Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳՆ․ Այսօր գերակայությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման մեկնարկն է, ապաշրջափակումը


«Այսօր գերակայությունը հայ֊ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկն է, ինչպես նաև` տարածաշրջանի տրասպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը` պատասխանելով հարցին, թե որն է լինելու 2022֊ին Մոսկվայի համար առաջնային խնդիրը:

«Այս ուղղություններով առաջընթացը հնարավորություն կտա էական բարելավում արձանագրել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նախարարությունը կրկին ընդգծել է՝ ռուսական կողմը հիմնվում է այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև` Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում:

Պաշտոնական Երևանը վերջերս գրավոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ ու սպասում է նույնպես գրավոր պատասխանի։

Ադրբեջանի արտգործնախարարն օրերս հայտարարել է, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները, և իրենք հանդես են գալիս անհապաղ ու առանց նախապայմանների սահմանազատման օգտին, ինչին Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքեց, որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի՝ խոսքը պայմանավորվածությունների մասին է։

XS
SM
MD
LG