Կբեկանվի արդյոք «Սասնա ծռեր» զինված խմբի 9 անդամներին մեղավոր ճանաչելու և ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի դատարանի վճիռը, թե կմնա անփոփոխ, պարզ կլինի դեկտեմբերի 10-ին:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր ավարտեց 2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը շուրջ երկու շաբաթով գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների բողոքի քննությունը, որով ամբաստանյալները դատարանից պահանջում են կա՛մ արդարացնել իրենց, կա՛մ էլ գործը առաջին ատյան ուղարկել՝ նոր քննության։
Փետրվարին առաջին ատյանի դատարանը «Սասնա ծռերի» 9 առանցքային անդամներին մեղավոր ճանաչեց մի շարք հոդվածներով, այդ թվում` շենքեր-շինություններ զավթելու համար, նրանք դատապարտվել են 6-ից 8 տարվա ազատազրկման։ Ամենածանր վճիռը կայացվել է Սմբատ Բարսեղյանի նկատմամբ, նա 25 տարվա կալանքի է դատապարտվել՝ երկու ոստիկանների՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մահվան համար։ Բարսեղյանից զատ, մյուս բոլոր ամբաստանյալներն այժմ ազատության մեջ են, քանի դեռ չի ավարտվել բողոքների քննությունը։
Մինչ վճռի հրապարակումը Վերաքննիչն այսօր մի քանի միջնորդություններ քննեց. մերժեց 7 տարվա ազատազրկման դատապարտված Վարուժան Ավետիսյանին բուժման նպատակով արտերկիր մեկնելու թույլտվությունը:
«Սասնա ծռերի» աջակիցների զայրացած արձագանքը չուշացավ, զոհված ոստիկաններից մեկի կինն արձագանքեց, վեճ ծագեց:
Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել նաև մեղադրող կողմը: Դատախազությունը պահանջում է 25 տարով կալանավորված Սմբատ Բարսեղյանի պատիժը խստացնել՝ դատապարտելով ցմահ ազատազրկման դատապարտել։
Մյուս բողոքն էլ վերաբերում է երրորդ ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքներին։ Նրա սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն առաջին ատյանում արդարացվել էր՝ բավարար ապացույցների բացակայության հիմքով։ Այժմ դատախազությունը պահանջում է վերանայել այդ որոշումը։ Դատարանը բոլոր այս բողոքների վերաբերյալ վճիռը կհրապարակի երեք օրից։