Մատչելիության հղումներ

Արմեն Բիլյանի մեղադրանքը փոխելու անհրաժեշտություն դատախազությունը չի տեսնում


Գլխավոր դատախազությունը չի պատրաստվում քննություն սկսել «Սասնա ծռերի» համախոհ Ալեք Ենիգոմշյանի աղմկահարույց հայտարարության շուրջ, ըստ որի, քննիչները սպանության մեղադրանք են առաջադրել դրա հետ բոլորովին կապ չունեցող մարդու, դատարանն էլ այն հաստատել է։

Խոսքը 2016-ին էրեբունու պարեկապահակային գնդի տարածքի գրավման ընթացքում հրազենային վիրավորումից մահացած ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի մասին է, նրա վրա կրակելու համար մեղավոր է ճանաչվել խմբի անդամներից Արմեն Բիլյանը։

Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ վերջինիս անմեղության մասին փաստեր չեն տեսել և համաձայն են դատարանի որոշման հետ։ «Այդտեղ նոր երևան եկած հանգամանք չկա՝ նոր վարույթ հարուցելու համար: Եթե կան անձինք, որոնք այլ՝ դատարանին կամ նախաքննական մարմնին անհայտ կոնկրետ ապացույցների են տիրապետում, ապա կան դրանք ներկայացնելու սահմանված ընթացակարգեր, ինչից կարող են օգտվել», - փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ալեք Ենիգոմշյանը, մինչդեռ, պնդում է՝ Բիլյանը կրակոցի ժամանակ եղել է գնդի հակառակ կողմում։ Ավելին, ըստ նրա, «Սասնա ծռերի» ղեկավարները գիտեն այս մասին, ոչինչ չեն անում՝ անարդարությունն ուղղելու համար, ու դրանով դառնում են՝ «իրավապահ» հանցագործ համակարգի հանցակիցները»:

«Այսօրվա իշխանությունների մասին ես կասեմ հետևյալը՝ դատախազությունը գործադիր իշխանություններից կախված մարմին է, այսինքն՝ գործադիր իշխանության մաս է կազմում, այլ ոչ՝ դատական իշխանության, և դատախազությունն է, որ այսօրվա իշխանությունների օրոք կեղծիքը շարունակում է։ Էդ առումով, այս տրամաբանությամբ, այո՛, ես մեղադրում եմ այսօրվա իշխանություններին», - ասաց Ենիգոմշյանը։

Ընդ որում, Ենիգոմշյանը միակը չէ, ով խոսում է Բիլյանի անմեղության մասին։ Դեռ 2018-ի հուլիսին դատարանում այս մասին հայտարարել էր գնդի գրավման մասնակից, զինված խմբի առանցքային անդամներից Պավլիկ Մանուկյանը։ Ավելին, նա անգամ այլ անուն էր հնչեցրել։

Պավլիկ Մանուկյան, արխիվ
Պավլիկ Մանուկյան, արխիվ

«Այս մեր արդարադատությունը ես չեմ ուզում անարդարության ճանապարհով դուրս գանք նորից ճանապարհ: Ես չեմ կարող տանել այդ կեղծիքը, մեր «Սասնա ծռերից» յուրաքանչյուրս նույնպես: Այդ պատահական կրակոցի հեղինակը իմ մարտական ընկեր, իմ ջերմ ընկեր Էդվարդ Գրիգորյանն է: Որի համար պատժվում է Արմեն Բիլյանը», - հայտարարել էր Պավլիկ Մանուկյանը։

Բիլյանը ևս, որն առաջին ատյանի կողմից նախ արդարացվեց, ապա վերաքննիչի որոշմամբ սպանության համար մեղավոր ճանաչվեց ու կալանավորվեց, արդեն մեկ ամսից ավելի է՝ ճշմարտությունը պարտակելու համար բանտից մեղադրանքներ է հնչեցնում իր նախկին թիմակիցներ, այժմ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամներ Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հասցեին։

Այն, որ Բիլյանը կրակոցի ժամանակ դեպքի վայրում չի եղել և զենք չի ունեցել, հաստատում է նաև «Սասնա ծռերի» առաջնորդներից Վարուժան Ավետիսյանը։ Վերջինս, սակայն, չի ընդունում մեղադրանքները, թե իրենք պարտակել են ճշմարտութունը։ Պնդում է, թե նախկին ընկերները հիմա իրենց դեմ են դուրս եկել քաղաքական ու գաղափարական որոշ տարաձայնությունների պատճառով։ Նույն հիմնավորումը բերեց նաև Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած «Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը։

«Մենք մեր ազգային արժանապատվության վերականգնման համար ենք բան անում, իսկ քաղաքական իմաստով հեռանալն ապագաղութացումից, բերում է մարդուն երևույթների գնահատականի քրեական դաշտ արդեն, և «Սասնա ծռերի» ապստամբությունն արդեն ոչ թե քաղաքական դաշտում քնարկում ես որպես ազատության համար պայքար, ոչ թե ապստամբություն, այլ քրեական հանցագործություն՝ զինված բանդայի, որտեղ պետք է էս՝ սենց անի, էն՝ նենց անի, և արդեն գալիս ենք էդ դաշտը, որտեղ «Բևեռը» չի մտնում, որտեղ «Բևեռը», հարգանքով վերաբերվելով մեր սիրելի Ալեքին, իր անցած ճանապարհին, այնուամենայնիվ քաղաքականապես միշտ ցույց ենք տվել, և կյանքն էլ է ցույց տվել, որ էն ճանապարհը, որը Ալեք Ենիգոմշյանը ներկայացնում էր, դատապարտված է, և էդ ճանապարհը դատապարտում է Հայաստանին», - ասաց Բաղդասարյանը։

Վերջինս ևս որևէ փաստ չի ներկայացնում, թե հենց Բիլյանն է մեղավոր ոստիկանի սպանության համար։ Խմբում բոլորովին այլ տեսանկյունից են մոտենում հարցին, թե՝ 2016-ին կատարվածն ընդհանրապես հանցագործություն չէր, և միևնույն է, իշխանափոխությունից հետո բոլորը պետք է արդարացվեն։ Իսկ մինչ այդ հարկ չեն համարում քննարկել՝ որքանով է արդար, որ սպանության պահին, իրենց իսկ խոսքով, դեպքի վայրում չեղած մարդը դատապարտվի 25 տարվա ազատազրկման։ Կտրականապես հրաժարվում են քննարկել նաև՝ եթե Բիլյանը չէ, ապա ո՞վ է կրակել ոստիկանի ուղղությամբ։

«Ազատության» հարցին՝ իրենք քննարկե՞լ են Էդվարդ Գրիգորյանի հնարավոր մեղսակցությունը, Բաղդասարյանը միայն պատասխանեց՝ «գաղութային դատախազական հարցեր չեն քննարկում»․ - «Էս գնահատականները՝ սա է խփել, նա է խփել, սա նստի, նա նստի, զավեշտ է»։ Բաղդասարյանն ափսոսում է, որ Ենիգոմշյանը հեռացել է իրենց շարժումից։

Ինքը՝ Ենիգոշմյանը չի հերքում՝ ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում չի ընդունում «Ազգային ժողովրդավարական բևեռի» ծայրահեղական մոտեցումները։

Շարժման երբեմնի համախոհը միաժամանակ, պնդում է՝ Բիլյանի մասին այս պատմությունը որոշել է բարձրաձայնել ոչ թե քաղաքական տարաձայնությունների պատճառով, այլ՝ արդարության ու բարոյականության հասնելու նպատակով։

Ենիգոմշյանը հիշեցնում է, թե ինչու առաջին ատյանի դատարանն արդարացրեց Բիլյանին՝ չկային ապացույցներ, նախաքննության սկզբում խմբի երեք անդամները և մեկ ոստիկան, որ ցուցմունք էին տվել Բիլյանի դեմ, դատարանում հրաժարվեցին դրանցից՝ հայտարարելով՝ Բիլյանը չի կրակել ոստիկան Մկրտչյանի վրա։

Չնայած կողմերի միջև շաբաթներ շարունակվող հրապարակային բանավեճին՝ դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ Արմեն Բիլյանին 25 տարով ազատազրկելու որոշումը մեղադրող կողմը չի բողոքարկելու։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG