Մատչելիության հղումներ

Ըստ Փոստանջյանի` իր պաշտպանյալներ Բիլյանն և Պավլիկ Մանուկյանը հանուն Արցախի էին գրավել ՊՊԾ գունդը


2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատավարությունը մոտեցել է ավարտին, այսօր պաշտպանական ճառերով հանդես եկան ամբաստանյալները։ Խմբի առանցքային անդամներից միայն Վարուժան Ավետիսյանը դեռ հանդես չի եկել ճառով։ Նրա փաստաբան Տիգրան Եգորյանը բժշկական փաստաթղթեր էր ուղարկել դատարան՝ խնդրելով Ավետիսյանի ճառը հետաձգել երկու շաբաթով։ Դատավոր Մեսրոպ Մակյանը համաձայնեց՝ այս մասին հայտնելով մյուս ամբաստանյալներին։

Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանին դուր չեկավ դատավորի այս որոշումը. «Ինձ համար արդեն ի սկզբանե պարզ էր, որ հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու 17-ին, խնդիր չի լինի»:

«Ես առաջարկում եմ մեկ շաբաթով հետաձգենք, չի բացառվում, որ Ավետիսյանը գա, եթե կգա, հավաքվելու խնդիր ունենք», - ասաց դատավորը:

«Չի գալու... մեսիջը, որն ուղղված էր, նամակի մեջ արդեն ես թե քաղաքական, թե մտքի բովանդակությունը, թե ձեռագիրն, ինչպես Դուք եք ասում, ինձ պարզ է, ես հստակ եմ ասում այսօր, ու Դուք ինքներդ կհամոզվեք, որ 17-ից շուտ դատարան չեն գալու», - արձագանքեց Բիլյանը:

4.5 տարի առաջ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ դուրս եկած զինված խմբի անդամները ոստիկանության Երևանի պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքը գրաված պահեցին երկու շաբաթ, նրանց գործողությունների ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Խմբի անդամներից և ոչ ոք մեղադրանքը չի ընդունում, այդ թվում և ոստիկանների մահվան համար մեղադրվող, կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Իր պաշտպանական ճառում Բարսեղյանը կրկին պնդեց՝ անմեղ է, իսկ իր մեղադրանքը՝ շինծու. «Մեղադրող դատախազը ճառով հանդես գալու ժամանակ ասում է, որ ես ծառայությանս ընթացքում լավ ծառայող եմ եղել և եղել եմ լավ դիպուկահարիստ, հետևաբար Յուրի Տեփանոսյանին ես եմ սպանել»:

Օգոստոսին մեղադրող դատախազներն իրենց մեղադրական ճառում դատարանին առաջարկել էին զինված խմբի անդամներին դատապարտել 8 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանի համար դատախազները ցմահ ազատազրկում են պահանջում։ Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանի համար՝ 21 տարի։

Զինված խմբի բոլոր անդամները, բացի սպանության համար մեղադրվողներից, պատգամավորների երաշխավորությամբ կալանքից ազատ արձակվեցին 2018-ին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Նրանք շարունակում են հայտարարել՝ ապստամբություն են արել։ Ավելին՝ պնդում են՝ իրենք չեն սպանել ոստիկաններ Գագիկ Մկրտչյանին ու Յուրի Տեփանոսյանին։ Ինչ վերաբերում է գնդապետ Արթուր Վանոյանին, ապա ըստ նրանց` նրա մահը փոխհրաձգության հետևանք էր։

Արմեն Բիլյանի և Պավլիկ Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն այսօր հայտարարեց՝ իր պաշտպանյալները ՊՊԾ գունդը գրավել էին հանուն Արցախի. «Ինքն ընդհանրապես կապ չունի Գագիկ Մկրտչյանին պատճառված հրազենային վնասվածքի հետ, նույնն էլ Պավլիկ Մանուկյանը: Նա մուտք է գործել ՊՊԾ գունդ` ոչ թե ոստիկանության աշխատակից պատանդ վերցնելու կամ ապօրինի զենք կրելու, կամ շինություն զավթելու, կամ բժիշկներին պատանդ վերցնելու, այլ նա մուտք է գործել ՊՊԾ գունդ, որպեսզի պաշտպանի Արցախը: Իմ պաշտպանյալների միակ նպատակը դա է եղել»:

Փաստաբաններն այսօր միջնորդեցին դատարան որպես վկա կանչել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ՊՊԾ-ի գրավման օրերին որպես ընդդիմության ներկայացուցիչ մասնակցել էր մի քանի բողոքի ակցիայի և ըստ Զարուհի Փոստանջյանի` տեղեկություններ ունի ապստամբության պատճառների և ոստիկան Գագիկ Մկրտչյանի հրազենային վիրավորման մասին։ Դատավորը, սակայն, մերժեց միջնորդությունը։

Այսօր իրենց պաշտպանական ճառերում ամբաստանյալները մեկը մյուսի հետևից խոսում էին ապստամբության իրավունքի մասին, քննարկում հայաստանյան ներքաղաքական վիճակն ու Արցախի հարցը։ Մասնագետների շրջանում ապստամբության իրավունքի մասին հակասական կարծիքներ կան։ Մի մասը կարծում է, որ այն մարդու իրավունքների շարքին է դասվում, մյուս մասն էլ պնդում է՝ Եվրոպայի խորհրդի և ոչ մի անդամ պետության ներպետական իրավունքում կամ էլ միջազգային փաստաթղթերում ապստամբության իրավունք հասկացությունը, այնպես ինչպես, օրինակ, արտահայտվելու ազատության կամ հավաքների իրավունքը չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG