Մատչելիության հղումներ

Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ԱԺ է ներկայացրել հրաժարականի դիմումը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն ընտրվելուց գրեթե չորս տարի անց հրաժարական է ներկայացրել՝ երեկ երեկոյան տարածած հայտարարությամբ մի կողմից շեշտելով, որ համազգային ճգնաժամի մեջ ենք, մյուս կողմից նշելով՝ «նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:

«Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին: Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից»,- նշում է Արմեն Սարգսյանը։

Հիշեցնելով, որ նախագահի պաշտոնում Ազգային ժողովի կողմից ընտրվելուց կարճ ժամանակ անց տեղի ունեցան 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունները, որոնք այլևս չի կոչում «թավշյա հեղափոխություն», Արմեն Սարգսյանը հարց է բարձրացնում՝ «Ինչո՞ւ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ինչո՞ւ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները»:

Նշելով, թե ուրախ է, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով՝ Արմեն Սարգսյանը ընդգծում է. - «Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը»:

Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին Արմեն Սարգսյանը հրապարակավ խոսեց շաբաթներ առաջ՝ Ամանորյա իր ուղերձի ժամանակ։ «Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը: Հետևաբար, անհրաժեշտ է բացել Հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար: Իսկ դրա համար նախ պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները, մեր ողջ ժողովուրդը կարողանան ազատորեն մաս կազմել և ծառայել Հայրենիքին: Սահմանադրության փոփոխությունը կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը, պետական կառույցների հավասարակշռմանը, ավելի ճկուն ու փոխկապակցված, ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը», - հայտարարեց նախագահը։

Երկուշաբթի առավոտյան Արմեն Սարգսյանն արդեն Ազգային ժողով է ներկայացրել հրաժարականի դիմումը։

Հանրապետության նախագահի հրաժարականին իշխող քաղաքական ուժը դեռ չի արձագանքել։ Երեկոյան սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը, չի բացառվում, որ կառավարության ղեկավարը կանդրադառնա այս հարցին։

Ընդդիմությունից այս պահին հայտնի է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքը։ «Հայաստանի գլխին կախված ամպերից նոր ուժեղ շանթ է գալու մեր գլխին արտաքին աշխարհից, որի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել։ Այս քայլով նա ճանապարհը է՛լ ավելի է մաքրում Նիկոլի համար՝ երկրում իշխանությունն իր ձեռքերում ամբողջությամբ կոնսոլիդացնելու համար, այդ թվում՝ կեղծ օրակարգ հանդիսացող սահմանադրական փոփոխություններով», - Ֆեյսբուքի իր էջում գրել է կրթության նախկին նախարարը։

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից 7 տարի ժամկետով: Նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը երկրի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG