Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյան․ Համբերության բաժակը լցվել է


«Համբերության բաժակը լցվել է և, եթե Սասնա Ծուռ ապստամբներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը», - այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Սերժ Սարգսյանի նախագահության օրոք՝ 2016 թվականի հունիսին բանտում հայտնված և թավշա հեղափոխությունից հետո՝ անցած տարվա ամռանը ազատ արձակված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը նշել է․ - «Սասնա Ծուռ ապստամբներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը հեղափոխությունից տասը ամիս անց դեռևս բանտում են: Նրանք հեղափոխության նախակարապետներն են, իրենց կյանքը զոհասեղանին են դրել, ապստամբել են պետությունը զավթած ազգադավ ու ցեղասպան ռեժիմի դեմ, մինչդեռ նրանց շարունակում են դատել այդ նույն ռեժիմի օրենքներով, նրա դատախազների ու քննիչների սարքած մեղադրանքով և նրա դատարանում: Առնվազն տարակուսելի է, որ հեղափոխությամբ պետության ղեկը ստանձնած իշխանությունը, որ իրավամբ շահագրգիռ է Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու գործում, իր բոլոր քայլերով, այդ թվում՝ ծուղակ հիշեցնող անհեթեթ համաներման ակտով, համառորեն մերժում է Մարտի 1 արած ռեժիմի դեմ ապստամբության իրավունքը, իսկ ապստամբներին հանձնում է նրա ծառաների դատաստանին: Առնվազն հնարավոր էր, թեկուզ միայն Մարտի 1-ի գործի քննության աղաղակող կեղծիքները հաշվի առնելով, չվստահել Սասնա Ծռերի գործի քննությանը, ապստամբներին ազատ արձակել և զուգահեռաբար քննել ինչպես այդ գործը, այնպես էլ դրա քննության ընթացքում կատարված կեղծիքների գործը: Լռելու և ապստամբերի նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակը սպառվել է»:

Ժիրայր Սեֆիլյանը այսօր չցանկացավ խոսել «Ազատության» հետ՝ պատճառաբանելով զբաղվածությունը:

«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանն «Ազատության» հարցին, թե արդյոք սա վերջնագիր է իշխանություններին, արձագանքեց․ - «Սպասել ենք համբերատարորեն, որ համապատասխան եզրակացություններ կատարվեն, և հեղափոխությունը հեղափոխության նման արվի: Սակայն հատկապես իրավապահ մարմինների գործունեության ուղղությամբ, դատական համակարգի գործունեության ուղղությամբ կարելի է ասել սայլը տեղից չի շարժվում: Բացի Սերժ Սարգսյանի ժամանակվա բացահայտ բռնություններից, մնացածը մնացել է նույնը, և նույն պաշտոնյաների վերանշանակումներ են կատարվում, մնում են իրենց տեղում, նույն մշակույթն է, նույն հոգեբանությունը, նույն վիճակը․․․ Կամ սա է, կամ նա է․․․ Եվ սա, եթե կուզեք, սթափվելու կոշտ հորդոր է»:

Հարցին, թե արդյոք իշխանությունների մերժման դեպքում ապստամբության դրոշ են բարձրացնելու, Ավետիսյանն արձագանքեց․ - «Մենք դեռևս բանտից ասել ենք, որ ընդհանրապես զենքի էջը փակված է: Նա բացառիկ իրավիճակ էր, բացառիկ ծայրահեղ պայմաններ էին, և բնականաբար եղավ այդ ծայրահեղ, բայց խիստ անհրաժեշտ դրսևորումը ապստամբության բնական իրավունքի շրջանակներում: Սա լրիվ ուրիշ վիճակ էր: Այսպիսի մոտեցումը, այսպիսի հարցադրումները դնում են Փաշինյանի իշխանությունը և Սերժ Սարգսյանի գլխավորած հանցավոր ռեժիմը նույն ենթագիտակցական հարթության մեջ: Այդ պատճառով անընդունելի է նման մոտեցումը: Բնականաբար դրա մասին չէ խոսքը: Խոսքը իրավունքի շրջանակներում քաղաքացիների ակցիաների, բողոքի գործողությունների և այլ քայլերի մասին է»:

Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա հայտարարությանը՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Սեֆիլյանի հայտարարության իրական նպատակը «Սասնա ծռերի» շուրջ հանրության ուշադրության սևեռումն է․ - «Ապստամբելու այդ գործընթացը թույլատրելի է մենակ էն դեպքում, երբ որ պետությունը գնում ա դեպի բռնության: Երբ որ պետությունը գնում ա բռնության, ժողովուրդը այլընտրանք չունի, քան ապստամբելու՝ բռնությանը կանխարգելելու համար: Իսկ ինչ վերաբերում ա նրան, որ խափանման միջոցը չեն փոխում, ուրեմն պիտի գնան բռնության, նման իրավական ընթացակարգ, քաղաքական նաև ընթացակարգ ես չեմ տեսնում»:

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության՝ Երևանում տեղակայված գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվեց երեք ոստիկան: Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը: 31 հոգանոց զինված խմբից այսօր միայն Բարսեղյանն ու Բիլյանն են անազատության մեջ:

Անցած տարվա նոյեմբերին ընդունված «Համաներման մասին» օրենքի համաձայն, քրեական հետապնդումից կազատվեն «Սասնա ծռեր» զինված խմբի բոլոր այն անդամները, որոնց գործողություններն անմիջականորեն չեն հանգեցրել մարդու մահվան։ Համաներումը նաև չի տարածվի, եթե «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից պատանդառված կամ բռնության ենթարկված անձանցից առնվազն մեկը առարկի համաներման կիրառման դեմ:

ՊՊԾ գնդի գրավման գործով 21 անձ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածովի 3-րդ մասով՝ պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Նրանց մեջ են «Սասնա ծռեր» զինված խմբի առանցքային անդամներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Սերգեյ և Արեգ Կյուրեղյանները, Վարդան Գերավետյանը և այլք:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երեք օր առաջ «Ազատությանը» պարզաբանել էր, որ այս անձանց նկատմամբ համաներումը չի տարածվի, քանի որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը դատարանի դահլիճում արդեն իսկ հայտարարել են, որ դեմ են, որպեսզի այդ անձանց վրա տարածվի համաներումը:

«Ազատության» խնդրանքով արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը՝ Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից այսօր նշեցին․ - «Դատական քննության փուլում գտնվող գործի վերաբերյալ գործադիր իշխանությունը, այդ թվում՝ Արդարադատության նախարարությունը, որևէ մեկնաբանություն անելու իրավասություն չունի: Ավելին՝ ցանկացած միջամտություն քրեորեն պատժելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG