջոցով կազմակերպել է երկրի մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և նորոգման աշխատանքներ, ապա, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով նախատեսված աշխատանքները, կազմել է իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր, յուրացրել խոշոր գումարներ: Ռուբեն Հայրապետյանն արձագանքեց այս հրապարակմանը։

«Փաստաբաններից իմացել ենք, որ ինչի մասին է խոսքը: Ասենք թե՝ չարաշահումներ, ես գիտեմ՝ չարաշահումներ, ես էլ ասել եմ՝ միգուցե անփութորեն կարող ա սխալ ա, բայց ես միտումնավոր, որևէ մեկը չի կարող, և դա ես ճիշտ չեմ համարում, տասնյակ միլիոններ ֆուտբոլում ներդրած մարդը որ կարող է, ասենք, մի միլիոն դոլար, օրինակ, չարաշահի», - նշեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը:

Բայց թե մասնավորապես որքան գումարի չարաշահման մասին կասկածներ կան, իրավապահները դեռևս չեն հայտնում։ Ֆեդերացիայում չարաշահումների մասին քրեական գործով նախաքննությունն իրականացնող Քննչական կոմիտեն մինչ այս պահը միայն հայտնել է, որ գործը հարուցվել է 4 տարբեր հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական անփութության համար:

«Եթե կտենան, որ յուրացումներ եղել ա, խնդիր չկա: Ես նորից եմ կրկնում՝ եթե իմ անգործության, իմ անփութության, իմ մեղքով որևէ գումար ֆեդերացիայից կորել է, ես կվերականգնեմ դա», - ասաց Հայրապետյանը:

Դեռ հոկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակ» կայքը հետաքննություն էր արել Ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող 4 ակադեմիաների կառուցապատման ու նորոգման աշխատանքների մասին։ Թե ինչ ընկերություններ են կառուցել Ավանի, Գյումրիի, Վանաձորի և Վաղարշապատի ակադեմիաների շենքերն ու մյուս ենթակառուցվածքները, որքան գումար են տրամադրել դրանց կառուցապատման համար ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն, արդյոք հայտարարվել են կառուցապատման ընկերությունների մրցույթներ և այլն, Ֆուտբոլի ֆեդերացիային ուղղված նմանօրինակ հարցումները մնացել են առանց պատասխանների, հայտնում է կայքի խմբագիր Անի Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ այդ ժամանակ ֆեդերացիայի ղեկավարը դեռևս ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն էր։ Կայքն ի վերջո այդ ակադեմիաների կառուցապատողի մասին տեղեկությունը ստացել է Կադաստրից. բոլոր 4 ակադեմիաների շինարարությունն արել է «Զեյթունի կահույքի ֆաբրիկան»։

«Ընկերության կանոնադրության մեջ նշված է, որ բաժնեմասերի 99 տոկոսի սեփականատերը Ռուբեն Հայրապետյանն է: Խնդիրն այն է, որ ինչպես արդեն նշեցիք, մենք մի քանի անգամ հարցում ենք ուղարկել Ֆուտբոլի ֆեդերացիա՝ հասկանալու՝ մրցույթ եղել է, չի եղել, ինչպես է ընտրվել այդ կազմակերպությունը, բայց Ֆուտբոլի ֆեդերացիայից այդպես էլ պատասխան չենք ստացել: Նշում են, որ դա տեղի է ունեցել գնումների օրենքին համապատասխան, սակայն չեն նշում, թե ինչ ընթացակարգով: Ընթացակարգերը մի քանիսն են՝ բաց մրցույթ, փակ մրցույթ, մեկ անձով, մենք չենք կարող ենթադրել: Մի քանի հարցում ենք ուղարկել, բայց այդպես էլ Ֆուտբոլի ֆեդերացիայից չեն հստակեցրել», - հայտնեց Անի Գրիգորյանը:

«Ազատության» հետ զրույցում կուռուպցիայի հարցերով զբաղվող մասնագետները հայտնեցին, որ ընդունված է համարել, որ կա կուռուպցիոն մեծ ռիսկ, «երբ որևէ անձին պատկանող կամ նրա ղեկավարած մի կազմակերպություն նպաստ է բերում նրան պատկանող մեկ այլ կազմակերպության բարգավաճմանը»։

Լրատվամիջոցների նախկին՝ վերջին տարիների հրապարակումներից հայտնի է, որ ամեն մի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման համար ծախսվել է մի քանի միլիոն դոլար. Ավանի ֆուտբոլի ակադեմիան կառուցվել է 12 միլիոն դոլարով, Վանաձորի ակադեմիան՝ մոտ 2 միլիոն դոլարով և այլն։

«Հարց է առաջանում, թե ինչու հիմա չեն կարող բացվել այդ փաստաթղթերը, և հասկանանք, թե ինչպես է ընտրվել այդ ընկերությունը, ինչքան գումար են ծախսել, որտեղից են, որովհետև նշվում է, որ հիմնական աղբյուրները գումարի եղել են ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն, սակայն հնարավոր է, որ լինեն այլ աղբյուրներ ևս, և շատ կարևոր է, որ այդ փաստաթղթերն ուսումնասիրվեն», - նկատեց Անի Գրիգորյանը:

Նախկին հանրապետական պատգամավորը երեկվա հարցազրույցում պնդեց, որ ոչ թե եկամուտներ է ունեցել ֆեդերացիայի նախագահ լինելու շնորհիվ, այլ միայն գումարներ է կորցրել, քանի որ իր գրպանից ներդրումներ է արել օրինակ՝ հավաքականի ֆուտբոլիստներին պարգևատրելու կամ ժամանակ առ ժամանակ նրանց համար ավիատոմսեր գնելու համար։

«Դա իմ թերությունն եմ ես համարում կամ իմ սխալը, որ ես ինքս չեմ, ասենք, փոխառություն ձևակերպել, որ էսօր ֆեդերացիային գցեի կախման մեջ: Բանից պարզվում է՝ ես սխալ եմ արել», - շեշտեց Հայրապետյանը:

XS
SM
MD
LG