22:10
Հայաստանը հստակ արձանագրել է, որ ՀԱՊԿ ուժերը չեն կարող ներգրավված լինել ինչ-որ ներքաղաքական գործընթացներում, այլ կարող են զբաղվել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությամբ, անդրադառնալով ղազախական
իրադարձություններին ու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի այնտեղ մեկնելուն` ասաց Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի զինուժը Ղազախստանում զբաղվել է հացի գործարանի պաշտպանությամբ, և չեմ կարծում, որ դրա մեջ որևէ դատապարտելի բան կա: Հացի գործարանի պահպանությունը որևէ ձևով չի ազդում ներքաղաքական գործընթացի վրա»,- ասաց վարչապետը:
21:56
Մենք պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակի ուղղությամբ, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա ներկայացմամբ` դա նույնը չէ, ինչ պայմանագրային ծառայողներով համալրված բանակը։
«Մենք ամենօրյա ռեժիմով պետք է գնանք և հնարավորինս շուտ հասնենք դրան։ ՀՀ-ն հստակ արձանագրում է, որ մենք Զինված ուժերի առաջ խնդիր չենք դնելու տարածքներ նվաճելու, այլ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պահպանելը և պաշտպանելն է մեր Զինված ուժերի խնդիրը»,- հայտարարեց նա:
21:23
«Ազատության» հարցադրմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ՌԴ բանակցությունների ընթացքին, ի՞նչ տպավորություն է ստացել այդ զրույցից, հնարավո՞ր է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամն ընթանա առճակատման սցենարով, և այդ դեպքում հնարավո՞ր է ՀԱՊԿ-ի, այդ թվում` Հայաստանի ներգրավումը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բնականաբար, այդ իրավիճակը հուզում է նաև ՀՀ-ին. «Այդ պատճառով մենք մեր մտահոգությունները կիսում ենք մեր միջազգային գործընկերների հետ, ընդ որում մտահոգությունները կիսում ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հետ, նաև արևմտյան մեր գործընկերների հետ ենք կիսում: Բնականաբար, մենք շահագրգռված ենք, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա Ուկրաինայում: Ցանկացած իրավիճակում մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերին համապատասխան:
Հայաստանի դիրքորոշումն այն է, որ հարցերը լուծվեն դիվանագիտական եղանակով, մեր ազդեցության լծակները շատ սահմանափակ են»:
20:50
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել: Հայաստանի վարչապետից լրատվամիջոցները հետաքրքրվել էին` կընդունի՞ հայկական կողմն այս հրավերը:
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ֆորմատ է ձևավորվել, և արդեն իսկ տեղի է ունեցել առաջին հանդիպումը ներկայացուցիչների: Ես կարծում եմ, որ եթե այս դինամիկան պահպանվի, շատ մեծ է հավանականությունը, որ ՀՀ-ն այդ ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի: Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց համենայն դեպս առաջին հանդիպումից հետո մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը», - պատասխանեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, նա շեշտեց, որ իրենց դիրքորոշումն արտահայտել են Կառավարության ծրագրում` ավելացնելով, թե Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել:
«Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները», - ասաց նա:
20:44
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկման մասին Հայաստանի ղեկավարն ասաց, որ նախնական գնահատականով` 205 միլիոն դոլարի ներդրման մասին է, և ՀՀ-ի համար դա շատ ծանր ու մեծ բեռ չէ. «Այսինքն` սա այն պարագան չէ, որ կարող է ֆինանսական խնդիր առաջացնել: Գործնականում համաձայնել ենք, երբ մեզ հաջողվի այդ համաձայնությունը թղթի վրա արձանագրել, գործնականում այդ երկաթուղու կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են»:
20:29
Հարցին` սահմանազատման ու սահմանագծման գործընթացի վերաբերյալ Երևանն ինչ առաջարկներ է ներկայացրել Բաքվին, վարչապետը նախ արձագանքեց, որ այդ առաջարկը փոխանցել են և՛ ռուս գործընկերներին, և՛ Ադրբեջանին` ուղիղ. «Եվ որ այդպիսի առաջարկներ լինելու են, ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի նախագահին Բրյուսելում մեր ունեցած հանդիպման ընթացքում:
Առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա: Դրանք այն առաջարկների մասին են, որոնց մասին ես խոսել եմ դեռևս մայիսին` հայելային ետքաշման առաջարկը»:
Նա շեշտեց` հայկական կողմը չի փորձել փաստաթուղթ ձևավորել, որն արտահայտում է զուտ Հայաստանի տեսակետը. «Հիմա քննարկումները շարունակվում են, և մենք չենք ուզում շատ դետալներ բացահայտելով խաթարենք աշխատանքային քննարկումը: Մենք կարծում ենք, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է օր առաջ ձևավորվի, և դա շատ կարևոր է, ինչքան շուտ, այնքան ավելի լավ»:
20:15
Այն փաստը, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, ամենևին էլ փաստ չէ, որ դա կպսակվի սահմանադրական փոփոխություններով, ասաց վարչապետը` հավելելով, որ խնդիր կա աուդիտի ենթարկել գործող Սահմանադրությունը, հասկանալ` ինչ լավարկման տեղեր կա:
«Իմ համոզմունքն է, որ կառավարման համակարգը չպետք է փոխվի», - նկատեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, քանի որ թեման կա, պետք է դա քննարկվի և ոչ անձնական տեսակետների տիրույթում:
20:04
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի պաշտոնից հրաժարական տալու Արմեն Սարգսյանի որոշման հայտարարության հրապարակայնացումից մոտավորապես երեքուկես ժամ առաջ է տեղեկացել այս մասին:
«Նա հրապարակումից 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ, ու մենք խոսել ենք այդ մասին: Ես հանրապետության նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինքն ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշում: Որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշում», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այնուամենայնիվ, Սահմանադրության հետ կապված նախագահի դիրքորոշումները հայտնի են եղել, հայտնի են: Ես այդ հրաժարականն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել, թե դրդապապատճառները բավարար են, թե ոչ։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում, թե այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա է կայացնում», - հավելեց նա:
Ըստ վարչապետի` նախագահի թեկնածուի հարցը իր քաղաքական թիմի հետ դեռ չեն քննարկել, միաժամանակ նշեց` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է, որ պետք է ընտրի ՀՀ նախագահ. «Կարծում եմ` մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ հանրապետության նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն»:
Hetq.am-ի՝ «Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել» հոդվածի մասին խոսելով` Փաշինյանն ասաց` քիչ հավանական է համարում, որ ընտրվելու պահին Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի։