Մատչելիության հղումներ

«Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը վիժեցրեց Արցախն ու պետականությունը հանձնելու գործընթացը․ Ավետիսյան


«Սասնա ծռերի» հուլիսյան ապստամբությունը կանխեց աղետը, վիժեցրեց Արցախը և պետականությունը հանձնելու գործընթացը և առաջացրեց կառավարման անհաղթահարելի ճգնաժամ, դրանով իսկ սպառելով ժողովրդի դեմ ռեժիմի զինված բռնության ներուժը, ինչի շնորհիվ 2018 թվականին հնարավոր դարձավ խաղաղ անհնազանդությամբ վերջապես հեռացնել նրան», - «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը այս հայտարարությամբ սկսեց ասուլիսը:

Երեք տարի առաջ հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը զինված գրաված խմբում էր նաև Վարուժան Ավետիսյանը:

«Գործող իշխանությունից պահանջում ենք վերջ տալ երկակի ստանդարտներին, դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմի սկսած հաշվեհարդարն ու հալածանքը և ազատել ռազմագերիներ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին», - նշեց Ավետիսյանը։

2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր»-ը գրավել և շուրջ երկու շաբաթ վերահսկողության տակ էին պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը՝ պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և Սերժ Սարգսյանի հրաժարականը: Պատանդառել էին Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Գրավման հետևանքով զոհվեց երեք ոստիկան՝ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյան, ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օրեր անց էլ՝ դիպուկահարի կրակոցից Յուրի Տեփանոսյանը: «Սասնա ծռեր»-ի դատավարությունը շարունակվում է, սպանության մեղադրանքով կալանավորված են Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Մյուսների խափանման միջոցը փոխվեց թավշյա հեղափոխությունից հետո:

«Սասնա ծռեր» խմբավորումը չէր գնացել մարդ սպանելու, բոլորի համար դա ակնհայտ է։ Եթե մենք ուզենաինք մարդ սպանել, տասնյակներով կարող էինք մարդ սպանել, եթե ոչ հարյուրով։ Նպատակ չի եղել որևէ մեկին սպանելու և որևէ մեկի վրա կրակոց չի արձակվել, առավել ևս սպանելու նպատակով։ Ինչ որ եղել է, եղել է ինքնապաշտպանության նպատակով, և մեկ զոհ է եղել հենց ինքնապաշտպանության նպատակով։ Երկու զոհը տեղի է ունեցել հենց ռեժիմի ձեռքով», - ասաց Վարուժան Ավետիսյանը։

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանն էլ նշեց, թե զինված հակամարտության ժամանակ զոհերն անխուսափելի են։ - «Ես ձեզ հիշեցնում եմ, որ ֆրանսիական հեղափոխության ժամանակ եղել են 100 հազարավոր զոհեր, Կուբայի հեղափոխության ժամանակ եղել են տասնյակ հազարավոր զոհեր։ Այո, զինյալ հակամարտությունների ժամանակ լինում են զոհեր և վիրավորներ», - ասաց Սաֆարյանը։

Կուսակցությունը պահանջում է օրինականացնել զինված ապստամբության իրավունքը: Ըստ Վարուժան Ավետիսյանի, իրավական պետության հիմնական երաշխիքը զինված ապստամբության իրավունքի արձանագրումն է: Եթե խաղաղ անհնազանդությամբ էլ է հնարավոր հասնել իշխանափոխության, ինչո՞ւ են շարունակում պաշտպանել զինված ապստամբության ճանապարհը, հետաքրքրվեցինք Վարուժան Ավետիսյանից:

«Բռնապետության փոխարեն կայուն ժողովրդավարություն հաստատելու նպատակ ունեցող ազգը պետք է ինքն իր համար վերջնականապես ամրագրի այդ իրավունքը իր հիմնարար փաստաթղթերում։ Մենք դեռևս բանտից ենք ասել, որ զենքի էջը մեզ համար ընդմիշտ փակված է, արդեն ներկայացրեցինք, որ այն ժամանակ ծայրահեղ անհրաժեշտության վիճակ էր և աղետը կանխելու խնդիր կար», - պատասխանեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG