Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» գործով դատավարությանը շարունակվում է տուժողների հարցաքննությունը


Այսօր ևս 3 տուժող ոստիկան հարցաքննվեց:

Ոստիկանության ծառայող Փայլակ Մնացականյանը պատմեց․ որ 2016-ի հուլիսի 29-ին հրազենային վնասվածք է ստացել, սակայն տեղյակ չէ, թե կրակողն ով էր: Այդուհանդերձ ենթադրում է, որ այն արձակվել է գրավված պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից։

«Գնդի մոտ հասնելու ժամանակ մեզ զգուշացվեց, որ կրակոցներ են տեղի ունենում ու պետք է զգույշ լինել։ Կրակոցի ձայն լսեցի գնդի կողմից ու ցավ զգացի որովայնի ու ոտքի հատվածում: Չդադարեցնելով վազքս, անցա այդ հատվածը և մնացած ոստիկաններից օգնություն խնդրեցի: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո կատարվեց վիրահատություն, և վիրահատությունից հետո պարզվեց, որ վնասվել ա հաստ աղիքս, որի միջից հանվել ա փամփուշտի գնդակը», - ասաց նա:

Փաստաբանի հարցին, թե ինչի հիման վրա է ենթադրել, որ կրակոցը եղել է գնդի տարածքից, վկան պատասխանեց․ - «Հիմիկվա իմ հիշողություններով, ձայնը լսվել ա էդ կողմից, ու հավանական տարբերակն է, որ կրակոցը գնդից պետք ա լիներ, որովհետև մյուս կողմում սեփական տան պարիսպն էր, որտեղից անհնարին էր կրակոց լիներ, որովհետև ես հենց պատի տակով էի քայլում: Իսկ մյուս կողմում կային ոստիկանության աշխատակիցներ, որոնք տվյալ պահին զինված չէին»:

Մեկ այլ տուժող՝ Մայիս Հովհաննիսյանը հայտարարեց, թե ինքը գույքային վնաս է կրել. այդ օրերին իրեն պատկանող մեքենան այրվել է, բայց թե ում գործողությունների հետևանքով, ինքը տեղյակ չէ։ Հովհաննիսյանը պահանջում է դրամական փոխհատուցում։

Դեպքի ժամանակ ՊՊԾ գնդի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հրաչ Հայրապետյանը հայտարարեց, որ գնդի գրավման օրերին անհետացել է «02» շաբաթաթերթին պատկանող 336 հազար դրամ, կորցրել է իր ատրճանակը, որը հետագայում գտնվել է գնդի տարածքից։

Զինված խմբի անդամներից սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն այսօր հայտարարեց, որ հանրային պաշտպաններն իրենց գործառույթները պատշաճ չեն կատարում, ուստի ինքը հրաժարվում է հանրային պաշտպանից․ - «Ես չեմ կարողանում էդ պաշտպանների հետ աշխատել, էդ պաշտպանները իմ մոտ չեն գալիս, իմ կարծիքը չեն հարցնում: Ուղղակի գալիս են ներկա են ստանում, գնում են»:

Դատավոր Մեսրոպ Մակյանը նկատեց, որ բացի Զարուհի Փոստանջյանից, այս գործով մյուս տասնյակ վճարովի պաշտպաններից որևէ մեկը գործի քննությանը չի ներկայանում, հետևաբար դատարանն արդարացված է համարում հանրային պաշտպանների ներկայությունը։

Այսօրվա նիստին «Սասնա ծռերի» առանցքային անդամներից Վարուժան Ավետիսյանը հարց ուղղեց Հրաչ Հայրապետյանին․ - «Դուք բարոյահոգեբանական վիճակի և կարգապահության պատասխանատուն եք եղել, Ձեզ հայտնի՞ է եղել, որ Ձեր զորամասում եղել են տարբեր կրիչների վրա, տարբեր ձևերով արտահայտված պոռնկագրական նյութեր, թրաֆիքինգի համար կանանց ցուցակ, կազակական կազմակերպությունների անդամակցության վկայականներ և ապօրինի զենք-զինամթերք»:

ՊՊԾ գնդի հրամանատարի անձնակազմի գծով նախկին տեղակալը պատասխանեց․ - «Միանշանակ ոչ»:

2016 թվականի հուլիսի 17-ին, «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել ու շուրջ երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG