Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի առանցքային անդամների վրա համաներումը չի տարածվի


Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի պարզաբանմամբ՝ 2016-ի ամռանը Ոստիկանության պարեկապահակետային գունդը (ՊՊԾ) գունդը գրաված այն անձանց վրա, ովքեր նաև մեղադրվում են պատանդ պահելու և բռնությունների մեջ, համաներումը չի կիրառվի՝ եթե պատանդառված կամ բռնության ենթարկված անձինք առարկում են դրա դեմ:

«Եթե ֆիզիկական բռնության ենթարկվածը կամ պատանդառուն բողոքարկում է, ապա դրա մեջ մեղադրվող անձի նկատմամբ չի տարածվում: Նրանք, ովքեր դրանում մեղավոր չեն, ովքեր կարդարացվեն դրանով, կամ նրանց մեղադրանք չի առաջադրվել, եթե սահմանափակում չկա, համաներումը կկիրառվի: Եթե մեղադրվում է և կա բողոք՝ չի տարածվում», - լրագրողների հետ զրույցում ասաց Զեյնալյանը:

Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով 21 անձ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածովի 3-րդ մասով՝ պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Նրանց մեջ են «Սասնա ծռեր» զինված խմբի առանցքային անդամները՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Սերգեյ և Արեգ Կյուրեղյանները, Վարդան Գերավետյանը և այլք:

Համաձայն Արդարադատության նախարարի պարզաբանման, այս անձանց վրա համաներումը չի տարածվի, քանի որ արդեն իսկ առկա է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի առարկությունը: Վերջիններս դատարանի դահլիճում հայտարարեցին, որ դեմ են, որպեսզի այդ անձանց վրա տարածվի համաներումը: Ինչպես Վալերի Օսիպյանն էր շեշտել՝ ինքն ընկերներ է կորցրել։

Արդարադատության նախարարը ընդգծեց, որ մեկ առարկումն էլ բավարար է, որպեսզի համաներումը չտարածվի:

«Սասնա ծռերի» գործով պաշտպանություն իրականցնող փաստաբաններից Արայիկ Պապիկյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում անընդունելի համարեց «Համաներման մասին» օրենքի այն ձևակերպումները, որոնք, նրա կարծիքով, հնարավորություն տվեցին, որպեսզի առանձին անձանց, տվյալ դեպում ոստիկանապետ Վալերի Օսպիյանի ցանկությամբ համաներումը չտարածվի նաև խմբի այն անդամների վրա, որոնք չեն մեղադրվում սպանությունների մեջ:

Ըստ փաստաբանի, իրավական այդ ձևակերպումը անհեթեթություն է, և դա նաև շատ լավ գիտակցում է Արդարադատության նախարարը․ - «Պարոն Վալերի Օսիպյանը, ինչ-որ անձնական շահագրգռվածությունից ելնելով, կարող է խոչընդոտել օրենքի կիրառմանը, և պետականակերպ մտածելակերպ ունենալու դեպքում ինքը բոլորովին այլ վարքագիծ պետք է դրսևորեր»:

Նա միանշանակ անընդունելի որակեց համաներման տարածումը տուժածների հայեցողությանը թողնելը․ - «Համաներման մասին ակտը հստակ սահմանում էր, որ զոհված ոստիկանների դեպքում մեղադրվող անձանց նկատմամբ չի տարածվելու: Այստեղ որևէ մեկի կարծիքը հարցնելու կարիքը չկար: Մնացածի մասով համաներումը ուղղակի պիտի չպայմանավորվեր «այո» կամ «ոչ»-ով: Դա կլինի Օսիպյանը, կլինի Եղիազարյանը, թե որևէ այլ անձ: Որևէ այլ անձ չի կարող Հայաստանում օրենքի կիրառմանը տալ իր համաձայնությունը: Անհեթեթություն է»:

Արայիկ Պապիկյանը փոխանցմամբ՝ ոչ միայն 21 անձի, այլ ավելի մեծ թվով մարդկանց վրա համաներումը չի տարածվելու, քանի որ մայր գործի քննությունը շարունակվում է, և կան այլ մեղադրյալներ ևս, որոնց մասով Հատուկ քննչական ծառայությունը գործը դատարան դեռևս չի ուղարկվել:

Պապիկյանը հիշեցնում է, որ, ըստ նախաքննական մարմնի նախնական հայտարարության ՊՊԾ-ի գգործով մեղադրյալների թիվը շուրջ 60 է, դատարան է ուղարկվել մոտ 30-ի գործը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG